Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի հակադարձել Վլադիմիր Պուտինին

Փետրվար 17,2022 18:55

«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պայքարելու է, որպեսզի Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում, ես էլ եմ պայքարելու, որ դա չլինի, ես ամեն ինչ կանեմ, բայց մենք չենք կարող խոսել Հայաստանի ներկայիս իշխանությունների անունից»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Եթե ​​Հայաստանի իշխանությունները համաձայնեն տարածքային ամբողջականության տարբերակին, ապա, Քոչարյանի խոսքով, կարճ ժամանակում Ղարաբաղում հայ չի մնա, իսկ ներկայիս իշխանություններն արդեն ընդունել են, որ Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում լինի. «Մենք պետք է բացառենք այս տարբերակը։ Հայ ժողովուրդը երբեք չպետք է համաձայնի դրան, մենք պետք է պայքարենք, որ դա տեղի չունենա։ Մեր փաստարկը հետեւյալն էր՝ Սումգայիթի դեպքերը ցույց տվեցին, որ հայերի գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, դա սպառնալիք է նրանց կյանքին եւ անվտանգությանը։ 44-օրյա պատերազմն էլ ավելի հաստատեց դա։ Ես երբեք չեմ բանակցել այն տարբերակի շուրջ, որով Ղարաբաղը կլիներ Ադրբեջանի կազմում։ Ես Ղարաբաղն ընդհանրապես չեմ տեսնում Ադրբեջանի կազմում»:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իրեն էլ դուր չեկավ ՌԴ նախագահի այն հայտարարությունը, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս է ու նկատեց՝ եթե Հայաստանն ինքը չի արձագանքում, իրավունք ունե՞նք պահանջելու ուրիշներից։ Լրագրողը հետաքրքրվել էր՝ համաձա՞յն է, Վլադիմիր Պուտինի այդ պնդման հետ եւ ինչո՞ւ չի հակադարձել նրան:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Պուտինի հետ շփվելու հնարավորություն է ունեցել, սակայն բնավորություն չունի պատմել այդ շփման մասին. «Դուք չգիտեք, թե զրույցի ընթացքում կարծիք հայտնե՞լ եմ, թե՞ ոչ։ Մենք չպետք է պահանջենք ուրիշներից լինել ավելի հայամետ, քան մեր իշխանությունները»:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի նման հայտարարության պատճառը նաեւ այն իրողություններն են, որոնք եղել են պատերազմի ժամանակ եւ դրանից հետո. «Եթե մեր երկրի իշխանությունները չեն պատասխանում Ալիեւի հայտարարություններին այն մասին, թե հարցը վերջնականապես լուծված է, ապա ի՞նչ եք սպասում, որ Հայաստանը կարձագանքի՞ Ռուսաստանի հայտարարություններին։ Ռուսաստանի նախագահը լսում է Ալիեւի, Էրդողանի, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները եւ Հայաստանից որեւէ արձագանք չի լսում։ Ուզում եք, որ Ռուսաստանի նախագահն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի վարչապետը, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի ԱԳՆ ղեկավարը»:

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ ինքը եղել է Արցախի անկախության հռչակագրի համահեղինակը ու Հռչակագիրն իրավական տեսանկյունից դեռ անխոցելի է. «Երբ ես մասնակցում էի բանակցային գործընթացին, չկար մի փաստաթուղթ, որը կենթադրեր, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Քի Ուեսթում մենք նույնիսկ քննարկել ենք Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը։ Այստեղ իմ մոտեցումը պարզ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28