ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, Հայաստանում իշխող ուժը պաշտոնում առաջադրել է Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին չբավարարող անձի թեկնածություն։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ նախագահի թեկնածուն պետք է լինի անաչառ, առաջնորդվի միայն ազգային շահով, մինչդեռ իշխանության ներկայացրած թեկնածուն, նախկին նախագահի կարծիքով, չի համապատասխանում նշված որակներին. «Արդյոք պետք է մարդ առաջադրեինք միայն խորհրդարանի ամբիոնը շահագործելու նպատակով։ Այո, կարող էինք: Բայց ես համոզված եմ, որ դա չպետք է արվեր, քանի որ դա կլիներ բեմադրություն։ Չեմ կարծում, որ այս բեմադրության մեջ մենք պետք է դեկորացիայի դեր կատարեինք»:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը նախագահ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է «Հայաստան» խմբակցության առաքելությունն ԱԺ-ում. «Ձեր խմբակցությունն ի՞նչ է անում ԱԺ-ում։ Դուք ասում եք, որ չեք առաջադրում նախագահի ձեր թեկնածուին, որպեսզի չլեգիտիմացնեք իշխող մեծամասնության թեկնածուին։ Այսինքն՝ հնարավո՞ր է լեգիտիմացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը։ Հնարավո՞ր է լեգիտիմացնել ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նշանակումը պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ձեր կարծիքով՝ կարելի՞ է անվերջ քննարկել ընդամենը մեկ օրակարգ՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նշանակումը։ Խոսքը, մասնավորապես, Արթուր Ղազինյանի նշանակման մասին է»:
«Այստեղ իրավիճակն այլ է։ Մենք պետք է մտնեինք մի գործընթաց, որտեղ հաջողությունն անտեսանելի է։ Սա գրեթե անհնար է։ Արդեն կառավարության նիստի ժամանակ վարչապետը շնորհավորեց իրենց առաջադրած թեկնածուին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ առաջարկ հնչեցնելով իշխանությանը. «Եթե մենք ուզում ենք ունենալ նախագահ, որը կառաջնորդվի միայն ազգային շահով, ով կլինի անաչառ, ապա լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը, որը վայելում է համընդհանուր հարգանք։ Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով» :
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ