Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Հակոբյան. «Երեւանում անցկացնում ենք Եվրանեսթի հանձնաժողովների նիստեր եւ չունենք որեւէ մեկ կետ, որը մեր մասին է կամ առնչվում է մեր խնդիրներին»

Փետրվար 18,2022 14:49

Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի են ունենալու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցելու են Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների ու ԵԽ պատգամավորներ: Նախատեսվում է, որ Հայաստան կայցելեն նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Առաջին անգամ չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները միջազգային տարբեր հարթակներում հանդիպում են, այդ թվում նաեւ Բաքվում ու Երեւանում: Սակայն այս մեկը էականորեն տարբերվելու է նախորդներից, քանի որ առաջին անգամ է, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական պատվիրակություն է ժամանելու Հայաստան: Հենց այս թեմայի շուրջ այսօր «Հայելի» ակումբում խոսեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

«Երեւանում մոտ օրերս կայանալիք հանձնաժողովների եւ պլենար նիստերի օրակարգը ամենայն հավանականությամբ հաստատվել է անցած տարվա ապրիլին: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած պատերազմում տուժածներից, տեղահանվածներից, անվտանգային լուրջ խնդիրներից, Թուրքիայի կողմից վարձկանների օգտագործումից, մինչեւ ահաբեկչական խմբավորումների մասնակցություն Արցախյան պատերազմին: Սրանք միայն միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից խնդիրներն են եւ պետք է գտնվեն միջազգային հարաբերությունների քննարկման եւ հետաքրքրության ծիրում:

Բյուրոյում, որ անցած տարի հավաքվել եւ որոշել է գալիք նիստերի օրակարգը, Հայաստանն ունեցել է ներկայացուցիչ: Դա եղել է ԱԺ նախորդ գումարման պատվիրակության ղեկավարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը: Եվ նայելով օրակարգին՝ տեսնում ենք, որ նախորդ գումարման պատվիրակությունը, հատկապես պատվիրակության ղեկավարը, ըստ էության չեն կարողացել գտնել, պեղել, հասնել այն բանին, որ Հայաստանի համար նպաստավոր որեւէ հարց ընդգրկվի Եվրանեսթի օրակարգում:

Եվրոպայի քիչ երկրներ կգտնվեն, որոնք այսօր անվտանգային եւ մարդասիրական այնքան խնդիրներ ունենան, որքան Հայաստանը: Բայց մենք Երեւանում անցկացնում ենք Եվրանեսթի հանձնաժողովների նիստեր եւ չունենք որեւէ մեկ կետ, որը մեր մասին է կամ առնչվում է մեր խնդիրներին:

Դրա փոխարեն այս կտրվածքով մենք ունենք մի ուրիշ խնդիր, որի հաստատմանը Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է: Եվ դա վերաբերում է Ուկրաինային: Ամենայն հարգանքով վերաբերվելով այնտեղ շփման գծի երկու կողմերում կանգնած ժողովուրդներին՝ եթե առհասարակ խոսում ենք անվտանգության թեմայով, Եվրոպայի համար չի կարող հետաքրքիր լինել միայն Ուկրաինան: Հայաստանը նույնպես այդ Եվրոպայի մեջ է եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում առհասարակ պատերազմի ընթացքում եւ դրանից անմիջապես հետո Եվրանեսթի այս ֆորմատով նիստում չի շոշափվելու մեր շահը եւ չկա ոչ մի օրակարգ:

Սրա հետ մեկտեղ կա հավելյալ խնդիր. ուկրաինական թեման ստացել է հակառուսական ձեւակերպում: Եվ հասկանալի չէ, թե նախորդ գումարման մեր պատվիրակության անդամները այդ մասով ինչ վերաբերմունք են ցույց տվել, արդյոք փորձե՞լ են տերմինաբանությունը փոխել, կամ առհասարակ հարցը հանել, թե ոչ:

Այստեղ մնում է միայն ֆիքսել, որ սա Հայաստանի պատվիրակության աշխատանքի 100 տոկոսանոց ձախողում է: Այսինքն, Երեւանում տեղի են ունենալու Եվրանեսթի չորս հանձնաժողովների նիստեր եւ դրանց օրակարգում Հայաստանի անվտանգային, խոցված սուվերենության եւ հարյուր ու մեկ խնդիրների մասին հարց չի քննարկվելու»,- ասաց բանախոսը եւ հնչեցրեց երկրորդ խնդիրը: «Արդյոք պատերազմից հետո պատվիրակների հետ խոսվել, նրանց զգուշացվե՞լ է, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ կարող են շատ ծանր տանել այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ են գալիս: Սրանք նրբություններ են, որոնք պետք էր հաշվի առնել մինչեւ կազմակերպելը»,-մտահոգություն հայտնեց Սոս Հակոբյանը:

Նրա կանխատեսմամբ շատ դժվար աշխատանք է սպասվելու Եվրանեսթում Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներին: Իսկ թե ինչ արդյունքներ կգրանցվեն, պարզ կդառնա, երբ իրենք կամփոփեն դրանք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28