Լրահոս
Օրվա լրահոսը

«Առ այսօր մարմինները Մեծամորում, Հերացիում տոպրակներով պահված են, որոնց վրա ինքս տեսել եմ՝ գրած ֆրագմենտներ». Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 17,2022 16:43

«Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բոլորին սուտ հանեց՝ Սերժ Սարգսյանին, բոլորին՝ ասելով, թե զոհերի թիվը այսքան է»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ու սկսեց հրապարակել տվյալները. «2020-ի նոյեմբերի 14-ին Միքայել Մինասյանը հրապարակեց պատերազմի զոհերի թիվը: Նրա տեղեկություններով՝ այդ օրը Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է 2250 զոհված եւ հերձվածի թիվը, 1400 զոհված եւ դեռեւս չհերձված, 1100 անհետ կորած զինվորների մասին: Այսինքն, այդ թիվը նոյեմբերի 14-ի դրությամբ արդեն իսկ եղել է 4750: Տիգրան Ավինյանը խոսել է 3439 դուրս բերված մարմնի մասին, որոնցից 766-ը չեն նույնականացվել: Դրանից հետո 2021-ի ապրիլին Նիկոլը խոսել է հաստատված 3621 զոհի, 321 անհետ կորածի մասին, 201 մարմնի մասունք, ավելի քան 100 նույնականացված: Դրանից հետո օգոստոսին Նիկոլի հրապարակած թիվը եղել է 3773 եւ ասել է, որ 243 զինծառայողի գտնվելու վայրն էլ անհայտ է: Օգոստոսի 26-ին բացարձակապես այլ թիվ է հրապարակել: Ամփոփելով միայն Նիկոլ Փաշինյանի եւ Տիգրան Ավինյանի հրապարակած պաշտոնական, իրարամերժ թվերը՝ ստանում ենք հետեւյալ պատկերը՝ առաջին անգամ ասել են՝ 3439, 3621, 3700. 3773, 3778…Մենակ իրենց թվարկած թվերը 10 անգամ փոխել են իրենք: Այսինքն, ակնհայտ է, որ զոհվածների թիվը ավելին է, քան իրենք հրապարակում են»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ զոհերից ամեն մեկը մի տան օջախ է, եթե հրապարակում են, թող անուն առ անուն ասեն, չեն կարող, որովհետեւ գիտեն՝ իրականությանը չի համապատասխանում. «44-օրյա պատերազմի մեծ հրապարակային դատավարությունը լինելու է եւ մենք բոլորս իմանալու ենք՝ իրականում ինչ է եղել, ովքեր են եղել դավաճանները ու ինչու են մինչեւ հիմա ազատության մեջ»:

Նա ասաց, որ զոհերի մասին իշխանությունների հրապարակած թվերին չի հավատում. «Առ այսօր մարմինները Մեծամորում, Հերացիում տոպրակներով պահված են, որոնց վրա ինքս տեսել եմ՝ գրած ֆրագմենտներ, հենց այդպես: Մենք դեռեւս բազմաթիվ թվով անհետ կորածներ ունենք, չգիտենք ռազմագերիների իրական թիվը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28