Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կառավարությունը կարող է թույլտվություն չտալ, այլ տարածք տրամադրել կամ հետ գնել օտարված տարածքը». գիտնականներն իրենց պահանջները փոխանցեցին վարչապետին

Փետրվար 17,2022 16:39

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարությունն ու աշխատակիցները սույն թվականի փետրվարի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են թույլ չտալ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում կառուցել բազմաբնակարան շենք:

Օտարված տարածքը 2014 թ-ին ընդգրկվել էր պատմամշակութային արժեք ունեցող կառույցների ցանկում: Այնուհետև այն հատվածը, որն անցնում է կենտրոնի տարածքով, դուրս է բերվել այդ ցանկից:

«Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից տարածքի օտարման և սեփականաշնորհման գործարքը 2017 թ-ին ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել էր և եկել էր եզրահանգման, որ այն ապօրինի է, սակայն գործը հետո կարճվեց», – ասաց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը:

Բազմաբնակարան շենքի կառուցումը քիմիական լաբորատորիաների և արտադրությունների կողքին անընդունելի է: «Այդ շենքի կառուցումը խաթարելու է կենտրոնի բնականոն աշխատանքը: Կենտրոնում կան շատ թանկարժեք սարքավորումներ: Օրինակ, դրանցից մեկը ձեռք է բերվել 2 տարի առաջ 600 հազար եվրո գումարով: Այդ սարքավորումները շատ զգայուն են ցնցումների և փոշու նկատմամբ: Շինարարության ժամանակ դրանք կարող են շարքից դուրս գալ, և այդ դեպքում դեղամիջոցների սինթեզն անհնար կդառնա», – ասաց Սահակ Գասպարյանը:

Նշենք, որ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) բարձր պահանջներ է ներկայացնում դեղամիջոցների արտադրության պայմանների համար՝ մասնավորապես կապված փոշու և այլ աղտոտող նյութերի պարունակության հետ:

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում խորհրդային տարիներին սինթեզվել և արտադրվել է 14 տեսակի դեղամիջոց: Հետագայում սինթեզվել և արտադրել է 4 տեսակի դեղամիջոց, որոնք Արցախյան վերջին պատերազմի ժամանակ օգտագործվել են բանակում:

Ներկայում կենտրոնը համագործակցում է արտասահմանյան՝ Շվեյցարիայի, Սաուդյան Արաբիայի դեղագործական ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են կենտրոնի արտադրանքով:

«Մենք ունենք խնդիր կառավարության դիրքորոշման հետ: Կառուցապատողը սպառնում է՝ եթե չթողեցիք, կգնանք արբիտրաժ: Սա շանտաժ է, որին կառավարությունը չպետք է տրվի: Կառավարությունը կարող է թույլտվություն չտալ, կարող է այլ տարածք տրամադրել կամ հետ գնել օտարված տարածքը», – ասաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը:

«Կառավարությունը հռչակել է գիտությունը որպես գերակա ուղղություն և որոշակի քայլեր անում է այդ ուղղությամբ: Բայց մյուս կողմից կանաչ լույս է վառել նման անընդունելի կառուցապատման համար: Կառավարությունը պետք է կամք դրսևորի, ասի իր խոսքը, որ գիտությունը կարևոր է, գիտական կառույցի գոյությունը կարևոր է, թույլ չեմ տալիս որևէ ոչ գիտական շինություն կառուցել այդ տարածքում», – ասաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Աստղիկ Շախատունին:

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտնականներն իրենց պահանջները նամակի տեսքով փոխանցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28