Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակը չէ՞ մեր իշխանությունները ցույց տան, որ իրենք ինքնիշխան պետության իշխանություն են, այլ ոչ թե՝ վասալ

Փետրվար 18,2022 14:30

Բելառուսի տխրահռչակ չկայացած թագավոր Լուկաշենկոյի հայտարարությունը դարձել է մեր օրերի ամենաքննարկվող թեման: Բարեկրթության առումով, իհարկե, նրա ասածները բնութագրում են առաջին հերթին հեղինակին՝ նրա անմակարդակ մակարդակը: Սակայն կարծում եմ՝ խնդիրը դա չէ, այլ այն, որ նրա պես անմակարդակ մեկը համարձակվում է նման տոնով խոսել: Այստեղ առաջին մեղավորը ինքներս ենք՝ հանձինս մեր իշխանությունների, որոնք այլ առիթներով, ինչպես ասում են՝ չկարողացան տեղը դնել նման անդաստիարակներին: Օրինակ, երբ նա Լապշինին արտահանձնեց (էքստրադիցիայի ենթարկեց) իր խավիարային բարեկամին, արհամարհելով միջազգային կոնվենցիաներով սահմանված նորմերը, մենք լռեցինք, փոխանակ աշխարհով մեկ նրան խայտառակելու:

Նույն կերպ վարվեցինք մի այլ դեպքում, երբ արտահանձնվեց Հունգարիայի դատարանով դատապարտված մարդասպանը: Միայն դիվանագիտական հարաբերություններ խզելը բավարա՞ր էր այդ դեպքում: Պահանջեցի՞նք ՆԱՏՕ-ից ներողություն խնդրել հայ ժողովրդից, կարողացա՞նք այդ արտառոց երեւույթը դարձնել միջազգային հանրության քննարկման առարկա, ինչո՞ւ Եվրոպան մնաց խուլ։

Կամ՝ մի այլ օրինակ. որեւէ ձեւով պատասխանեցի՞նք Տոկաեւին, երբ նա ջերմ շնորհավորանքներ էր հղում իր բարեկամ Ալիեւին ղարաբաղյան պատերազմում հաղթելու կապակցությամբ: Չէ՞ որ ղազախական իրադարձությունների ժամանակ, երբ նա խնդրում էր մեր օգնությունը, կարելի էր, չէ,՞ ավելի լուրջ պատասխանել նրան, այլ ոչ թե ցույց տալ իբր մեր վեհանձնությունը:

Իմ պատկերացմամբ պետք էր տալ արժանապատիվ պատասխան, մոտավորապես այսպիսին. որպես ՀԱՊԿ-ում նախագահող պետություն

1) կկազմակերպենք անհրաժեշտ քայլերը աջակցելու համար,

2) սակայն որքանով քո բարեկամը մեր սահմաններում անընդհատ ոտնձգությունների է դիմում, Հայաստանը ի վիճակի չէ այս պահին ռազմական աջակցություն ցուցաբերել,

3) միջազգային ահաբեկիչները գործում էին նաեւ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եւ անհրաժեշտ էր ժամանակին դատապարտել նրանց գործունեությունը: Իհարկե՝ այս ամենը ձեւակերպելով դիվանագիտական լեզվով:

Այլ օրինակներ եւս կարելի է հիշատակել, բայց առայժմ բավարարվենք այսքանով: Եթե ժամանակին այս ու այլ դեպքերում դրսեւորեինք արժանապատիվ կեցվածք, ապա այսօր Լուկաշենկոն եւ իր նմանները չէին համարձակվի արհամարհանքով խոսել ու ոտնահարել մեր արժանապատվությունը:

Նույնը վերաբերում է այլ տեսակի միջազգային հարաբերություններին: Օրինակ, ինչի՞ է նման հայ-թուրքական հարաբերությունները: Տպավորությունս այն է, որ այդ հարաբերությունների բարելավման կողմնակիցը մենք ենք եւ հանդես ենք գալիս խնդրողի դերում, իսկ թուրքն էլ օգտվելով դրանից, դրա դիմաց սկսում է պահանջներ, նախապայմաններ դնել: Չենք ասում, ա՛յ թուրք, չէ՞ որ դու հանդես ես գալիս որպես ժողովրդավարական երկիր, քաղաքակրթված ժողովուրդ, ցանկանում ես դառնալ ԵՄ անդամ, էլ ի՞նչ ես պոչ խաղացնում: Ինչ վերաբերում է քո նախապայմաններին, մենք ավելի շատ նախապայմաններ ունենք: Այսօր դու դժգոհում ես հայ սփյուռքից, մոռանալով, որ այդ սփյուռքը ստեղծվել է քո վայրագությունների հետեւանքով: Բացի այդ, հարաբերությունների բարելավումը ավելի օգտակար է քեզ, քան մեզ: Այնպես որ, առաջարկում ենք առաջ ընթանալ քաղաքակիրթ պետություններին հատուկ ձեւերով, այնպես, ինչպես օրինակ՝ ԵՄ անդամ պետությունները: Թե չէ ընկել ենք սարուձոր, միջնորդներ ենք փնտրում:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային խաղաղության հաստատման քաղաքականությանը, ապա կարծում եմ, որ խաղաղությունը պետք է ոչ թե մուրալ, այլ վարել հարձակողական, նախաձեռնողական քաղաքականություն, իհարկե՝ չմոռանալով, որ եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվել պատերազմի: Նկատի ունեմ, որ անհրաժեշտ է անընդհատ հանդես գալ տարբեր բնույթի՝ տնտեսական, գիտական, մշակութային եւ այլ առաջարկություններով ու նախաձեռնություններով: Եթե մեր հարեւանները կընդունեն դրանք, ապա պետք է ողջունել, իսկ եթե տարբեր պատճառաբանություններով հակառակվեն՝ էլի լավ է, պարզապես ակնհայտ կդառնա, թե ո՞վ ով է:

Մի փոքր շեղվեցի: Վերստին դառնանք Լուկաշենկոյի ելույթին: Բովանդակային առումով նա այդ ելույթում կատարեց մի լուրջ բացահայտում: Բանն այն է, որ պարզվում է՝ Հայաստանը նոր դաշինքում հայտնվելու վտանգի առջեւ է կանգնած: Եվ դա ոչ թե առաջարկություն է, այլ արդեն որոշված է եւ պարտադրված, այդ պատճառով է գտնում, որ մենք այլընտրանք չունենք: Ակնհայտ է, որ նա դա հռչակում է ոչ թե զուտ իր անունից, այլ իր շատ սիրելի ավագ եղբոր պարտադրանքով: Այլ բան է, որ նա այդ ամենն ասում է ոչ թե դիվանագիտական, լղոզված լեզվով, այլ իր անդաստիարակ խառնվածքին հատուկ լպիրշ ձեւով: Բնականաբար, մեր իշխանությունները պարտավորված են մեզ տեղեկացնել այդ մասին եւ հավուր պատշաճի արժանապատիվ պատասխան պահանջել ե՛ւ իրենից, ե՛ւ նրա ավագ եղբորից, դաշինքի անդամ մյուս պետություններից։ Հակառակ պարագայում, ժամանակը չէ՞ մեր իշխանությունները ցույց տան, որ իրենք ինքնիշխան պետության իշխանություն են, այլ ոչ թե՝ վասալ: Գուցե ժամանակն է ասելու, որ մենք չենք կարող լինել մի դաշինքում, որի անդամ է նաեւ նման ոչնչությունը եւ մենք կասեցնում ենք մեր անդամակցությունը նման դաշինքում:

Հետաքրքիր է, գնալու տեղ ունի՞ այդ ինքնահռչակ նախագահը, որն անգամ իր ժողովրդին պետք չէ։

Այո՛, գրողի ծոցը։ Այդտեղ գործուղելու համար մեծ մասնակցություն պետք է ունենա «գնալու տեղ չունեցող» Հայաստանը:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

[email protected]

«Առավոտ» օրաթերթ
17.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28