Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կարեւոր լծակներ ունի՝ Թուրքիային սանձելու համար»

Փետրվար 18,2022 12:00

«Առավոտի» զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

– Պարոն Էստուկյան, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, երբ ողջ աշխարհի համար ակնհայտ էր Թուրքիայի քաղաքական, ռազմական աջակցությունը Ադրբեջանին, այսօր հնարավո՞ր են վստահելի, արդյունավետ հայ-թուրքական բանակցություններ, որքանո՞վ են թուրքական իշխանություններն անկեղծ՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց դիրքորոշմամբ:

– Անկեղծության մասին հնարավոր չէ երաշխիք ունենալ որեւէ պետության համար, ներառյալ՝ Թուրքիայի: Անկեղծություն բառը նախ մեր մտքից արդեն պետք է հեռացնենք: Ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Եվրամիության կողմից չպետք է անկեղծություն ակնկալել: Հետեւաբար, պետական հարաբերություններում միշտ կեղծավորության բաժին կա, մշտապես շահերի պաշտպանության անհրաժեշտություն կա: Բայց ասել՝ անկեղծ չեն, ու այդ պատճառաբանությամբ հարաբերություններից խուսափել, դա հնարավոր չէ: Եթե միջազգային հանրության մաս ենք կազմում որպես Հայաստանի Հանրապետություն, մենք պետք է իմանանք դիվանագիտության պահանջները, իսկ դիվանագիտության գլխավոր պահանջներից է հարաբերություններ ունենալը ամբողջ աշխարհի հետ, եւ ոչ բնական է հենց այդպիսի հարաբերություններ չունենալը, այսինքն, այն վիճակը, որն առկա էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջին երեսուն տարիներին: Թուրքիան պաշտոնապես ճանաչեց որպես անկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը, սակայն մերժեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, եւ առաջին հերթին դրանում որպես պատճառաբանություն Արցախի Հանրապետությունը չէր, այլ զարգացում ունեցավ: Արցախյան առաջին պատերազմում, երբ հայկական կողմի հաջողությունները գերակշիռ ու նշանակալի դարձան, դրանից հետո միայն Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանները:

Սակայն ի սկզբանե՝ Թուրքիան սահմանները փակելու խնդիր չէր դրել, Արցախյան պատերազմը դեռ իր ընթացքին չէր հասել, մինչդեռ Թուրքիան արդեն իսկ մերժել էր դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Բայց սա էլ Թուրքիայի համար ոչ բնական վիճակ էր, եւ պետք էր փոխվեր: Հիմա Թուրքիայի համար այդ առիթը ստեղծվեց, քանի որ պատճառաբանվում է, որ արցախյան խնդիրը լուծվել է, հետեւաբար կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Այդ հարաբերությունների հաստատման ընթացքում եւ հետո ինչ հեռանկարներ կարող են լինել՝ դրանք արդեն լրջորեն մտորելու խնդիր են: Բայցեւ՝ մենք, ի՞նչ հեռանկարներ կարող ենք ունենալ: Պետք է հիշենք, որ վերջին 30 տարիներին հայկական կողմը մշտապես Թուրքիայի հետ ե՛ւ սահմանների բացման, ե՛ւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմնակիցն է եղել, ու երբ այդ առաջարկը հանկարծ հակառակորդի կողմից եկավ՝ մենք հիմա շփոթի մեջ ենք, հարցնում ենք՝ արդյո՞ք անկեղծ է Թուրքիան, ո՞րն է Թուրքիայի իրական նպատակը: Երբեք էլ անկեղծ լինելու հարցում վստահ երաշխիք չենք կարող ունենալ:

– Պարոն Էստուկյան, իրավացի եք, պաշտոնական Երեւանը մշտապես փորձել է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, սակայն Թուրքիայի իշխանությունները հիմա անընդհատ ներկայացնում են, թե «խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին», բայց այնպիսի տպավորություն է, թե առավելապես Հայաստանին է պետք այդ խաղաղությունը, սա ինչ-որ առումով «շանտաժի», սպառնալիքի է նմանվում, մանավանդ որ, պաշտոնական Անկարան շարունակաբար Ադրբեջանի պահանջներն է «հովանավորում», օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ», այսինքն՝ սատարում են Ադրբեջանի իշխանության մոտ այսօր էլ գոյություն ունեցող ռազմատենչ քաղաքականությունը՝ Հայաստանի նկատմամբ:

– Ուրեմն, այստեղ արդեն հայկական կողմը պետք է հայտարարի, որ այդ տեսակ նախապայմաններն անընդունելի են, քանի որ սպառնում են մեր երկրի տարածքային ամբողջականությանը, այստեղ սակարկության խնդիր չունենք, դրանք բացարձակապես մերժելի հայտարարություններ են: Մենք պետք է խոսենք տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պահանջի մասին, ունենանք բաց սահմաններ, ինչպես քաղաքակիրթ բոլոր պետությունները: Եթե թուրքական բեռնատար մեքենաները ցանկանում են ապրանքներ հասցնել Ադրբեջան, թող ՀՀ սահմաններում թույլտվություն ստանան՝ անցնեն: Այսինքն, եթե տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում պետք է լինի, թող դա իրականացվի ինչպես բոլոր միջպետական սահմանների դեպքում է արվում, այլ ոչ թե՝ Հայաստանի տարածքով ազատ անցնեն, գնան:

– Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն վերջերս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ դրա վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Հարցին, թե ինչպես են Ադրբեջանում վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, պնդել էր, թե «Ադրբեջանում որեւէ անհանգստություն չի առաջացնում, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն աջակցում է այս գործընթացին»։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիան առանց Ադրբեջանի հետ համակարգելու, ոչինչ չի անելու: Ինչ-որ պահից, եթե Հայաստան-Թուրքիա բանակցությունները հասնեն էական արդյունքների, դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

– Թուրքիան այսօր ամբողջովին ենթարկվում է Ադրբեջանին եւ չի կարող Ադրբեջանին ոչ ձեռնտու որեւէ քայլի դիմել: Այսօր Ադրբեջանը, կարծես, առարկություններ չունի: «Պեգասուսը» սկսեց Երեւան-Ստամբուլ չվերթները, այս նույն ընկերությունը նախկինում էլ ուներ այդ չվերթները, սակայն Բաքուն նույնիսկ առարկել էր, թե այդ դեպքում Թուրքիան թող հրաժարվի դեպի Բաքու թռիչքներից: Թուրքիայի ԱԳՆ-ն, հետեւաբար, Ադրբեջանի հետ որոշակի համերաշխություն է ապահովում, նրանք այս պահի դրությամբ Ադրբեջանի կամքին հակասող որեւէ քայլի չեն կարող դիմել: Ադրբեջանը կարեւոր լծակներ ունի՝ Թուրքիային սանձելու համար:

– Ըստ Թուրքիայում անցկացված սոցհարցման, թուրքերի 61 տոկոսը սպառնալիք է համարում Հայաստանը: Հարցումը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացրել էր Ստամբուլի Քադիր Հաս հեղինակավոր համալսարանը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում էլ հասարակության մի ստվար զանգված դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ի՞նչ է ստացվում, պարոն Էստուկյան, Թուրքիայում այն գործիչները, որոնք իսկապես կողմնակից էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, նույնիսկ համարում էին, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հատվածի ձայնը լսելի չէ, Թուրքիայի իշխանական կարծիքին ընդդիմացողների մի մասը լքել է երկիրը, մյուս մասը՝ հետապնդվում է: Այսօր հասարակական ի՞նչ տրամադրություններ են Թուրքիայում:

– Դա վկայում է այն մասին, թե պետական քարոզչությունը որքան խորը ազդեցություն է ունենում հասարակական տրամադրությունների վրա: Մինչդեռ իրականությունն այդպիսին չէ, Հայաստանը սպառնալիք չի ներկայացնում Թուրքիայի համար, որովհետեւ ոչ մեր բնակչության թվերն են համեմատելի, ոչ տնտեսության մակարդակը, ոչ էլ մեր բանակների կարողություններն են համեմատելի: Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ հզորագույն բանակ ունեցող պետությունն է, հետեւաբար, այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարող է ՀՀ-ն ու ՀՀ քաղաքացիները սպառնալիք լինել Թուրքիայի համար: Պատճառը պարզ է, այստեղ այնպիսի համոզում է ձեւավորվել, որ հայերը հզոր են իրենց միջազգային կազմակերպություններով, եւ այդ կազմակերպությունների գործունեության արդյունքում կարող են փորձանք դառնալ Թուրքիայի համար: Այս համոզումը Թուրքիայում բավական տարածված է: Բայց լավ է, թող վախենան, ես դեմ չեմ:

– Թուրքիայի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանն անդրադառնանք: Մենք տեսնում ենք Էրդողանի կողմից բավական ակտիվ, հավակնոտ, նախաձեռնողական քաղաքականություն աշխարհի գրեթե բոլոր ծայրերում՝ հակամարտություններում, խնդիրներում: Էրդողանի հավակնոտ քաղաքականությունը բոլորի աչքի առաջ է: Իսկ Հարավային Կովկասում Թուրքիայի հավակնությունները կարո՞ղ են ինչ-որ պահից Ռուսաստանի շահերը խոչընդոտել: Ռուս փորձագետների մի շերտ կա, որոնք համարում են, որ Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ նախկին Խորհրդային միության երկրներում, նախեւառաջ, ընդդեմ Ռուսաստանի է:

– Այո, ես էլ եմ այդ կարծիքին, համարում եմ, որ թուրքական իշխանությունների հավակնոտ քաղաքականությունը ի վերջո դեմ է դուրս գալու Ռուսաստանին: Եվ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վարողներն էլ նման կարծիք ունենալու կարողություն վստահաբար ունեն: Թուրքիան այսօր վտանգավոր «պար» է խաղում՝ որպես զույգ ընտրելով Ռուսաստանը եւ հիմա շատ ուրախ է, որ «պարում» է, մանավանդ որ, ընդդեմ Միացյալ Նահանգների շանտաժի գործոնն է օգտագործում՝ Ռուսաստանի հետ մերձեցման հարցում: Պատկերավոր ասած՝ լարախաղացը խաղում է այնպիսի լարի վրա, որի մի ծայրը արջի թաթին է, մյուսը՝ արծվի, ու նա փորձում է հավասարակշռություն պահել, հետեւաբար, սա շատ վտանգավոր է, որովհետեւ, եթե կողմերից մեկը փոքր-ինչ թույլ տա՝ նա անդունդ է գլորվելու: Թուրքիայում սա տեսնողներն ու գիտակցողները շատ չեն, ընդհակառակը, կա համոզում, թե մենք միջազգային խաղացող ենք, կարեւոր դերակատար ենք, անգամ՝ գերտերության հավակնություններ ունեն: Միգուցե Էրդողանն այդ հավակնություններն իսկապես ունենար, եթե նա կարողանար պահել գոնե 10 տարի առաջ ունեցած քաղաքական դիրքորոշումը: Սակայն մեծ վայրիվերումներ եղան նրա դիրքորոշումներում, որոնցով այդպիսի խաղը դժվար կլինի շարունակել: Երկրի ներսում Էրդողանի կառավարությունը լրջորեն կորցրել է իր վարկանիշը: Գալիք տարում ընտրությունները Էրդողանի համար բարդ են լինելու, քանի որ երկիրը տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ է, Թուրքիայի հասարակության համբերության, հանդուրժողականության սահմանն անցել է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28