Aravot.am-ը Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե պաշտոնական դիրքի չարաշահման ու պետությանը վնաս հասցնելու համար ի՞նչ քրգործեր կան հարուցված և ովքե՞ր են այդ պաշտոնյաները, որոնք կասկածվում են պետության դեմ գործած ծանր հանցանք կատարելու մեջ։ Մենք նաև հարցրեցինք, թե դատախազությունը պետությանը պատճառված որքան գումարի վնաս է վերականգնել։
-Պաշտոնեական դիրքի չարաշահման, այդ թվում նաև՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով յուրացնելու կամ վատնելու եղանակով հափշտակությունների առթիվ 2021թ. ընթացքում հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, մասնավորապես՝ քրեական գործեր են հարուցվել մի շարք ուսումնական հաստատություններում (Արդենիսի հիմնական դպրոց, Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 19 դպրոց, Արթիկի թիվ 1 դպրոց, Գյումրու թիվ 2 միջնակարգ դպրոց, Նոր Ախուրյանի հիմնական դպրոց), բուժսպասարկում իրականացնող հաստատություններում (Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, Գյումրու թիվ 2, թիվ 3 պոլիկլինիկաներ), ինչպես նաև այլ գործառույթներ իրականացնող ՊՈԱ կազմակերպություններում /Արփի լիճ ազգային պարկ, Ա.Նազարյանի անվան երկրաֆիզիկայի և սեյսմաբանության ինստիտուտ/առերևույթ չարաշահումների դեպքերի (ինչպես ծանր, այնպես էլ՝ ոչ մեծ ծանրության դեպքերի առթիվ) առթիվ, որոնց արդյունքում պետությանը պատճառվել են գույքային վնասներ:
2021 թվականի ընթացքում քննված (ինչպես նախորդ տարիներին փոխանցված, այնպես էլ՝ 2021 թվականին հարուցված) քրեական գործերով պարզված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 106.146.000 ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 24.759.148 ՀՀ դրամ:
Հարկ է նշել նաև, որ հարուցված քրեական գործերով հաստատված՝ համայնքներին պատճառված վնասի մի մասը՝ 14.470.000 ՀՀ դրամը գումարը, քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է:
Կարդացեք նաև
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 2021թ. ընթացքում քննված 122 քրեական գործերից դատարան է ուղարկվել 24-ը՝ 40 անձի վերաբերյալ, որը կրկնակի ավելի է 2020թ. համեմատ:
Դատարանում քննվող կոռուպցիոն բնույթի գործերից 10-ի վարույթն ավարտվել է, որոնցից 6-ով 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ, ունենք նաև ոչ արդարացնող հիմքով կարճված գործեր:
1 քրեական գործով 2 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, որի դեմ մեղադրողի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:
-Ի՞նչ փուլում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու նկատմամբ հարուցված քրգործերը։ Ի՞նչ աշխատանքներ են տարվել համայնքային սեփականություն հանդիսացող գույքը Գյումրու նախկին քաղաքապետից հետ վերցնելու ուղղությամբ։
-Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով շարունակվում է նախաքննությունը։ 17.11.2021թ. ստացվել է «Կումայրի արգելոց»-ի տարածքում գտնվող, Գյումրու կենտրոնական զբոսայգու տարածքում օտարված հողամասերի վերաբերյալ համալիր դատամշակութաբանական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը, որի շուրջ անհրաժեշտություն է առաջացել կատարել հարցաքննություններ: Դեռևս չեն ստացվել դատաշինարարատեխնիկան փորձաքննության եզրակացությունն ու 2 մասնագիտական ստուգումների ակտերը: Մեղադրյալ Վ.Ղուկասյանի մասնակցությամբ կատարվել են առերես հարցաքննություններ, որոնց արդյունքներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել այլ քննչական և դատավարական գործողություններ:
Օտարված հողամասերի վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ դրվել է կալանք:
Ինչ վերաբերում է Վ.Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործին, ապա այն 27.12.2021 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
-Իսկ ի՞նչ փուլում է «Դոմուս» առևտրային օբյեկտը Գյումրու նախկին Երիտասարդական զբոսայգում կառուցելու փաստով հարուցված քրգործը և ինչպե՞ս եք վերաբերում այն քննադատություններին, որ տվյալ դեպքում քաղաքային շահը ստորադասվեց օլիգարխի շահերին։
-Այդ քրեական գործով նախաքննության ընթացքում խնդրո առարկա հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքներ գրանցելու, այդ նպատակով մրցույթներ հայտարարելու և անցկացնելու, հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու, այդ թվում նաև՝ հողամասում առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն տրամադրելու գործընթացներում թույլ տրված բոլոր ենթադրյալ չարաշահումներն ի հայտ բերելու, ենթադրյալ արարքներ կատարած բոլոր անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու համար կատարվել և կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Մասնավորապես՝ առգրավվել և զննվել են բազմաթիվ փաստաթղթեր, կադաստրային գործեր, նշանակվել է մասնագիտական ստուգում, ստացվել է ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված ակտը, համապատասխան դատավարական կարգավիճակներում հարցաքննվել են մի շարք անձինք:
Մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է գրավոր ցուցում:
Նշված քրեական գործով դեռևս որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, կատարված քննչական և դատավարական գործողությունների ընթացքում ձեռք բերված և նախաձեռնված (կատարվելիք) քրեադատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերվելիք փաստական տվյալների գնահատման արդյունքում միայն հնարավոր կլինի իրավական գնահատական տալ ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) արարքներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ