Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկեցության խաբկանք կամ ո՞ւմ շահերից է բխում հայ-թուրքական սահմանի վերաբացումը

Փետրվար 18,2022 14:00

Սկիզբը՝ նախորդ համարում:

Եթե դեռեւս կասկածներ կան, որ Թուրքիան արեւելյան շրջանները (Արաքսից արեւմուտք գտնվող Արեւելյան Հայաստանը եւ Արեւմտյան Հայաստանի արեւելյան հատվածը) զարգացնելու հույսերը չի կապում Գյումրի-Կարս երկաթուղու հետ, ներկայացնեմ նաեւ նախնական հաշվարկներով 1,5-2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ եւս մի հեռանկարային նախագիծ, որի մասին դեռեւս 2014 թվականին հայտարարել էր Թուրքիայի կապի, ծովագնացության եւ հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը։ Խոսքը գնում է ԲԹԿ հարավային ճյուղի մասին, որը Կարսն Իգդիրով կկապի Նախիջեւանի հետ, իսկ այնուհետեւ՝ կհասնի մինչեւ Իրան, Պակիստան, Հնդկաստան եւ Չինաստանի հարավ։

Թվում էր, թե 2014 թվականին հայտարարված ծրագիրը մեռած է, սակայն 2021 թվականի փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը ստորագրեցին Կարս-Իգդիր-Արալիկ -Նախիջեւան-Ջուլֆա մոտ 300 կիլոմետրանոց երկաթուղի կառուցելու փոխըմբռնման հուշագիր։ Այդ երկաթուղու կարեւորությունն ընդգծած է նաեւ 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված եւ վերջերս Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի դեկլարացիայում»։ Ակնհայտ է, որ այս երկաթուղու գործարկումից կշահեն ոչ միայն Ադրբեջանը, մանավանդ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Թուրքիան, այլեւ Իրանը, քանի որ Իրանը դեպի Եվրոպա տանող եւս մեկ երկաթուղային ճանապարհ կստանա, որը կնվազեցնի նրա կախվածությունը Վանա լճի երկաթուղային լաստանավից։ Հիշեցնենք, որ 2017 թվականին գործարկվեց Ջուլֆա (Իրան)-Ջուլֆա (Ադրբեջան) երկաթուղին, որով Իրանը միացավ Նախիջեւանին։

Այսպիսով, Կարսն արդեն խոշոր երկաթուղային հանգույց է։ Անկասկած երկաթուղին, դրա սպասարկումը, հարակից ծառայությունները, ուղեւորներին սպասարկող ռեստորաններն ու հյուրանոցներն էական ազդեցություն պետք է ունենան շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Այս գրանդիոզ ենթակառուցվածքային ծրագրերի տնտեսական ազդեցության համեմատ ի՞նչ է Գյումրի-Կարս երկաթուղու ազդեցությունը Թուրքիայի արեւելքի վրա։ Ոչինչ։ Գյումրի-Կարս երկաթուղու լրացուցիչ տնտեսական ազդեցությունն այնքան աննշան կլինի, որ ճանապարհը բացելու համար ակնհայտ է, որ թուրքերն այլ պահանջներ կդնեն։

Որո՞նք են այդ պահանջները։ Թուրքիան դրանք գաղտնի չի էլ պահում։ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում։ Թե՛ Թուրքիայի նախագահ Էրդողանն է այդ պայմանները հնչեցրել, թե՛ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն։ Ի վերջո, կարեւոր չէ՝ նշածներս բանակցությունների նախապայման են, թե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կամ երկաթուղային հաղորդակցության վերսկսման պայման։ Պետք չէ մոռանալ, որ անվերապահ կապիտուլյացիոն համաձայնության արդյունքում հայկական ուժերը դուրս են եկել Քարվաճառից՝ ավտոմատ կերպով վերացնելով հայ-թուրքական սահմանը փակելու նախնական պատճառը։ Այնպես որ, եթե թուրքերն այլ պահանջներ չունենային, 2020 թվականի նոյեմբերի 26-ից սահմանն արդեն բաց կլիներ: Սակայն այն փակ է։ Դա փաստ է։ Ինչ հայտարարություն էլ անեն Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը նախապայմանների մասին, սահմանը փակ է։ Կարծում եմ՝ դա երկար չի տեւի։

Փաստերի պարզ համադրումը հուշում է, որ ամեն ինչ բանակցված էր մինչեւ Ռուբինյան-Քըլըչը բանակցությունների մեկնարկը։ Ռուբինյան-Քըլըչ բանակցություններն ուղղակի շղարշ են, իմիտացիա՝ քողարկելու այն փաստը, որ Հայաստանը վաղուց արեն Թուրքիային զիջել է ամեն ինչ։ Փաշինյանի՝ հունվարի 24-ի հարցազրույցի նպատակն Արմեն Սարգսյանի ու դամբանաքարերի մասին խոսելը չէր։ Նա հասարակությանը պատրաստում է զիջումների, զիջումների, որոնք պահանջում են Թուրքիան եւ Ադրբեջանը՝ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Նշված հարցազրույցում Փաշինյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ երբեք տարածքային պահանջ չի դնում։ Այո, Հայաստանի անկախության մասին 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունն իրեն չհռչակեց Առաջին հանրապետության իրավահաջորդը, դրանով առկախելով Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հարցը եւ Թուրքիային որեւէ տարածքային պահանջ չներկայացրեց։ Այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիան համառորեն պահանջում, որ Հայաստանի Հանրապետությունը դա պաշտոնապես հայտարարի։ Թուրքերը շատ լավ հասկանում են 2021թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, բազմաթիվ առումներով, խոցելի է։ Եթե աշխարհաքաղաքական իրավիճակն արմատապես փոխվի, հնարավոր է, որ հայերն այդ պայմանագիրը վիճարկեն։ Թուրքերը փորձում են կանխել այդ վիճարկման պոտենցիալ հնարավորությունը՝ նոր պայմանագիր կնքելով։ Փաշինյանն էլ է դա շատ լավ հասկանում, բայց… թուրքական մյուս պահանջը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։ Փաշինյանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մշտապես հղում է կատարում իր կառավարության ծրագրին, որտեղ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ շատ խորամանկ ձեւակերպված ընդամենը մի քանի նախադասություն է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, եւ սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»: Սրանով կառավարությունը Ցեղասպանության ճանաչման մի էական նախապայման է դնում. ճանաչումը պետք է լիցքաթափի տարածաշրջանային լարվածությունը։ Ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը «կլարվեն», եթե Հայաստանի Հանրապետությունը երբեւէ քայլեր ձեռնարկի Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ դա կհակասի կառավարության մոտեցումներին։ Հետեւաբար, ՀՀ կառավարությունը ձեռնպահ կմնա նման քայլերից։ Դա կվնասի «խաղաղության դարաշրջանին»։ Մեկ, ոչ պակաս կարեւոր, հանգամանք եւս։ Փաշինյանի կառավարությունը չի խոսում Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման վերաբերյալ։ Նրանք միայն խոսում են ճանաչման մասին, այն էլ եթե Թուրքիան ու Ադրբեջանը դրանից չլարվեն։ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը լավագույնս դրսեւորվեց ս.թ. փետրվարի 9-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պահվածքում, ով հրապարակավ հրաժարվեց վերահաստատել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում ամրագրված՝ Ցեղասպանության զոհերի եւ նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման վերաբերյալ կառավարության հանձնառությունը։ Ավելին, Փաշինյանը Ցեղասպանության հետապնդման առաքելությունն «արտապատվիրակեց» սփյուռքյան կառույցներին՝ հիմնականում Դաշնակցությանը։ Այսքանը բավարար չէ՞ հասկանալու համար, որ թուրքական երկրորդ պահանջը նույնպես արդեն բավարարված է։

Հաշվի առնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ ազգ են՝ երկու պետություն եւ հիշելով «ֆուտբոլային դիվանագիտության» դառը փորձը, դժվար չէր կանխատեսել, որ թուրքական հաջորդ պահանջները վերաբերելու էին Ադրբեջանին, մասնավորապես՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» եւ «Զանգեզուրի միջանցքին»։ Ընդ որում, խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանն ու Թուրքիան ի նկատի ունեն թե՛ Արցախի Հանրապետությունը, թե Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակչության կյանքի ու անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շփման գծի որոշակի ճշգրտումների արդյունքում ՀՀ փաստացի վերահսկողության տակ անցած տարածքները։ Արցախի հարցում, թերեւս, ամեն ինչ պարզ է։ Պատերազմը տանուլ տալով եւ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելով՝ Արցախի մեծ մասը հանձնվեց ադրբեջանցիներին: Պարտության հետեւանքով Արցախի Հանրապետությունը, որպես ամբողջական, փաստացի անկախ հայկական վարչաքաղաքական միավոր դադարեց գոյություն ունենալ։ Չնայած 2021թ. արտահերթ ընտրություններում Փաշինյանի կուսակցության նախընտրական պլատֆորմում Արցախի գրավյալ տարածքների դե-օկուպացիայի խոստում կար, Փաշինյանի կազմած կառավարության ծրագրում նման խոստում արդեն բացակայում է։ Թեեւ Փաշինյանի կառավարության ծրագրում նշված է, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա», սակայն ծրագրի ընդունումից հետո Փաշինյանը բազմաթիվ անգամներ հստակեցրել է իր մոտեցումներն Արցախի հարցում։ Հատկանշական էին 2021 թ. դեկտեմբերի 24-ին եւ 2022 թ. հունվարի 24-ին նրա արտահայտած որոշ մտքեր։ Մասնավորապես, նա պնդում է, որ անդամակցելով ԱՊՀ-ին, դեռեւս 1992 թվականին Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դա կատարյալ բլեֆ է։

Անկախ պետությունների համագործակցություն հիմնելու համաձայնագիրը ստորագրվել է Ալմա Աթայում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին։ Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 18-ին։ ԱՊՀ կանոնադրությունը ստորագրվել է 1993 թվականի հունվարի 22-ին՝ Մինսկում։ Այո, համաձայնության 5-րդ հոդվածը սահմանում է, որ բարձր պայմանավորվող կողմերն ընդունում են անդամ-երկրների տարածքային ամբողջականությունը, բայց նախաբանը հղում է կատարում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի վրա։ Համաձայնագրի նախաբանում եւ կանոնադրության 3-րդ հոդվածում նաեւ հղում է կատարվում ԵԱՀԽ հելսինկյան ավարտական ակտի վրա, որտեղ նույնպես ամրագրված են այս երկու սկզբունքները։ Առաջին հայացքից թվում է, որ այս սկզբունքներն իրար հակասում են։ Ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցության վեճը հստակեցվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ միջազգային իրավունքի շրջանակում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի համապատասխանության վերաբերյալ 2010թ. հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ։

Ավելի չխորանալով այդ որոշման իրավաքաղաքական ծալքերի մեջ՝ միայն նշենք, որ Դատարանն ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։ Հիշեցնեմ, որ Արցախն իրեն հանրապետություն էր հռչակել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր ԽՍՀՄ այն ժամանակվա օրենսդրական նորմերին։ Անկախության հռչակումն ամրագրվեց անկախության հանրաքվեով, որն անցկացվեց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։

Այսինքն, երբ Ադրբեջանն անդամակցեց ԱՊՀ-ին, Արցախը, ներառյալ Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը, Ադրբեջանի կազմում չէին։

Շարունակելի

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ
17.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28