Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու ադրբեջանցի գոռացին՝ «արմյաշկա», հասկացան, որ հայ եմ, քարերով խփեցին, մեկը ոտքիս կպավ». Նաիրա Զոհրաբյանը հուշում է՝ ինչպես դիմավորել ադրբեջանցիներին

Փետրվար 17,2022 18:03

Ինչպես հայտնի է, Եվրանեսթի նիստին մասնակցելու համար նախատեսվում է Ադրբեջանից 3 պատգամավորի այցը Հայաստան:

Նաիրա Զոհրաբյանը Եվրանեսթի նիստում

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Հայելի» ակումբում պատմեց, թե ինչպես են ժամանակին ինքը, ՀՅԴ երջանկահիշատակ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը գնացել Բաքու՝ մասնակցելու Եվրանեսթի նիստին ու ինչպես են իրենց դիմավորել ադրբեջանցիները. «Ես ինքս մասնակցել եմ Բաքվում Եվրանեսթի նիստին: Միլի մեջլիսի դահլիճում ես բաժանել եմ «Սովորական ֆաշիզմ» գիրքը՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացման վերաբերյալ, ես բաժանել եմ տեղեկատվական բուկլետներ։ Ալիեւը ցույց տվեց իր անվտանգության աշխատողներին, որ ես ինչ-որ գրքեր, բուկլետներ եմ բաժանում, եկան եւ ինձ ասեցին՝ չի կարելի քարոզչական տեղեկատվություն բաժանել: Ես ասացի՝ սա քարոզչություն չի, նվեր է, իսկ ես գիտեմ, որ դուք արեւելյան երկիր եք եւ նվեր պիտի թույլ տաք բաժանել: Իհարկե, մեր անվտանգությունը խստագույնս հսկվում էր: Մենք Երեւանից Մոսկվա մեկնեցինք, Մոսկվայում արդեն Ադրբեջանից ԱԱԾ աշխատողներն էին պատվիրակությանը դիմավորում, ինքնաթիռում մեր դիմաց եւ հետեւը ԱԱԾ աշխատողներ էին, որ որեւէ ռիսկ չլինի ու կոնտակտ չունենանք: Հոթելում մեզ տեղավորել էին ամենավերեւի հարկում, որովհետեւ քարերով մեզ խփում էին: Վահան Հովհաննիսյանի հանդեպ շատ ագրեսիվ էր վերաբերմունքը: Երբ մեզ տարան հայկական եկեղեցի, որի խաչը հանել էին, սարքել էին Հեյդար Ալիեւի անվան գրադարան, որեւէ հայկականության հետք այնտեղ չկար, ես մի պահ դուրս եկա, երկու ադրբեջանցի անմիջապես գոռացին՝ «արմյաշկա», անմիջապես հասկացան, որ հայ եմ, քարերով խփեցին, մեկը ոտքիս կպավ: Անմիջապես անվտանգության աշխատողները դուրս եկան: Ալիեւը հայկական պատվիրակությունը նստած՝ մեզ մատնացույց անելով ասաց՝ այստեղ նստած են ֆաշիստները, հենց Միլի մեջլիսում»:

Հայաստանի պատվիրակությունը՝ Բաքվից վերադարձից հետո

Հարցին դուք ակնկալում եք, որ Հայաստանում կգտնվե՞ն պատգամավորներ, որ մատնացույց կանեն իրենց ու կասեն՝ այստեղ գտնվում են ցեղասպանությանը մասնակցած ժողովրդի ներկայացուցիչները՝ Զոհրաբյանը պատասխանեց. «Իհարկե, չեն անելու: Երբ Ալիեւը մատով ցույց տվեց մեզ ու ասեց՝ այստեղ նստած են ֆաշիստները, ովքեր պղծել են իմ պապերի գերեզմանը, ես անմիջապես ձեռքս տարա բարձրախոսը, միացրեցի ու բնականաբար, արձագանքեցի ես էլ, Վահան Հովհաննիսյանն էլ, հայկական պատվիրակության մյուս անդամներն էլ: Ի՞նչ պիտի անենք մենք: Այո, ադրբեջանական պատվիրակությունը պիտի գա, բայց եթե իրենք պիտի գան, մեր իշխանությունները իրենց պիտի տանեն «պլյաժ», Սեւան, Գառնի, Գեղարդ եւ այլն ու չեն հնչելու այս լեգիտիմ հարցադրումները, որ Ադրբեջանը, որպես 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործ պետք է կանգնի միջազգային տրիբունալի առջեւ, պիտի պատասխան տա բոլոր կոնվենցիաների խախտման համար, այդ թվում՝ քիմիական զենք օգտագործելու համար՝ սպիտակ ֆոսֆոր, կասետային զենքեր, որոնք չօգտագործելու միջազգային կոնվենցիաները ԵԽ-ում վավերացրել է Ադրբեջանը, Շուշիի օկուպացիան, ՀՀ օկուպացիան, պիտի պատասխան տան զինվորների խոշտանգման համար…Շատերս տեսել ենք, թե ինչպես են ողջ-ողջ կտրում զինվորի եւ քաղաքացիական գերեվարված անձանց վիզը: Եթե այս լեգիտիմ հարցադրումները չեն բարձրացնելու, ուրեմն ամեն ինչ պիտի անեն, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները այդ լեգիտիմ հնարավորությունը ունենան՝ բարձրացնելու: Ես ձեզ խոստանում եմ, որ գտնելու եմ ցանկացած հնարավորություն՝ այդ հարցադրումները ադրբեջանցիների ու լուռ, համր եվրոպական հանրության առջեւ բարձրացնելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28