Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցված քաղաքացիական գործը դատարանում է

Փետրվար 18,2022 13:30

Կարինե Խորասանյանի հայցադիմումն ընդդեմ Երեւան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման, Խաչատուր Բահարյանսի` առուվաճառքի գործարքը կեղծ լինելու հիմքով մասնակի առոչինչ ճանաչելու, մասնակի առոչնչության հետեւանքեր կիրառելու, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքի մասը ետ վերադարձնելու, գումարի բռնագանձում տարածելու պահանջների մասին, տասը եւ ավելի տարիներ լուծում չի գտնում (անդրադարձել եմ 2013թ. դեկտեմբերի 19-ին, «Առավոտի»՝ «Կենտրոնում» քննած գործը «լսվել է» Արաբկիրում, ինչո՞ւ», 2014թ. հունվարի 31-ի «Տասը տարուց ավելի է՝ հնաբնակ երեւանցու բնակարանը տնօրինում են «անհայտ» ծագումով անձինք»-Ռ. Մ.):

«Հայ ազնվականների միության» հիմնադիր անդամ, Խորասանյան հնաբնակ երեւանցիների ընտանիքի իրավահաջորդը չի կարողանում տիրապետել իրեն պատկանող անշարժ գույքը, որի մասին հիշվում է միայն տարիներով ընթացող դատական գործընթացների ժամանակ:
Երկուհազարականների սկզբին երկրորդ խմբի հաշմանդամ Կարինե Խորասանյանը տվել էր հաղորդում` Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Ամիրյան փողոցի 18 շենքի 89 հասցեի բնակարանի իր 1/2 բաժին գույքի մասը կեղծ առուծախով, իսկ անշարժ գույքի կադաստրի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման կողմից ապօրինի գրանցումներով, իր գույքը հափշտակելու, այն Բ. Բահարյանսի անվամբ կեղծ ձեւակերպումներով գրանցումներ կատարելու, սեփականության իրավունքի վկայական տրամադրելու, իր գույքին տիրանալու փաստերի վերաբերյալ։ Հարուցվել էր քրեական գործ, Կ. Խորասանյանը ճանաչվել էր տուժող, բնականաբար, կասեցվել էր քաղաքացիական գործի վարույթը:

Պատասխանող Խաչատուր Բահարյանսը, նույն ինքը՝ Բահարամյանը, 2017 թվականի օգոստոսի 3-ին մահացել է եւ ըստ նրա կտակի՝ ժառանգության իրավունքի վկայագրով վիճելի գույքի ժառանգությունն անցել է իրավահաջորդ ճանաչված, ըստ կտակի՝ Ռուզան Բահարյանսին: Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն, նոտարը «չի նկատել», որ այլազգին «բնակության իրավունքի հիմք չի ունեցել», չի ունեցել քաղաքացիության իրավունք, հաշվառում նույնպես, մի դեպքում, ներկայացել է Իրանի քաղաքացի, մի դեպքում՝ Կանադայի: Ըստ ԱԳՆ 2014 թվի պաշտոնական գրության. «ԻԻՀ քաղաքացիության մասին օրենքով, երկքաղաքացիության մասին սկզբունքը նախատեսված չէ: Նախագահի տեղակալ Սերգեյ Մանասարյան»: Ի դեպ, 2014թ. հունվարի 31-ին «Առավոտի»՝ «Տասը տարուց ավելի է՝ հնաբնակ երեւանցու բնակարանը տնօրինում են «անհայտ» ծագումով անձինք» հրապարակմանս մեջ գրել էի. «Կ. Խորասանյանն ասում է, որ …անշարժ գույքի պետական կադաստր չի գնացել, սեփականության իրավունքի վկայական էլ չի հանձնել: Անձնագրային տվյալների համաձայն՝ գնորդը ծնվել է մի քանի անգամ, մեկ՝ 18.02.1921թ.-ին, մեկ՝ 20.03.1922թ.-ին: Մեկ կանադացի է, մեկ՝ ամերիկացի, մեկ՝ իրանցի: ՀՀ-ում ունի մի քանի բնակարան. հողակտոր: 2012թ. ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի հետաքննության բաժնից են չգիտես ինչու ստացվել ոստիկանության Կենտրոնականի բաժնի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը: Թե նոտարի, թե կադաստրի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով մերժվում է քրեական գործ հարուցելը»:

Հիշեցնեմ, երբ այս գործը հասավ վերաքննիչ դատարան, վերաքննիչն իր որոշմամբ փաստեց՝ «վաճառող սուբյեկտ չի եղել, նման լիազորություններով օժտված չի եղել, Խորասանյանը չի վաճառել իր գույքը… Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը թույլ կտար գործի դնել ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված գործիքների ողջ «զինանոցը», գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ ստուգում իրականացնելու եւ կատարված լիարժեք քննության արդյունքում համապատասխան իրավական եզրահանգման համար… Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ստեփան Միքայելյան) գտնում է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ իրավական գնահատական չտալով քրեական հետապնդման մարմնի կողմից հանցագործության եւ հաղորդման հիման վրա նյութերի թերի, միակողմանի նախապատրաստմանը, կայացրել է անօրինական, անհիմն որոշում, որը սահմանափակել է անձի իրավունքներն ու ազատությունները»:

«Արդյոք, այլ երկրում պահանջի իրավունք կունենա՞ր ցանկացած անձ, որն այս կարգի տվյալներով կարող էր չհետաքրքրել ազգային անվտանգության մարմիններին: Ինչպիսի՞ արտոնության տեր պիտի լինի այդ անձը: Հայաստանի Հանրապետությունում լեգալիզացվեց նրա հայտնությունը»,- ասում է Կ. Խորասանյանը: Ըստ նրա, նոտարը նման դեպքում կհրաժարվեր գործարք կնքել: Նա նաեւ տեղեկացնում է, որ իր անունից կադաստրում ոչ իր ձեռքով գրված անստորագիր դիմում են ներկայացրել, որը մակագրվել է Եսայան ազգանունով աշխատակցի, ով գոյություն չի ունեցել «Կենտրոն» ստորաբաժանումում: Համեմատության համար Կ. Խորասանյանը ներկայացրել է իր եւ աղջկա անունով (Անուշ Դաշտոյանի) սեփականության վկայականները, նաեւ՝ օտարազգունը՝ «բնակարանի առքուվաճառքի պայմանագրի հիման վրա»: Այս գործով դատարան ներկայացված են բազմաթիվ մասնագիտական եզրակացություններ, այդ թվում՝ փորձաքննությունների Ազգային բյուրոյի կողմից ստացված:

2020թ. ապրիլի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը վարույթ է ընդունել Կարինե Խորասանյանի հայցն ընդդեմ պատասխանող՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նոտարական գրասենյակի նոտար Է. Շաբոյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի, Խաչատուր Բեդրոսի Բահարյանսի՝ առուվաճառքի գործարքը մասնակի առոչինչ ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջների մասին քաղգործը:

Գործ, որը քննվել է նախկինում մեկ այլ դատավորի կողմից, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Է. Ավետիսյանի լիազորությունները դադարելու հանգամանքով պայմանավորված թիվ ԵԿԴ/0709/02/12 քաղաքացիական գործը՝ 16.04.2020թ.-ին մակագրվել եւ 20.04.2020թ.-ին հանձնվել էր դատավոր Արթուր Մկրտչյանին:

«Առավոտը» նախնական դատական մի նիստի է մասնակցել, երբ կողմերը դատարանին ներկայացրեցին իրենց լիազորագրերը: Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին: Այս տարվա հունվարի 6-ին Խորասանյանը դիմել էր ԲԴԽ՝ Գագիկ Ջհանգիրյանին, որտեղից դիմումը դատական դեպարտամենտի միջոցով ուղարկվել է դատավորին «ի տնօրինություն»:

Գ. Ջհանգիրյանին ուղղված նամակում Կ. Խորասանյանը գրել է. «Ձեր կողմից հրապարակած հայտարարությունից պարզ դարձավ, որ վեթթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը, նրանց սպասարկող, աջակցող բոլոր մարմիններով: Զտման եւ մաքրման գործընթացը պետք է վերաբերվի նաեւ փաստաբաններին, որոնք շատ հեշտ են կոմունիակցվում իրավական մարմինների, դատարանների հետ: Խնդրում եմ գործնականորեն անդրադառնալ տասնամյակներ խաբված, բայց ոչ հուսալքված քաղաքացուս, հարգելով ու պատասխանելով իմ դիմումում զետեղված միակ հարցին: Ինչպես: Ակնկալում եմ ձեզնից պատասխան: Լծակներն առկա են»:
Կ. Խորասանյանը տեղեկացրել էր, որ այս պահին ընթանում է իր ընտանիքի հետ կապված կասեցված քաղգործը, իր ներկայացուցիչն է հանրային պաշտպանի գրասենյակից Աշոտ Խլոյանը. «Ինչպիսի լուծումներ կարող է գտնել տուժող քաղաքացիս, եթե բացի ինքնաբացարկից, այլ պաշտպանիչ գործիք գոյություն չունի: Դա էլ փորձված է, ու անիմաստ ժամանակի կորուստ, քանզի մասնագիտական համերաշխության պայմաններում մեր իրականության մեջ չի գործում այդ գործոնը»:

Կարինե Խորասանյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է. «Որպես երկկողմանի ազնվականների տիտղոսակիր, երեւանյան տոհմիկ նշանավոր ընտանիքների ժառանգ (լուսանկարում նրանց գերդաստանի պատմությունն է), մկրտված Էջմիածնի Սուրբ Մայր տաճարում: Իմ ընդամենը 1 սենյականոց բնակարանի սեփականության իրավունքը ստացել եմ իմ նախնիների 19-րդ դարում կառուցված 32 սենյականոց կառույցի ու նրա հողատարածքի սեփականության դիմաց (գործ 1788, ՀՀ ազգային արխիվ): Կառույցը քանդելուց առաջ Խորասանյան Սաթենիկի՝ տատիկիս եւ նրա նվիրատվության արդյունքում երեք տղաների, մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա են տեղակայվել երեք բնակելի շենքեր, որոնց թվում 18-րդ շենքը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28