Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Արցախի խնդրի կարգավորման կարեւորագույն 3 սկզբունքներից մեկն է․ Արմեն Աշոտյան

Փետրվար 17,2022 15:50

«Եվրոպական խորհրդարանից լավ լուրեր ստացանք` ԵՄ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը Եվրոպական խորհրդարանը քննարկում էր, որը անդրադառնում է տարբեր աշխարհամասերում երկրագնդի վրա եղած խնդիրներին եւ արտահայտում է ԵՄ կարծիքը: Այդ զեկույցում մի շարք կարեւոր ձեւակերպումներ կան՝ կապված նաեւ Արցախյան բանակցումների հետ»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մասնավորապես Եվրոպական խորհրդարանը ընդունեց հետեւյալ ձեւակերպումը, որ Արցախի խնդրի բանակցային միակ լեգիտիմ միջազգային ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն է: Երկրորդ շատ կարեւոր հանգամանքը հետեւյալն է`Եվրոպական խորհրդարանը շեշտեց, որ Արցախյան բանակցությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա կարեւոր է` ելնելով այն հանգամանքից, որ գրեթե մեկ տարի է միջազգային լուրջ կառույցները հիշատակում, հղում շեշտադրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա չէին անում, Մինսկի խմբի համանախագահները դրա մասին անցյալ տարվա ապրիլից չեն խոսում, այս իշխանություն կոչվածները ընդհանրապես մոռացել են այդ ձեւակերպումների մասին: Եվ ահա գրեթե մեկ տարի անց Եվրոպական խորհրդարանը, որը համաշխարհային քաղաքականության մեջ լրջագույն քաղաքական ինստիտուտներից մեկն է իր տարեկան զեկույցում ընդգծեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Արցախի խնդրի կարգավորման կարեւորագույն 3 սկզբունքներից մեկն է»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Այս չեղած իշխանությունները որեւէ կապ չունեն այդ զեկույցի հետ, մատը մատին չեն տվել, վստահ եմ, որ իմ լայվից են իմանալու, որ այդպիսի բան է եղել, որ Արցախի հարցով այդպիսի ձեւակերպումներ կան: Այս հաջողությունը հնարավոր է դարձել մի շարք անհատների եւ քաղաքական կառույցների աշխատանքի շնորհիվ, նախ եւ առաջ` Դավիթ Շահնազարյանի, Հանրապետական կուսակցության եւ ձեր խոնարհ ծառայի, այս զեկույցի հայանպաստ ձեւակերպումների ուղղությամբ աշխատել են նաեւ Բրյուսելում «Հայ Դատի» եվրոպական գրասենյակը եւ հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը: Կապիտուլյանտ իշխանությունները որեւէ կապ չունեն այս կարեւոր արձանագրման հետ, ինչպես գիտեք Արցախի բանակցությունների խնդիրը եւ Արցախի խնդիրը նրանց համար վաղուց «բրախած» է: Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը եւ նրա ուսապարկերը Հայաստանում համառորեն տարածում են բացառապես ադրբեջանական պրոպագանդայի թեզերը, փորձում են մեզ համոզել, որ Արցախը այլեւս երբեք չի կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել, այնինչ Եվրոպական խորհրդարանը արձանագրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը խնդրի լուծման համար»:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ նախկինում նման բաներն իրենց իշխանության համար սովորական էին. «Տարբեր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանում, խորհրդարանական դիվանագիտությամբ, արտգործնախարարի մակարդակով գրեթե մշտապես այս ձեւակերպումները ստանում էինք։ Այն ժամանակ լայվով չէի մտնի ու լավ լուր հայտնելու հավակնություն չէի կարող ունենալ, բայց հիմա իրավիճակն այնպես է փոխվել, որ այն, ինչ մեզ համար նորմալ էր, ճիշտ էր ու սովորական, հիմա դարձել է կարեւոր, արտառոց, հրատապ»:

Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանը համառ ջանքեր էր գործադրում այս զեկույցում Արցախին վերաբերող հատվածը վերախմբագրելու, Մինսկի խմբի հիշատակումը եւ հատկապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանելու ուղղությամբ. «Իմ ձեռքի տակ են ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի նամակները, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, խմբակցություններին, որտեղ նա լալահառաչ ու կեղծ տեքստերով եվրոպացիներին փորձում էր համոզել, որ այդ ձեւակերպումները սխալ են, բլա բլա բլա` ինչպես ասում են եվրոպացիները, բայց ի պատիվ Եվրոպական խորհրդարանի հիմնական դերակատարների եւ մեր հայրենակիցների, որոնք զբաղվում էին այս զեկույցում հայանպաստ դիրքորոշումներ արձանագրելով, մեզ հաջողվեց պահպանել այս ձեւակերպումը…

Քաղաքական թիմերը, անհատները մշտապես կարող են դրսում մեր ազգային շահերը հետապնդել, այդպես եղել է ՀՀԿ-ի օրոք: Ու թեեւ մենք զրկվեցինք իշխանությունից, բայց դա այդպես շարունակվել է, անհատ գործիչներն ու համահայկական կառույցները մշտապես դա արել են ու շարունակելու են անել, բայց ինչ լավ կլիներ, եթե մեր մեջքի ետեւում պետություն լիներ, այլ ոչ թե այն ապազգային խեղկատակները, որոնք այսօր բացարձակապես ազգային որեւէ օրակարգ չունեն… Առանց պետության, առանց պետական աջակցության հաջողվել է նման բան արձանագրել»:

ՀՀԿ փոխնախագահը մի բան էլ հայտնեց. «Հավանականությունը մեծ է, որ անցել է նաեւ այն դրույթը, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր ռազմավարական փաստաթուղթ ստանալու նախապայման է դնում Եվրոպական միությունը: Այն է` հայ ռազմագերիների ազատումը»:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28