«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
Կառավարությունը շրջանառում է օրենքի նախագիծ «Մառյել Մաունթայն Ռեզորթ» ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին։
Գործող օրենսդրությամբ, Ծաղկաձորից, Ջերմուկից, Սևանից, Մեղրիից բացի, այլ համայնքներում խաղատան լիցենզիա կարելի է տրամադրել առնվազն 40 մլրդ դրամ ներդրում կատարելու դեպքում՝ տարեկան 5,5 մլրդ դրամ պետական տուրքով։
Եվ ահա, կառավարությունը որոշել է, որ ինչ-որ մի անհայտ ընկերություն 15 մլրդ դրամ ներդրման դիմաց պետք է ստանա խաղատան լիցենզիա Ապարան համայնքում՝ տարեկան 100 մլն դրամ պետական տուրքով՝ հետևյալ հիմնավորմամբ՝ նախագիծը միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը։
Կարդացեք նաև
Օնլայն խաղատների կործանարար հետևանքների մասին նորից չխոսեմ։
Ընդհանրապես, մեկ կամ մի քանի ընկերությանը արտոնություններ տրամադրելը տնտեսության գլխավոր «թշնամիներից» է։ Եթե որևէ ընկերություն ստանում է արտոնություն, հետևաբար բոլոր նման ընկերությունները իրավունք պետք է ունենան ստանալ նույնանման արտոնություն։
Հիմա, եթե Երևանում մեկ այլ ընկերություն դիմի 15 մլրդ ներդրման դիմաց (նորմալ հյուրանոցի ներդրում) խաղատան լիցենզիայի համար, ի՞նչ հիմքով պետք է կառավարությունը մերժի։ Արդյունքում գործող օրենսդրությունը դառնում է անիմաստ և Երևանը բուքմեյքերային քաղաքից անցում կկատարի կազինոների քաղաքի։
Հետևաբար, եթե կառավարությունը գտնում է, որ նորմալ է 15 մլրդ ներդրման դիմաց խաղատան լիցենզիա տալը, ապա պետք է փոփոխություն կատարի գործող օրենսդրության մեջ՝ հիմնավորելով պահանջների մեղմացումը և խաղատների խթանումը։
Ի դեպ, կա՞ արդյոք որևէ հիմնավորում, որ այդ ընկերությունը կատարելու է այդ ներդրումը, ունի՞ արդյոք ֆինասական միջոցների մասին հիմնավորում, թե՞ գործ ենք ունենալու հայտնի պատմության հետ՝ տղերք կազինոյի լիցենզիա ունեմ, փող ճարենք կազինո բացենք․․․
Ի դեպ, այս «անհայտ» ընկերության հետ փոխկապակցված ընկերության մասով առկա էր քրեական գործ՝ պետությանը մոտ 800 մլն դրամ վնաս պատճառելու գործով…