«Աշխատի՛ր մարզում» խորագրով հանդիպում՝ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում
Հանդիպման նպատակն էր ծրագրի մասին իրազեկել Տավուշի մարզի երիտասարդներին և հեռանկարային գործատուներին, գնահատել առկա մասնագիտական պահանջը ՏՏ, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտներում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում։ «Աշխատի՛ր մարզում» խորագրով հերթական հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, այլ պաշտոնատար անձինք, երիտասարդներ, ուսանողներ։
Կարդացեք նաև
Հանդիպման նպատակն էր ծրագրի մասին իրազեկել Տավուշի մարզի երիտասարդներին և հեռանկարային գործատուներին, գնահատել առկա մասնագիտական պահանջը ՏՏ, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտներում։ «Տավուշը մեզ համար շատ հարազատ տարածաշրջան է, քանի որ ՀՕՖ-ը վերջին 9 տարիներին իր խոշոր ծրագրերից մեկն իրականացնում է հենց Տավուշում՝ Բերդի տարածաշրջանում, որն արդեն ընդլայնվել է նաև դեպի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան։
Ուզում եմ շեշտել, որ ՀՕՖ-ը ծրագրեր իրականացնելիս առաջնորդվում է «կամ պետք է ոչինչ չանել կամ անել առավելագույնս լավ» սկզբունքով։ Սա երկարաժամկետ ծրագիր է՝ 5 տարվա, իրականացնում ենք մեր երեք գործընկերների՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ագրարային համալսարանի և CIVITTA խորհրդատվական ընկերության հետ։ Երեք հիմնական ուղղություններով է աշխատելու՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն/հյուրընկալություն, գյուղատնտեսություն», – հանդիպմանը նշեց ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում ՀՕՖ-ի թիմը ներկայացրեց նաև ծրագրի մանրամասները, իրականացման ուղղությունները։ Այնուհետեւ անդրադարձ է կատարվել մարզում ապրելու և աշխատելու մարտահրավերներին ու հնարավորություններին։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ ԵՊՀ ԻՄ-ի