Օրերս ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Արցախում բացվեցին տասը կիրակնօրյա դպրոցներ՝ երկուսը Ստեփանակերտում, մյուսները՝ տարբեր համայնքներում: Դրանք բոլորն էլ կարեւոր առաքելություն են ունենալու Աստծո լույս մանուկների հոգեւոր դաստիարակության համար: Այս դպրոցների հիմնումն ուղղված է նոր սերնդի կրոնա-բարոյական եւ ազգային դաստիարակությանը: Այն միջոց է նոր սերնդին մոտեցնելու եւ հաղորդակից դարձնելու ազգային, հոգեւոր արժեքներին:
Կիրակնօրյա դպրոցներում դասավանդող ուսուցիչները երկօրյա վերապատրաստման դասընթացների են մասնակցել, որը կազմակերպել էր Արցախի թեմը՝ «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Վերապատրաստման դասընթացներին ուսուցիչները ստացան համապատասխան մեթոդական գործիքներն ու մոտեցումները, որոնք անհրաժեշտ են կիրակնօրյա դպրոցում դասավանդելու համար: Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր խոսքում կարեւորեց նման ծրագրերի հիմքում հավատքի, սիրո եւ նվիրումի առկայությունը: «Կարծում եմ՝ մեր երեխաներին դաստիարակելով՝ մենք մեր միտքն ու հավատքը կփոխանցենք նրանց եւ կդառնանք իրապես այն կարեւոր գործընթացների կրողը, որ տանում է դեպի ազգապահպանություն, պետականաշինություն եւ եկեղեցաշինություն»,-մասնավորապես ասել է Արցախի թեմի առաջնորդը:
Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կիրակնօրյա դպրոցների ծրագրի տասնամյա փորձը դրական արդյունք է տվել Տավուշի եւ Արագածոտնի թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների մատաղ շահառուներին:
Ճարտարի Արա Ավանեսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Զինաիդա Արզումանյանը 1999 թվականից է Արցախում «Կրոն», ապա «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները դասավանդում: Ասում է՝ սիրով է ընդունել կիրակնօրյա դպրոցում դասավանդելու հրավերը:
«Կարեւորում եմ կիրակնօրյա դպրոցի աշխատանքը: Սա թույլ է տալիս, որ երեխաներին Աստվածաշնչյան բազում գիտելիքներ փոխանցենք, որոնք, վստահ եմ, կյանքի ընթացքում օգնելու են ավելի ճիշտ, քրիստոնյային վայել ապրել ու հաջողությունների հասնել»,-նշել է Զինաիդա Արզումանյանը, ավելացնելով, որ առաջին դասերին երեխաները սիրով են հաճախել, հետաքրքիր եւ որ ամենակարեւորն է՝ գիտելիքով լի օր են ունեցել:
«Ինչպես «Կրոն» առարկան դասավանդելու տարիներին, այնպես էլ հիմա՝ երեխաները սիրում են Հիսուսի առակներն ու գործած հրաշքները: Եվ այո, այն, ինչ գիտենք, պետք է մեծ պատասխանատվությամբ փոխանցենք մեր երեխաներին, որովհետեւ հոգեւոր արժեք է, որը ուղեկից պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյա հայի»,-վստահեցրել է Զինաիդա Արզումանյանը:
Կարդացեք նաև
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2022