ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրենին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարը շնորհավորել է Ջոն Ալելոյին՝ ԱՄՆ ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեր երկրում կարևոր գործունեություն է ծավալում, և նախարարությունը պատրաստ է զարգացնել համագործակցությունը կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում:
ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր հերթին նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը համակարգում է Հայաստանի համար հեռանկարային առումով մի շարք կարևոր ուղղություններ և այդ շրջանակներում արձանագրել է բազում հաջողություններ: Նա նաև փաստել է այդ ոլորտներում որոշակի մարտահրավերների առկայությունը՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ծրագրերի, միասնական նպատակի և ջանքերի համադրման արդյունքում կարձանագրվի համապատասխան առաջընթաց, քանի որ առկա է նվիրում, պատրաստակամություն և ռիսկերի հաղթահարման կամք:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է այն ծրագրերը, որոնց ուղղությամբ կողմերը կարող են համագործակցությունը զարգացնել: Մասնավորապես անդրադարձ է եղել ԱՄՆ ՄԶԾ ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրին, որը համընդհանուր ներառականության ճանապարհին նախանշված թիրախային նպատակներին և արդյունքներին հասնելու գործընթացում աջակցություն է ԿԳՄՍ նախարարությանը:
Փոխնախարարը շեշտել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից նախատեսվող երիտասարդության մասնակցության ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությունը, ինչպես նաև կարևորել է մշակութային տուրիզմի ոլորտում ջանքերի համադրման հարցը՝ այդ համատեքստում անդրադառնալով ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված մշակութային տուրիզմի «Իմ Հայաստան– My Armenia» ծրագրին: Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում փոխգործակցությանը՝ կարևորելով ագրարային ոլորտում մասնագետների պատրաստման և կադրերի համալրման խնդիրը:
Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ հնարավոր համագործակցությանը նախարարության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման գործընթացի, դրա ռիսկերի կառավարման և հաշվետվողականության համակարգի համատեքստում:
Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը՝ կարևորելով բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունը վերոնշյալ գործընթացում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ