Փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը, որը վարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչները:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Էդուարդ Աղաջանյանը խոսել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման մասին:
Անդրադառնալով աշխատանքային հանդիպման նպատակներին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է միջազգային քաղաքականության եւ անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգումը, փոխադարձ աջակցությունը, ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցող պետությունների շահերն ու պարտավորությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում առանձնացրել է նաեւ ԵԱՀԿ միջազգային ձեւաչափում ՀԱՊԿ անդամ երկրների համար համագործակցային հավասար հարաբերությունների հաստատմանը նպաստելու, միասնական կառուցողական դիրքորոշման մշակման եւ ԵԱՀԿ ԽՎ նիստերի որոշ հարցերի վերաբերյալ հնարավոր հավաքական որոշումների կարեւորությունը:
Կարդացեք նաև
Նշվել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ հանդիպումների անցկացման պրակտիկան հաստատվել է դեռեւս 2009թ.:
Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` քանի որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանների ձեւաչափը չի նախատեսում բանաձեւերի քվեարկություն կամ որեւէ զեկույցի ընդունում, այսօրվա հանդիպմանը կներկայացվեն ընդհանուր տեսակետներ, ինչպես նաեւ կհամադրվեն կողմերի դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդրահարույց հարցերի շուրջ:
Նշվել է, որ այս հանդիպման, ձմեռային նստաշրջանում պատվիրակությունների աշխատանքի եւ դրա արդյունքների մասին տեղեկատվությունը ներառվելու է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում: Նիստը նախատեսվում է անցկացնել 2022թ. մարտի 11-ին` Երեւանում:
Միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների գործունեության համակարգման մասին ելույթում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը խոսել է խորհրդարանական դիվանագիտության ճկուն մեխանիզմների գործածման արդյունավետության մասին: Կարեւորվել է միջազգային տարբեր կառույցներում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների համակարգված եւ փոխհամաձայնեցված աշխատանքը` հաշվի առնելով նաեւ անդամ երկրների շահերը:
Այնուհետեւ հեռավար քննարկման մասնակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդիրներին եւ մտքեր փոխանակել արդիական հարցերի շուրջ: Նրանք խոսել են մի շարք մոդելային օրենքների մշակման ու ընդունման անհրաժեշտության մասին:
ԱԺ