ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է երաժշտագետ, բանագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը:
Հայ երաժշտարվեստի զարգացման, սերունդների կրթման, դաստիարակման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, բանագիտության ամբիոնի վարիչ Ալինա Փահլևանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով: Վաստակաշատ երաժշտագետին պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Նախարարությունը բարձր է գնահատում Ձեր հայրենանվեր գործունեությունը, որ տասնյակ տարիներ իրականացնում եք երաժշտագիտության և բանագիտության ոլորտներում: Հանդիսանալով բազմաթիվ մասնագիտական գրքերի, թարգմանությունների հեղինակ` մինչ օրս շարունակում եք մեծագույն սիրով և պրոֆեսիոնալիզմով կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին` չխնայելով ջանք և եռանդ նրանց մասնագիտական կայացման գործում»,- ընդգծել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ այս պարգևը համեստ գնահատականն է վաստակաշատ մտավորականի կատարած մեծ աշխատանքին: Նախարարն Ալինա Փահլևանյանին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների առույգ կյանք և ստեղծագործական արգասաբեր գործունեություն:
Կարդացեք նաև
Ալինա Փահլևանյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար՝ նշելով, որ ծրագրերը բազմաթիվ են, և ուժերի ներածին չափով դրանք կիրականացվեն:
«Կոնսերվատորիայում մենք ունենք շատ լավ գիտական ներուժ և ամեն ինչ կանենք ծրագրերը համատեղ իրականացնելու համար: Նշեմ, որ հրատարակում ենք ժողովրդական երգերի շարք. արդեն 15 հատոր հրատարակվել է, և մենք շարունակում ենք այդ շարքը, քանի որ աշխատանքը երբեք չի կարող կանգնել: Մենք ունենք ժողովրդական երաժշտությամբ, երաժշտագիտությամբ զբաղվող շատ լավ մասնագետներ, ուսանողներ, առանց որոնց ես կյանք չունեմ: Այդ իսկ պատճառով բոլոր այս հրաշալի մարդկանց հետ ես ինձ զգում եմ այնպես, ինչպես մեր տանը»,- եզրափակել է վաստակաշատ երաժշտագետը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ փաստել է Ալինա Փահլևանյանի անգնահատելի վաստակը և նշել, որ լինելով կոնսերվատորիայի հիմնասյուներից՝ նա միշտ արդիական է, բոլոր ժամանակներում՝ ժամանակակից:
Ալինա Փահլևանյանը 1970 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում (բանագիտության ամբիոնի վարիչ՝ 1992 թվականից, պրոֆեսոր՝ 1996 թվականից):
Ալինա Փահլևանյանի ուսումնասիրությունները վերաբերում են երաժշտական բանագիտության տեսությանը: Հեղինակել է ««Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները» (2004 թ.), «Հայ երաժշտական ֆոլկլորագիտության խնդիրները» (ռուսերեն, 2005 թ.) աշխատանքները, Հայրիկ Մուրադյանի կատարումներից վերլուծել և կազմել է «Հայրենի երգեր» ժողովածուն (1980 թ., 3-րդ հրատարակություն, 2018 թ.), «Հայկական ժողովրդական երգեր և նվագներ. Թալին» (1984 թ., 2-րդ հրատարակություն, 2012 թ., համահեղինակ), «Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդական և գուսանական երգերում» (1995 թ., համահեղինակ) ժողովածուները: Հրատարակել է ««Սասնա ծռեր» դյուցազնավեպը» (1996 թ., համահեղինակ), «Հայ ժողովրդական երգեր և նվագներ» մատենաշարը (2009 թ., 2013 թ., 2014 թ.), «Հայ երաժշտական ֆոլկլորի ռիթմիկայի առանձնահատկությունները» (2014 թ.) դասագիրքը: Հեղինակ է նաև հանրակրթական դպրոցի երաժշտության դասագրքերի (I-VII դասարան) և մեթոդական ձեռնարկների: Ռուսերենից թարգմանել, խմբագրել և կազմել է «Արամ Խաչատրյան. նամակներ» (2003 թ.) ժողովածուն:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ