Փետրվարյան ապստամբության 101 ամյակի առթիվ
1921 թ. փետրվարյան ապստամբությունը և Նժդեհի գլխավորած Սյունիքի ինքնապաշտպանությունը մեր երկու վերակազմակերպվող թշնամիներին՝ բոլշևիկյան Ռուսաստանին և քեմալական Թուրքիային, ցույց տվեցին, որ անգամ Հայաստանի Հանրապետության բռնազավթումը, մասնատումն ու բռնակցումը չի կարող ընկճել հայության ազատատենչ ոգին ու պետականաստեղծ մղումը:
Եվ նրանք այն ժամանակ ստիպված եղան հաշվի առնելու հայկական գործոնի առկայությունը: Միևնույն ժամանակ, նրանք առ այսօր չեն հաշտվում այդ փաստի հետ և շարունակում են ձևեր ու միջոցներ որոնել՝ հայկական գործոնը վերջնականապես չեզոքացնելու նպատակով:
Ներկայումս այս երկու կայսերական ուժերը, օգտագործելով հայաստանյան գաղութային ադմինիստրացիային, փորձում են Հայաստանի նկատմամբ որպես թելադրանքի լծակ կիրառել 44-օրյա պայմանավորված դավադիր պատերազմում մեր պարտության արդյունքները և ավարտին հասցնել իրենց հրեշավոր ծրագիրը:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում մեր ժողովրդի՝ քաղաքականապես գիտակից հատվածի պայքարի և ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, Ֆրանսիայի ու Արևմուտքի այլ ուժերի ազդեցության ու միջամտության շնորհիվ դեռևս հաջողվում է զսպել այս գործընթացը:
Սակայն բոլոր առումներով արյունաքամ լինող Հայաստանը չի կարող երկար ժամանակ դիմանալ իրեն պարտադրված դիմացկունության մրցավազքում, ուստի պետք է դուրս գա ռուս-թուրքական արհեստական ու մահացու փակուղուց, ինչի համար առաջին հերթին պետք է ունենա ազգային շահեր հետապնդող ազգային կառավարություն:
Շատ կարևոր ու թերևս վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, որ հարյուր տարի առաջվա համեմատությամբ միջազգային ու տարածաշրջանային զարգացումները տրամագծորեն հակառակ են և հօգուտ մեզ. Արևմուտքը նահանջելու փոխարեն զսպում է Թուրքիային ու լիարժեք կերպով հաստատվում է մեր տարածաշրջանում, իսկ Ռուսաստանը ծավալվելու փոխարեն նահանջում է մեր տարածաշրջանից:
Առաջացել է համախմբվելու և հայ ազգի կամքն իր երկրում վերահաստատելու ու Հայաստանի Հանրապետությունը վերակերտելու բացառիկ հնարավորություն:
Ազգային-ժողովրդավարական Բևեռը լծված է այդ հնարավորությունն իրականացնելու պայքարին, ինչի նպատակով նախատեսում է առաջիկայում մեծ հանրահավաքով մեկնարկել ակտիվ դիմադրություն:
Մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցներին կոչ ենք անում միանալ պայքարին ու պատրաստ լինել գաղութային ադմինիստրացիային հեռացնելու և ազգային անցումային կառավարություն ստեղծելու գործողություններին:
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ