Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուգահեռելով բեմական գործունեությունս ու պաշտոնս, բացառում եմ որեւէ թերացում»

Փետրվար 18,2022 13:00

Հարցազրույց օպերային սոպրանո, Վեդիի մշակույթի տան տնօրեն Օֆելյա Համբարձումյանի հետ

– Օֆելյա, ձեր անունը օպերային արվեստի սիրահարներին առավել հայտնի դարձավ 2021թ. առաջին անգամ Անուշի դերերգի իսկապես հիանալի մեկնաբանությունից հետո։ Մինչ այդ, նույն թվականի աշնանը, հանդես էիք եկել Վերդիի «Աիդայում»՝ Քրմուհու դերերգով…

– Անուշի դերերգը իմ երազանքն էր։ Առաջին անգամ, այո, դեկտեմբերին էր եւ ներկայացման գլխավոր մեներգերը դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, որը ղեկավարում էր ներկայացումը, վստահել էր Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի (գեղարվեստական ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մեներգիչներին։ 2019 թվականից ծրագրի մասնակից եմ, տարբեր համերգներում եւ տարբեր ձեւաչափերով միջոցառումներում հանդես եմ եկել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, Արցախ աշխարհում։ Երգչական կարիերայիս համար առաջին հերթին շնորհակալ եմ պարոն Ջավադյանին։ Նշեմ, որ մեր կոնսերվատորիայում ուսանել եմ անվանի օպերային երգչուհի Օլգա Գաբայանի դասարանում։ «Անուշից» հետո ինձ էլ մոտեցան շնորհավորելու, հաճելի խոսքեր ասելու թատրոնի հնաբնակներից, ինչպես նաեւ հանդիսատեսներից։ Վերջերս դարձյալ Անուշի դերերգով հանդես եկա, այս անգամ խաղընկերներ ունենալով թատրոնի ճանաչված մեներգիչներին։ Իսկ «Աիդա» ներկայացումից հետո Կարեն Դուրգարյանն ինձ ասաց, որ պատրաստեմ Աիդայի դերերգը։ Իսկ այս պահին Լեւոն Ջավադյանի հետ պատրաստում ենք Օլիմպիայի դերերգը՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից։

Քրմուհի՝ «Աիդայում»։

– Գիտե՞ք, երբ առաջին անգամ Անուշ երգեցիք, հանդիսատեսին ձեր անուն-ազգանունը ակամա հիշեցնում էր Օֆելյա Համբարձումյան անզուգական երգչուհուն։ Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավարը ի սկզբանե իր աշխատաոճում կարեւորել է ծրագրի մեներգիչների մասնակցություն հեղինակավոր միազգային մրցույթներում, մինչդեռ ձեր անունը առայժմ չի հնչել այդ հարթակներում։

– 2021-ին մասնակցեցի Լուսինե Զաքարյանի անվան հանրապետական առաջին մրցույթին եւ զբաղեցրի երկրորդ հորիզոնականը, ինչին միանգամից հաջորդեց թատրոնում գլխավոր դերերգով բեմ բարձրանալը։ Կարծում եմ՝ ամեն ինչ առջեւում է (ժպտում է-Ս. Դ.)։

Անուշ՝ Օֆելյա Համբարձումյան, Մոսի՝ Դավիթ Բաբայանց։

– Դուք Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի մշակույթի տան տնօրենն եք։ Կուզեինք հակիրճ ներկայացնեք մշակույթի տան գործունեությունը՝ սկսելով հենց շենքային պայմաններից։

– Ութ տարի է՝ մշակույթի տան տնօրենն եմ։ 2014թ. շենքը հիմնովին վերանորոգվել է շվեյցարացի բարերար Հայդի Քինդիայի աջակցությամբ..

Վեդիի արվեստի դպրոցի մրցանակակիր սաները։

– Ինչպե՞ս շվեյցարուհին «գտավ» Վեդիի մշակույթի տունը, գուցե ձե՞ր նախաձեռնությամբ։

– Դա շատ պարզ պատմություն ունի. տիկին Հայդին այցելել էր Խոր Վիրապ, որի ճանապարհը անցնում է մեր գյուղի միջով։ Ճակատագիրը նրան զավակ չի պարգեւել, բայց տիկինը շատ է սիրում երեխաներ եւ հետաքրքրվել էր, թե ինչ կարող է անել այս գյուղի երեխաների համար։ Նրան ուղղորդել էին դեպի մշակույթի տուն։ Եվ պատկերացնո՞ւմ եք՝ մինչ շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները սկսելը տիկին Հայդին մեկնեց իր հայրենիք եւ կարճ ժամանակ անց վերադարձավ ոչ ձեռնունայն՝ բերելով երաժշտական գործիքներ, նույնիսկ դուդուկ։ Իսկ հետո նրա շնորհիվ մշակույթի տունն ունեցավ նաեւ կաբինետային ռոյալ։ Մշակույթի տանը 25 տարի գործում է երաժշտական դպրոց, որի հիմնադիր տնօրենն է Մարիամ Հովհաննիսյանը, իսկ 2014-ից այն վերաճեց արվեստի դպրոցի եւ անվանակոչվեց բարերար Հայդի Քինդիայի անվամբ, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Անի Սիմոնյանը։

Այսօր արվեստի դպրոցն ունի դաշնամուրի (դասատու՝ Արուս Բալասանյան), քանոնի (դասատու՝ Կարինե Աղազարյան), վոկալի (դասատուներ՝ Էլլա Բաբայան, Արմինե Սարոյան, Օֆելյա Համբարձումյան), դհոլի (դասատու՝ Հարություն Հարությունյան), պարի (դասատուներ՝ Սյուզաննա Մուրադյան, Լուսինե Համբարձումյան), նկարչության (դասատու՝ Էլիզա Գեւորգյան), ձեռագործության (դասատու՝ Գայանե Միրզոյան) դասարաններ, որի ուսուցչական կազմը հիմնականում մեր համայնքից է։ Չմոռանամ նշել նաեւ երաժշտական տեսության, սոլֆեջիոյի եւ երաժշտական գրականության դասատուի անունը՝ Էլինա Հովհաննիսյան։ Մշակույթի տանը վերջին շրջանում սկսել են գործել ըմբշամարտի եւ ֆուտբոլի խմբակներ։ Մի բան էլ. ունենք իսկապես հարուստ գրադարան։

– Կուզեինք ներկայացնեք ձեր սաների հաջողությունները հանրապետական մրցույթներում։

– Ինչո՞ւ միայն մարզային ու հանրապետական։ Մեր սաները մասնակցում են նաեւ միջազգային տարբեր ձեւաչափերով միջոցառումների եւս։ Օրինակ, վերջերս «Արտմյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնից մեր վոկալիստ սաները երկու Գրան պրի բերեցին եւ առաջինից երրորդ տեղերը գրավեցին «Քանոն», «Դաշնամուր» եւ դարձյալ «Վոկալ» անվանակարգերում։ Մշակույթի տունը մասնակից է լինում համայնքում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Օրերս մասնակցեցինք Տյառնընդառաջի տոնին, նորապսակների օրհնության կարգին։

– Նորաստեղծ ընտանիքները շա՞տ են համայնքում։

– Եղել են տարիներ, երբ մինչեւ 30 նոր ընտանիք է կազմավորվել, այս տարի 18-ն էին։ Եկեղեցական այս տոնին, իհարկե, անմասն չի մնում համայնքի ղեկավարությունը։ Համայնքի ղեկավար Կարեն Ստեփանյանը սիմվոլիկ նվերներ էր պատրաստել նրանց համար, կազմակերպել հյուրասիրություն, հնչում էր երգ-երաժշտություն։ Մի խոսքով՝ իսկական տոնախմբություն էր։ Այս տարվա հունվարին էլ Տափերականի մշակույթի տան հետ համատեղ, երաժիշտ Սեդրակ Գրիգորյանի նախաձեռնությամբ ավանդաբար անցկացվող «ԱրտՍեդ» մարզային մրցույթից հետո որոշեցինք այս նախագծով շրջել այլ մարզերում նույնպես։ Իհարկե, էլի ծրագրեր ունենք։

– Անդրադառնանք երգչուհու` ձեր կարիերային։ Տնօրենի պաշտոնը, գոնե ժամանակի առումով, հավանաբար սահմանափակո՞ւմ է ձեր բեմական գործունեությունը։

– Բացարձակ։ Գուցե քայլերս մեծ չեն, բայց առայժմ կարիերայիցս դժգոհ չեմ։ Իհարկե, կուզեի մասնակցել վարպետության դասերի, մեկնել միջազգային մրցույթների եւ այլն, եւ այլն։ Զուգահեռելով բեմական գործունեությունս ու պաշտոնս, հավատացնում եմ, բացառվում է որեւէ թերացում։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28