Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ խոհարարը հաղթել է միջազգային մրցույթում, իսկ հրուշակագործը` պատրաստել Օգյուստ Էսկոֆեի մրգազարդ կիսանդրին

Փետրվար 17,2022 16:31

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արբի Ղարախանին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրեց հեղինակավոր մրցույթներում հայ խոհարարների հաջողությունների մասին:

Նա նախ անդրադարձավ Հնդկաստանում կայացած մրցույթին, որտեղ Հայաստանը ներկայացրել է Գայանե Սիմոնյանը: Մրցույթին մասնակցել է 50 երկիր: Քովիդի պատճառով, մեր ներկայացուցիչը վիրտուալ է մասնակցել:

Գայանե Սիմոնյանը տեղեկացրեց, թե ինչպես է խոհարարական oլիմպիադայի հաղթող դարձել եւ ոսկե մեդալ շահել, եւ Արբի Ղարախանիից առաջարկ ստացել մասնակցելու հնդկաստանյան Young Chef Olympiad մրցույթին:

«Մեզ համար տարօրինակ էր խոհարարական մրցույթին մասնակցելը օնլայն տարբերակով, որովհետեւ այլ է, երբ այլ մասնագիտությամբ ես մրցույթի մասնակցում, ուրիշ է, երբ խոհարարական մրցույթի մասնակից ես: Պետք է սննդի դեպքում զգալ համային, հոտային արժանիքները: Ամեն դեպքում՝ մենք սկսեցինք պարապել:

Մրցույթը երկու փուլով էր կայանում: Առաջին փուլում պետք է պատրաստեինք պաստա: Մեր դեպքում այն ծնեբեկ էր, նարնջի սոուս եւ իտալական պաստա, միջուկն էլ այծի պանրով էր: Այդ ուտեստով մենք կարողացանք անցնել երկրորդ փուլ, դարձա երկրորդ տասնյակի մասնակիցներից մեկը: Երկրորդ փուլում պատրաստեցինք հավի ռոլ, որի խավարտը մանգոյով եւ քաղցր կարտոֆիլով էր, ինչով էլ հաղթել եմ «Լավագույն ափսե» անվանակարգում»,-ասաց Գայանեն:

Նրա խոսքով, Հնդկաստանում գլխավոր մրցանակակիրը եղել է Իտալիայի մասնակիցը: Հայաստանի մասնակցի համոզմամբ, ամեն մասնակցության մեջ փոքրիկ հաղթանակ կա, քանի որ հարստանում ես փորձով:

Արբի Ղարախանիի խոսքով, այդ մրցույթին հետեւող ժյուրիի անդամները 135-ն են եղել` աշխարհի տարբեր անկյուններից ու ժամային գոտիներից: Հայաստանն էլ է ունեցել ժյուրիի 2 անդամ`միջազգային հարուստ փորձով:

Ֆրանսիայում հրուշակագործների մրցույթի դափնեկիր Ջուլյա Սարուխանյանն էլ ներկայացրեց իր հաջողությունները: Ասաց, որ միջոցառումը կայացել է Մարսելում, ինքը ներկայացրել է յուրահատուկ կոմպոզիցիա` ֆրանսիացի խոհարար Օգյուստ Էսկոֆեի կիսանդրին` զարդարված մրգերով, աշխատանքի ընթացքում օգտագործված են եղել հետաքրքիր տեխնիկաներ, որոնք «խոսել» են մասնագիտական որակների մասին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գայանե Սիմոնյանի լուսանկարը` Young Chef Olympiad մրցույթի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28