Եվրոպական Խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստը երեկ հաստատեց ԵՄ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» տարեկան բանաձևը, որը դեռևս 2021 դեկտեմբերի 20-ին ընդունել էր ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։
Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթները ԵԽ բանաձևում ըստ էության մնացին անփոփոխ ։ Եվրախորհրդարանը հաստատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ֆորմատը՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա։ ԵԽ-ն կոչ է անում Մինսկի խմբին անհապաղ և կրկին ստանձնել միջնորդի իր դերը։ Եվրախորհրդարանը նաև հորդորում է ԵՄ գործադիր մարմիններին՝ մասնավորապես Բարձր ներկայացուցչին, և ԵՄ անդամ-պետություններին ակտիվորեն ներգրավվել ԼՂ հիմնախնդրի շուրջ տևական լուծում գտնելու գործում։
Անդրադառնալով ԵԽ բանաձևին՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտեց․ «Այս բանաձևով Եվրախորհրդարանը սկզբունքային շեշտադրումներ է անում՝ ի հեճուկս Ադրբեջանի՝ իրականությունը խեղաթյուրելու ջանքերի։ Խիստ որոշիչ է Բրյուսելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանի և իր դիվանագիտական թիմի արդյունավետ և ակտիվ աշխատանքն այս ուղղությամբ։ Անշուշտ, ինչպես և անցյալում, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը շարունակում է ԵԽ պատգամավորների և քաղաքական շրջանակների իրազեկման անդադրում աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության պետական շահի»:
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակ