Լրահոս
Օրվա լրահոսը

Թեման՝ դավադրությունների տեսությունն է

Փետրվար 18,2022 10:00

Փետրվարի 2-ին «Առավոտը» տեղեկություն էր հրապարակել մի ահազանգի մասին, որը ստացել էր ոստիկանությունը՝ Երեւանի մանկապարտեզներից մեկում դաստիարակներն ու դայակները բռնություն են կիրառում մի երեխայի հանդեպ, որի հայրը պակիստանցի է, մայրը՝ հայ: Նույն օրը ոստիկանությունը հաստատեց, որ նման ահազանգ իսկապես ստացել է:

Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք երեք հանգամանքի վրա.

1/ «Առավոտը» չէր պնդում եւ հիմա էլ չի պնդում, որ նման բան է տեղի ունեցել (կամ տեղի չի ունեցել), տեղեկությունն ահազանգի մասին էր,

2/ մենք բազմիցս հարթակ ենք տրամադրել «հակառակ կողմին», այսինքն՝ նրանց, ովքեր մեղադրվում են,

3/ մենք ունեինք բոլոր տվյալները, բայց չէինք հրապարակել ո՛չ մանկապարտեզի համարը, ո՛չ էլ դաստիարակների եւ երեխայի անունները:

Այդ տեղեկության հրապարակմանը հետեւեց ֆեյսբուքյան, ինձ համար՝ սովորական, արձագանքը. մարդիկ մի քանի ժամում, համակարգչի առաջ նստած, քննություն կատարեցին, պարզեցին, որ ամեն ինչ սուտ է, եւ որ բողոքող կինը ցանկանում է իրականում արտասահման մեկնել եւ հենց դրա համար է այդ ամենը հորինել: (Չնայած, առաջ անցնելով, ասեմ, որ այդ կինը պնդում է, թե ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ Հայաստանից):

Այդ խնդրին ընդհանրապես չէի անդրադառնա՝ համացանցում ամեն օր եմ նման «փորձագիտական կարծիքներ» կարդում, նաեւ՝ լրատվամիջոցների հասցեին մեղադրանքներով ու վիրավորանքներով համեմված: Այս պարագայում ուշագրավն այն է, որ մանկապարտեզում կատարվող բռնությունների վերաբերյալ ահազանգի տեղեկատվության մեկնաբանությունների մեջ «մտել է» ազգային անհանդուրժողականության թեման: Իբր մենք եւ մի շարք այլ լրատվամիջոցներ, «հայտնի կենտրոններից ղեկավարվելով», հնարել ենք այդ լուրը՝ ցույց տալու համար, որ մենք՝ հայերս, անհանդուրժող ենք: Կային նաեւ ուղղակի մեղադրանքներ, որ դա ադրբեջանական պատվեր է:

Կարծում եմ, այդ կասկածները փարատվեցին, երբ բողոքը հնչեցնող կինը մանրամասն հարցազրույց տվեց մի շարք լրատվամիջոցների, որոնց մեջ «Առավոտը», ի դեպ, չկար: Չեմ բացառում, կրկնեմ, որ նրա ասածները ծայրից ծայր սուտ են՝ խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ այդ հարցազրույցից հետո անգամ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնողներից ոչ մեկը, վստահ եմ, լրատվամիջոցներից ներողություն չի խնդրի:

Կարծում եմ, մանկապարտեզում կատարված միջադեպի մեջ (եթե այն իսկապես տեղի ունեցել) ազգային թեմա ընդհանրապես չկա: Փոխարենը կա Հայաստանի դպրոցներում եւ մանկապարտեզներում գոյություն ունեցող բարքերի թեման: Իսկ արձագանքների մեջ ես տեսնում եմ դավադրապաշտության եւ պարանոյայի թեման: Համենայնդեպս, վերապահում անեմ, որ այդ հոդվածը պայմանավորված չէ Գվատեմալայի եւ Ավստրալիայի հարաբերություններով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Anna says:

    Հարգելի Աբրահամյան,առաջին դեպքը չէ,որ դուք հրապարակում եք տվյալներ,անուն-ազգանուն,թվեր,երբ այդ մասին նույնիսկ իրավապահ մարմիններին հայտնի չէ,երբ քննությամբ պարզված չէ քաղաքացու հանցանքը:Անտեսելով անմեղության կանխավարկածը,ձեզ իրավունք եք վերապահում դատարանի դեր կատարել: Դա միայն մարդկանց վարկաբեկելու փորձ է,որը գցում է ձեր թերթի հեղինակությունը:

  2. Աննա says:

    Հարգելի Աննա Իսրայելյան, ես նկատի ունեմ երկու-երեք ամիս հրապարակված մեկ այլ չստուգված նյութ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28