Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը պարտավոր է մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին. հաճախ ճշմարտությունը բացահայտելու համար պետք է ճիշտ ու թիրախային հարցեր հնչեցնել». Գևորգ Գորգիսյան. «Ազգ»

Փետրվար 18,2022 12:12

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ոչ թե ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հենքի վրա ձեւավորված քննիչ հանձնաժողովի, այլ պարիտետային հանձնաժողով ստեղծելու կողմնակիցն է, ինչի մասին ԼՀԿ-ն հայտարարում էր պատերազմի ավարտից անմիջապես հետո:

Իրավահավասարություն ենթադրող հանձնաժողովում՝ պարիտետայինում, որեւէ քաղաքական ուժ մյուսի նկատմամբ առավելություն չէր ունենա, մեկնաբանում է մեր զրուցակիցը, բացի այդ՝ այդտեղ նաեւ հասարակական այլ գործիչներ, մտավորականներ կարող էին ներգրավված լինել: Ի՞նչ էր կաշկանդում իշխանություններին ոչ թե քննիչ, այլ պարիտետային հանձնաժողով ստեղծել, հարցն անհասկանալի է նաեւ Գորգիսյանի համար: «Քննիչ հանձնաժողով ձեւավորելը, երեւի, ավելի հեշտ էր: Ամեն դեպքում՝ դա ճիշտ ճանապարհը չէ: Բայց, միեւնույնն է, եթե սա է ստեղծվել, ապա ընդդիմությունը պարտավոր է մասնակցել այդ աշխատանքներին, որովհետեւ հաճախ ճշմարտությունը բացահայտելու համար պետք է ճիշտ ու թիրախային հարցեր հնչեցնել: Հարցեր կան, որոնց հնչեցնելն արդեն իսկ բավարար է, ու դրան ինչ էլ պատասխանեն, ամրագրվելու է, ու հետագա հետազոտողները, վստահաբար, զբաղվելու են այդ ամենով»,- նշում է նա:

Ըստ նախկին պատգամավորի, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներում է ներգրավված եղել, եթե արդեն իսկ ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին խորհրդարանական ընդդիմությունն, այնուամենայնիվ, մասնակցի, ապա քննարկումը ոչ թե պատերազմի հանգամանքներին է վերաբերելու, այլ փոխադարձ մեղադրանքների տարափ է լինելու. «Մեկը մյուսին մեղադրելու տեսարաններ են լինելու, ու ես արդյունավետ աշխատանք չեմ պատկերացնում այդտեղ: Եթե ընդդիմությունը չմասնակցի այդ աշխատանքներին, ապա իշխանությունը, Facebook-յան որոշ օգտատերերի նման գրելու է, թե «նախկինները ժամանակին ամեն ինչ վաճառել էին, Նիկոլն ի՞նչ աներ»: Եթե ընդդիմությունը մասնակցի ու ավելի բարձր գոռա, ասելու է՝ իդեալական բանակ էինք թողել, բայց Փաշինյանը եկավ ու ամեն բան տապալեց»:

Ընդդիմադիրները չպետք է թողնեն, որ իշխանությունը միայնակ պարզի պատերազմի հանգամանքները: Նա համակարծիք չէ Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների տեսակետի հետ, թե հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով՝ կլեգիտիմացնեն այն: Նախկին խորհրդարանականը ներկաներին ԱԺ կանոնակարգ-օրենքը լավ ուսումնասիրելու խորհուրդ է տալիս: «Այնտեղ հստակ գրված է, որ հանձնաժողովի կազմից մի քանի հոգի կարող են հատուկ կարծիք հայտնել, որտեղ կարող են գրել այն, ինչի հանգել են հրավիրվածների հետ զրույցից կամ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո: Եվ ի՞նչ է նշանակում, թե չեն ցանկանում լեգիտիմացնել հանձնաժողովի աշխատանքներն: Այսպես թե այնպես, ԱԺ 8-րդ գումարումն իրենք էլ են համարում լեգիտիմ, մանդատներ են վերցրել, հետեւաբար՝ ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը: Իսկ գուցե չեն ցանկանում մասնակցել, որովհետեւ գիտեն՝ իրենք էլ իրենց մեղավորությունն ունեն, ու քննության ժամանակ նաեւ իրենց թույլ տված սխալները կարող են ջրի երես դուրս գալ: Բանակը, գուցե, իսկապես թալանվել է կամ պատշաճ չի սպառազինվել եւ այլն»,- հարցեր է բարձրացնում նախկին պատգամավորը:

Անդրադառնալով 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին՝ ասում է, որ այդ հանձնաժողովը հերքեց տարածված բոլոր այն թյուր կարծիքները, որ կային բանակի շուրջը՝ պատերազմի ժամանակ փամփուշտ չլինելուց մինչեւ զինվորների սոված մնալը: Իսկ նման տեսակետների տարածումը, Գորգիսյանի համոզմամբ, միտված էին բանակը արժեզրկելուն, վարկաբեկելուն, 18-ամյա երիտասարդներին բանակում ծառայելուց հետ պահելուց եւ այլն: Ի դեպ, ԼՀԿ-ականի պնդմամբ՝ այդօրինակ հայտարարությունները ներկա իշխանության ներկայացուցիչները չեն տարածել, դրանք անհասցե են եղել: «Զենք ու սնունդ եղել է այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը եղել է, ու որեւէ դեպքում զինվորը խոտ չի կերել, ինչպես ոմանք փորձում էին պնդել: Ինչ վերաբերում է տեսակետին, թե նման հայտարարություններ այսօրվա իշխանություններն էին տարածում, ապա չեմ հիշում, որ Նիկոլ Փաշինյանը նման բան ասած լինի: Այդ ժամանակվա մամուլի հրապարակումներն ամբողջությամբ ուսումնասիրել եմ, ու դրանք հիմնականում անանուն, անհասցե, կոնկրետ թիրախ չնշող հայտարարություններ են եղել: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ թեեւ հանձնաժողովի տված եզրակացության մեջ գաղտնի մաս է եղել, բայց հրապարակելու ենթակա նյութեր նույնպես կային, որոնք իշխանությունը մինչեւ օրս չի հրապարակել: Դա գուցե այն պատճառով, որ մեղավորների մեջ կարող էին ՊՆ-ի՝ մինչեւ այս պահը պաշտոնավարող պաշտոնյաներ լինել»,- շեշտում է Գ. Գորգիսյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28