Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 80 աշխատողներ Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 17-ին բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Կոմբինատի տնօրինությունը փորձել է բացատրել աշխատակիցներին, որ աշխատավարձի բարձրացումը ժամանակի հարց է, այս պահին դա չի քննարկվում։ Բողոքավորներին չի գոհացրել տնօրինության պատասխանը ու շարունակել են ցույցը։ Ըստ ականատեսների, քիչ անց բողոքավորներին է մոտեցել Սյունիքի մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանը ու ասել, որ ինքը կլուծի աշխատավարձերի հարցը։ Քաջարանցիները Գառնիկ Պետրոսյանի հայտարարությունից հետո՝ բացականչել են ՝«ապրի մեր ապագա մարզպետը»։
Aravot.am-ի աղբյուրի փոխանցմամբ բողոքավորները կառավարող ուժի համակիրներ էին։
Սյունիքի մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում չժխտեց, որ հանդիպել է ԶՊՄԿ-ի բողոքող աշխատակիցներին։ «Աշխատավարձի խնդիր կար, պայմանավորվեցինք՝ որ առաջիկայում կքննարկենք այդ հարցը»,-ասաց Պետրոսյանը։ Մեր այն դիտարկմանը, թե արդյոք նա հանդիպե՞լ է ԶՊՄԿ-ի տնօրինության հետ՝ պատասխանեց․ «Ոչ, այսօր չեմ հանդիպել, բայց մոտ օրերս նախատեսում եմ հանդիպել»։
Կարդացեք նաև
Իսկ արդյոք բողոքավորները Պետրոսյանին որպես Սյունիքի ապագա մարզպետ են ընդունել կամ ինքը այդպես է ներկայացել՝ խորհրդականը միանգամից ասաց․ «Դա դեզինֆորմացիա է»։
Նշենք, որ Գառնիկ Պետրոսյանը Սյունիքի մարզպետի խորհրդական է նշանակվել այս տարի հունվարի 17-ին։ Մեր այն հարցին, թե մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին առաջին խորհուրդն որն է եղել՝ Պետրոսյանն ասել էր․ «Ծննդով քաջարանցի եմ, կարեւորում եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցությունը՝ թե՛ Քաջարանի, թե՛ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ու առաջարկներս եղել են այդ համատեքստում»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Գառնիկ Պետրոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուկից