Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը «հաշտվո՞ւմ» է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ

Փետրվար 17,2022 18:33

«Այս ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում որեւէ մեկին, ով կարող է ասել՝ «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կամ ոչ մեկ չի լինելու», որովհետեւ ճանապարհ անցած մարդը, պետական մտածելակերպ ունեցող մարդը այդպիսի բաներ չի ասում։ Կան կարմիր գծեր, որոնք դու չես ուզում անցնել մեկ պատճառով, որ վնաս չհասցնես քո պետականությանը, այս մարդիկ այդ կարմիր գծերը չունեին, իրենց ամբողջ կենսագրությամբ լծված էին այս պետությանը վնաս տալու գործին, հասել են իշխանության եւ շարունակում են դա անել, որովհետեւ չեն հասկացել, թե որտեղ են այդ կարմիր գծերը, որոնք վնաս են հասցնում պետականությանը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ պետության համար սա ուժ է, բայց ընդդիմադիր ուժերի համար, այս քաղաքական պայքարում, սա թուլություն է:

Ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր սպասվելիք փողոցը չպետք է լինի որեւէ մեկի մասին, այլ պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին. «Մենք չպետք է փողոց հանենք, ասենք՝ հեսա դուրս ենք գալիս՝ Քոչարյանին իշխանության բերելու համար: Սպասվելիք փողոցը պետք է լինի այս իշխանությանը հեռացնելու մասին»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք իշխանության գալու ամբիցիաները հաղթահարվա՞ծ են՝ հիշեցնելով, որ մոտ մեկ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր առաջարկել ՀՀ երեք նախագահներին՝ չհավակնել իշխանության եւ միավորվել՝ գործող իշխանությանը հեռացնելու համար: Ըստ առաջին նախագահի, Ռոբերտ Քոչարյանն էր մերժել այս առաջարկը՝ պնդելով իշխանության գալու իր հավակնությունները: Ավելի ուշ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը միավորվի գործող իշխանությանը հեռացնելու օրակարգի շուրջ՝ կհաջողի:

Մանրամասները՝ տեսանյութում

Խոսելով ներքաղաքական զարգացումների, ընդդիմության խոստացած փողոցային պայքարի մասին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Իմ գնահատականով դեռ չի հասունացել այն վիճակը, որով մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել: Մենք պարզապես չենք ուզում մեր կողմնակիցներին հիասթափեցնել, որովհետեւ հետո նույն այդ կողմնակիցները մեզ են մեղադրելու ու ասելու են՝ դուք էիք առաջնորդները, ինչու ճիշտ հաշվարկ չարեցիք և այլն։ Հաղթանակը լիքը տեր ունի, պարտությունը անտեր է մնում»:

Նրա փոխանցմամբ, ամերիկյան կազմակերպության վերջին հարցումներով, Երեւանում 42 տոկոսը դեմ է գործող իշխանությանը: Մոտավորապես նույն հարաբերակցությունն է երիտասարդության շրջանում: Թվերը փոխվում են շեշտակի: «Մենք պետք է իրատեսական լինենք՝ հասկանալու համար, թե որքանով է իրավիճակը հասունացել։ Մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է դրան, վերջին հարցումները ցույց են տալիս, որ իշխանության նկատմամբ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է եւ շեշտակի գերազանցում է նրանց ակտիվ աջակցող զանգվածին։ Մեզնից հիասթափվում են նրանք, ովքեր սպասում են ավելի ռադիկալ քայլեր։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակը՝ աճում է։ Իմ գնահատականով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, երբ մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Առանց փողոցի այս իշխանությունը չի գնալու։ Հավատալի չէ, որ մի օր խղճի զգացում կունենան եւ կհեռանան՝ ասելով, որ մենք ձախողում ենք ամեն ինչ։ Պետք է բավարար զանգված, որը դուրս կգա փողոց եւ դա չպետք է լինի իմ մասին կամ այլ մարդու։ Այդ փողոցը պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին»,- ասաց երկրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ընդդիմության առաջնորդը հրամանագրով չի նշանակվում, այնպես չի, որ մի տեղ հավաքվեցին 3,10 հոգի եւ ասեցին՝ այսօրվանից ընդդիմության առաջնորդը Պողոսն է կամ Պետրոսն է: Մենք երբեք ոչ մեկին չենք խանգարել, հակառակը մենք պատրաստ ենք աջակցել ընդդիմադիր գործիչներին, ես ասել եմ պայքարը չպետք է լինի անձին իշխանության բերելու համար, այլ պետք է լինի հեռացնելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ անձամբ պատրաստ է աջակցել նաեւ այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր կարող են ավելի արդյունավետ աշխատել, իսկ իշխանության կգա այն քաղաքական ուժը, որը կառաջնորդի դրոշը:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ հավաստիացրեց, որ ներքաղաքական կյանքում ակտիվանալու համար, իրենք արտաքին ազդակների չեն սպասում:

Հարց հնչեց նաեւ այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին լարված հարաբերություններ ունի ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ռոբերտ Քոչարյանն ուղիղ պատասխան չտվեց, միայն հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել է Դաշնակցության կազմակերպած միջոցառումների ժամանակ. «Դրանից հետո մենք հանդիպեցինք մի քանի հոգու ընկերակցությամբ։ Ես եւ Ղարաբաղի երեք նախագահներն էինք (այդ թվում՝ նախկինները – խմբ.), քննարկեցինք Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այն տեւեց 1.5-2 ժամ։ Մենք անձնական հարցեր չենք քննարկել։ Կար միայն Ղարաբաղի հարցը։ Մտածում էինք, թե ինչ կարելի է անել եւ ինչ լուծումներ գտնել եւ այլն։ Մեզ բոլորս մտահոգված ենք այդ հարցով»:

Նա նաեւ հիշատակեց խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերի համագործակցության մասին։ Ձեւաչափը, ինչպես նշեց նախկին նախագահը, միանգամայն հասկանալի է եւ առնչվում է ընդդիմության գործունեությանն ու օրակարգին. «Կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք տարբեր տեսակետներ ունենք, բայց, այնուամենայնիվ, կարող ենք որոշակի լուծումների գալ։ Եվ կարծում եմ, որ, չնայած նախորդ տարիներին կուտակված բոլոր հակասություններին ու խնդիրներին, մենք պետք է կարողանանք պայմանավորվել կարեւոր հարցերի շուրջ։ Այստեղ խնդիրը անձերի մեջ չէ։ Պարզապես պետք է ընդհանուր հայտարարի գանք հիմնական սկզբունքային հարցերի շուրջ։ Ես որեւէ մասշտաբային հատուկ կապեր չունեմ: Եթե ​​քննարկելու բան ունենք, կարող եմ պարզապես զանգահարել նրան, եւ մենք ամեն ինչ կքննարկենք։ Բայց դա ամենօրյա կապ չէ»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28