Ես երբեք դեմ չեմ եղել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը. այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ դա պետք է տեղի ունենա բնական ընթացակարգով՝ նոտաների փոխանակում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, դեսպանատների բացում, հետո սկսվում է քննարկումը, թե ինչպես հաղթահարել երկու երկրների միջեւ խոչընդոտները։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, իր համար հասկանալի չէ։
Ռոբերտ Քոչարյանի բնութագրմամբ՝ այսօր բանակցություններ չեն Թուրքիայի հետ, այլ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ, որտեղ օրակարգը ձեւավորում է Ադրբեջանը, այն հնչեցնելու է Թուրքիան: «Սա լավ տեղ մեզ չի տանելու։ Սա ճիշտ ճանապարհ չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար»- ասաց նա:
Խոսելով սահմանների բացման մասին էլ, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ վտանգը մեծ է, քանի որ առաջիկա 3-5 տարիների կտրվածքով հայկական շուկան շոկային իրավիճակում է հայտնվելու. «Ես ոչ մի գնահատական եւ հաշվարկ չեմ լսել սահմանների բացման հետեւանքների մասին եւ թե ինչպես ենք մենք պաշտպանելու մեր շուկան։ Նախարարությունը, որը պետք է աներ դա, անվանել են հույսի նախարարություն, այն լուրջ չի ընկալվում։ Մենք լրջագույն սպառնալիքի առջեւ ենք, իսկ գնահատական չկա։ Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ ատում են արհեստավարժ մարդկանց։ Ես մտածել եմ այդ մասին, եզրակացությունն այն է, որ լավ մասնագետը գիտի իր գինը ու չի պատրաստվում «ուսապարկ» դառնալ։ Նա գնահատում է սեփական արժանապատվությունը։ Դրա համար հավաքում են մարդկանց, որոնք պատրաստ են ծառայել տուզիկների պես եւ սեփական կարծիք չունեն»:
Իշխանության նշած երկաթգծի մասին խոսելով, որը մեծ օգուտներ է բերելու մեր երկրին, Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է՝ Երեւանից մինչեւ Ռուսաստանի սահման 400 կիլոմետր է, իսկ Հայաստանի տնտեսության կառուցվածքը եւ առհասարակ տնտեսությունն աշխարհում այնպիսին է, որ բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ֆուռերով, իսկ Հայաստանի համար իրավիճակը չի փոխվի, քանի որ հիմնական գործընկերը Ռուսաստանն է. «Եթե իրանական բեռնափոխադրումները Նախիջեւանով գան, ապա Սյունիքով չեն գալու։ Եթե բեռնափոխադրումներն իրականացվեն Ադրբեջանի երկաթուղով, ճանապարհը կրկնակի ավելի է լինելու։ Դա էլ ավելի կհեռացնի մեզ սպառման մեր շուկաներից՝ Կրասնոդարի երկրամաս եւ Մոսկվա։ Այդ մարդիկ քարտեզին չեն նայո՞ւմ։ Թե՞ քարտեզները նույնպես ատում են որպես արհեստավարժների գործիք»:
Կարդացեք նաև
Իր կանխատեսումներով, մենք ոչ միայն չենք շահի, այլեւ կկորցնենք, հետեւաբար անհրաժեշտ է առնվազն 5 տարվա ծրագիր ունենալ, որպեսզի պաշտպանենք շուկան։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի, 1990-ականներին, Թուրքիայի կողմից սահմանի փակումը ինչ-որ չափով պաշտպանում էր նոր ձեւավորվող հայկական շուկան։ Այժմ, սահմանը պետք է բացել, բայց պետք է պաշտպանել գյուղացիներին:
Այլ մանրամասները՝ տնտեսական հաշվարկներով՝ տեսանյութում
«Սահմանի բացումից իրենք շատ ավելի են շահելու, քան մենք, ես այստեղ որեւէ կասկած չունեմ։ Սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում հանդիսանանք, մենք պետք է ասենք հետեւյալը, որ սա բնական է, որ պետք է երկու երկրների սահմանը բաց լինի, անբնականն այն է, որ Թուրքիայի «բայրաքթարներով» մեկ տարի առաջ սպանում էին մեր զինվորներին, եւ ես համոզված եմ, որ այդ «բայրաքթարի» օպերատորը ադրբեջանցի չէր, թուրքերն էին։ Ուրեմն այստեղ մենք նաև այս գործոնը պետք է մեջտեղ բերենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Պատասխանելով հարցին՝ եթե Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան, ապա ինչո՞ւ է միջնորդում եւ ապաշրջափակման, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ Ռուսաստանը դեռ վերջնական շտկում չի կատարել տարածաշրջանում իր դիրքորոշման մեջ եւ առաջնորդվում է մի քաղաքականությամբ, որ եթե չես կարողանում միջամտել, ապա գործընթացի մասնակից կդառնանք։ Միաժամանակ, նա կարծում է, որ Թուրքիան Արեւմուտքի հետ հարաբերություններում իրեն բավական անկախ է պահում. «Այն պահից սկսած, երբ նրանք հասկացան, որ չեն դառնալու ԵՄ անդամ, կտրուկ փոխեցին իրենց քաղաքականությունը եւ կենտրոնացան իրենց շուրջն ազդեցությունն ամրապնդելու վրա։ Թուրքիան եւ Ռուսաստանն այդ հարցում ընդհանուր շահեր ունեն»:
Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասի տարածաշրջանում եղել եւ մնում են մրցակիցներ, սակայն ժամանակը ցույց կտա, թե դա ինչ դրսեւորում կունենա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ