Ինչպես հայտնի է, օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Ալեքսանդր Սաֆարյանը, Աշոտ Մելքոնյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Ռուբեն Սաֆրաստյանը եւ այլ թուրքագետներ: Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Սաֆրաստյանը պատմեց, թե մասնավորապես ինչ հարցադրումներ են եղել ու ինչ են պատասխանել իշխանականները. «Ես հայտնեցի իմ այն մտահոգությունը, որ բանակցային գործընթացում պետք է լինեն կարմիր գծեր, որոնք կապված են մեր ինքնության հետ, այդտեղ զիջումներ չպետք է լինեն»:
Հարցին՝ պատասխանեցին, որ կա՞ն այդ կարմիր գծերը՝ Սաֆրաստյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, ես դա արտահայտեցի ու դրա դեմ ոչ մի բան չեղավ, անհամաձայնություն չեղավ»:
Հարցին՝ դուք ի՞նչ զգացիք, պատրաստակա՞մ էին ձեր խորհուրդները լսել, այդ հանդիպումը ի՞նչ նպատակ էր հետապնդում ու ինչի ծառայեց՝ Սաֆրաստյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, կարող եմ արձանագրել փաստ, որ զանգեցին, հրավիրեցին մի քանի մասնագետների, մենք այնտեղ ներկա էինք: Ընդհանուր առմամբ դրական է իմ մոտեցումը: Բանակցային գործընթացը նոր է սկսում, առանձնապես բովանդակային չեն եղել բանակցությունները, ճանաչողական հանդիպում է եղել: Վատ չէր ամեն դեպքում, որ գնացի, իմ մտահոգությունը հայտնեցի, լսվեցի»:
Կարդացեք նաև
Այն հարցադրումներին՝ Թուրքիան իր նախապայմաններից հրաժարվե՞լ է՝ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ իշխանականները պատասխանել են այն, ինչ ասել են մամուլին՝ այո, Թուրքիան ասել է, որ առանց նախապայմանների պատրաստ է բանակցությունների. «Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում այդ հարցերը կդրվեն սեղանի վրա՝ որպես բանակցության խնդիրներ: Այդ հարցերը՝ կապված ցեղասպանության հետ, Արցախի հետ, Կարսի պայմանագրի հետ, դրանք Թուրքիան չի շրջանցի»:
Դիտարկմանը, որ թուրքագետների հանրույթի ձեր հանդիպումը նաեւ քննադատության է արժանացել, օրինակ, այսօր հրավիրած ասուլիսում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Արարատ Միրզոյանը «թուրքահպատակներին հավաքել է». « Ռուբեն Սաֆրաստյան, Արամ Սաֆարյանի եղբայր, Աշոտ Մելքոնյան, գնացել եք, որ ի՞նչ անեք»:
Սաֆրաստյանն արձագանքեց, որ իրենց թրքահպատակ անվանելը լուրջ չէ. «Ես համաձայն չեմ այդ գնահատականների հետ, ինչո՞ւ է այդպիսի բաներ ասում: Նա քաղաքական գործիչ է, քաղաքական նկատառումներից է դա ասում: Մարդիկ հրավիրեցին՝ մենք գնացինք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ինչու է իրեն նման լափառոշություն թույլ տալիս Զոհրաբյանը։ Ինքը գործակատար լինելով այս հարգված մարդկանց հասցեին նման բաներ ասելու իրավունք չունի