Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական դպրոցական դասագրքերում կա՛մ բացակայում են Ղարաբաղի քրիստոնյաների մասին տեղեկությունները, կա՛մ՝ կեղծ փաստեր են հրամցվում». ավստրիացի ու գերմանացի կաթոլիկներն անտարբեր չեն. «Ազգ»

Փետրվար 18,2022 11:41

Ավստրիական կաթոլիկական մամլո գործակալության՝ kathpress-ի կայքէջը փետրվարի 13-ին ծավալուն անդրադարձել է Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Փետրվարի 15-ին նույն մտահոգությունն է արտահայտել գերմանական Domradio կայքը:

«Հայաստանում աճում է այն մտահոգությունը, որ Ադրբեջանը լրջորեն մտադիր է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Ադրբեջանի՝ «հայկական կեղծիքները» եկեղեցիներից հեռացնելու մասին վերջին հայտարարությունները կրկին վրդովմունքի փոթորիկ են առաջացրել, Արեւմուտքին հրատապ կոչ ուղղելով նաեւ ա՛յս ուղղությամբ քայլ ձեռնարկել», գրում է կայքէջը՝ հղում անելով Արեւելյան եկեղեցիների լրատվական ծառայությանը:

Կայքն իրազեկում է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովի փետրվարի 3-ի հայտարարության մասին, թե ԼՂ վերանվաճված տարածքների համար աշխատանքային խումբ է ստեղծվում, որի միջոցով վերացնելու են «ալբանական կրոնական վայրերում հայերի մտացածին հետքերը»:

Քարիմովի հայտարարությունները առնչվում են այն տեսությանը, որ Ադրբեջանի եւ ԼՂ տարածքում հնագույն կառույցները մինչեւ 9-րդ դարի սկիզբը Ադրբեջանի ներկայիս տարածքում գոյություն ունեցած հնագույն թագավորության՝ Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն են: 1950-ականներին ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովի մշակած այդ տեսության համաձայն, Ադրբեջանում եկեղեցիների հայերեն արձանագրությունները ավելի ուշ են հայտնվել, 19-րդ դարի սկզբին հայերի՝ այդ տարածք ներգաղթի՝ «հայացման» հետեւանք են:

Կայքը հիշեցնում է, թե դեռեւս մեկ տարի առաջ Զալցբուրգից փորձագետ Յասմին Դում- Թրագութը զգուշացնում էր, թե Ադրբեջանը վաղուց սկսել է Ղարաբաղի քրիստոնեական հայկական ժառանգության մասին համացանցում առկա բովանդակությունը վերաշարադրել: «Հայ քրիստոնյաները դարձել են կովկասյան ալբաններ», իսկ ադրբեջանական դպրոցական դասագրքերում կա՛մ բացակայում են Ադրբեջանի, Ղարաբաղի քրիստոնյաների մասին տեղեկությունները, կա՛մ՝ կեղծ փաստեր են հրամցվում: Կան նաեւ օրինակներ, երբ Հայաստանը որպես «Արեւմտյան Ադրբեջան» է ներկայացվում:

Ծավալուն հոդվածի վերջին պարբերությունը մանրամասն արձանագրում է Ղարաբաղի հայկական տարածք լինելու փաստականությունը, այդ տարածքում առկա մշակութային հզոր ժառանգությունը: Տեղի սղության պատճառով համառոտ փոխանցենք կարեւորը. Ք.Ա.2-րդ դարից Հայաստանին պատկանող Լեռնային Ղարաբաղը, 4-րդ դարում քրիստոնյա էր դարձել: Այս երկրամասը հայկական մշակութային ինքնավարությունը պահպանել էր 10-19-րդ դարերում՝ իրանական եւ ռուսական տիրապետության տակ: Դեռեւս 5-րդ դարի կեսերին Ղարաբաղն արդեն իր անկախ կաթողիկոսությունն ուներ, որը ոչ միայն արեւելքի ամենակարեւոր հայկական եկեղեցին էր, այլեւ մինչեւ 19-րդ դարի սկիզբը՝ անկախությունն ամենաերկարը պահպանած հայոց եկեղեցին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28