Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի իշխանությունը պետք է ՀՀ իշխանությունից պահանջատեր լինի. Ռոբերտ Քոչարյանը՝ Ստամբուլի խարտիայի, Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու մասին

Փետրվար 17,2022 15:33

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տպավորությամբ, Հայաստանի իշխանություններն Արցախի թեմայից չեն ուզում խոսել ընդհանրապես. այդ մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսում եւ հավելեց, որ իր կարծիքով, նպատակն այն է, որ մեր հանրությունը, նաեւ Ղարաբաղում, այս հարցում իշխանության հետ որեւէ հույս չկապեն։

«Եվ սա աշխատելու է : Մեկ տարի, մեկուկես, երկու տարի Ղարաբաղից ընդհանրապես չխոսելով՝ տպավորություն է ստեղծվելու, որ հենց Ղարաբաղի հարցի հետ մենք այլեւս առանձնապես կապ էլ չունենք, եթե հարց էլ կա, գնացեք ռուսների հետ քննարկեք, խաղաղապահներն իրենք են, անվտանգության երաշխավորողներն իրենք են»,- ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքով, սա արվում է գիտակցաբար։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ես մեկ-մեկ ուզում եմ պատկերացնել այդ բանակցությունների առաջին փուլը, հանդիպեցին մեկ սեղանի շուրջ Ղարաբաղի հարցի բանակցությունների ապագան որոշելու համար, ինչի՞ մասին են խոսելու։ Օրինակ՝ Հայաստանի պատվիրակությունը կամ պատվիրակը ի՞նչ թեմա է քննարկելու, ի՞նչ տարբերակ են քննարկելու։ Ինչպես մեր պատգամավորներն են խորհրդարանում անում, ադրբեջանական կողմը ձայնագրությունը միացնելու է, ասելու է՝ ձեր ղեկավարն ընդունում եւ ամբողջ հայ ժողովրդին համոզում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վաղուց ճանաչված է Հայաստանի կողմից։ 2-րդ կետով այդ նույն ձայնագրությունը սեղմելու են ու ասեն՝ ձեր ղեկավարն ընդունում է, որ 2016-ից թվից նույնիսկ տեսական շանս էլ չի եղել քննարկել Ղարաբաղի կարգավիճակը՝ Ադրբեջանից դուրս, եւ ընդհանրապես, ձեր ղեկավարը կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը… Հիմա ես անկեղծ ասեմ՝ մեծ անհանգստությամբ եմ սպասում այդ բանակցություններին, նույնիսկ մտածում եմ՝ հիմա դրանք պե՞տք են, թե՞ ոչ. այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ-ում այս իշխանությունն է: Որովհետեւ բանակցելու թեմա չկա, պետք է գնաս եւ ընդունես, որ հետագա բանակցային գործընթացը գնալու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ ներառյալ Ղարաբաղը եւ շատ կասկածելի առումով Ղարաբաղի հայկականության հարցը եւս սեղանի վրա է լինելու, որ սա համայնքային հարց է՝ հայկական համայնք, ադրբեջանական համայնք։ Այս վիճակում ենք մենք գտնվում եւ այս վիճակում մենք ենք մեզ գցել՝ մեկ նպատակ ունենալով՝ արդարանալ ինչ-որ մեղադրանքներից եւ այդ արդարանալու նպատակին զոհաբերվեց ամբողջ բանակցային գործընթացը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկ այլ հարցի՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ասելով, որ նաեւ 1999-ին Ստամբուլում, ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթուղթը ստորագրելով՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ ժամանակ, հիշեցնենք, ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը:

«Մի մարդ, որ դեռևս մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է մի հայտարարություն եւ որեւէ մեկը չի փորձել կարդալ, հասկանալու համար այս մարդը հերթական անգամ ստո՞ւմ է, թե գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճիշտ է ասում: Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել: Այդ մարդը ստում է: Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից է եղել այդ տարիներին: Բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են բանակցային գործընթացով, կառաջարկեմ կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջերը: Այնտեղ կան մանրամասներ հետսովետական բոլոր կոնֆլիկտների մասին, բոլոր տեղերում գրված է՝ մենք հարգում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի և միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Հիմա տեսեք, թե ուր ենք հասել, որ Լիսաբոնից հետո հենց Ստամբուլում մենք ստացանք այդ փաստաթուղթը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ հանրային ընդունված վարքագիծ կա՝ կապ չունի, թե որքան ազնիվ ես, մեկ է՝ հավատում են նրան, ով վարժ ստում է. «Եթե վարժված ես ստելու, անում ես առանց ամոթի, թատերական ներկայացումներով, քեզ հավատում են»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում նաեւ ասել էր, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու տնտեսական և գործնական հնարավորություն չուներ: Այս մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ղարաբաղի ձեւավորման իրավական հիմքերը անխոցելի են, ուղղակի պետք էր Ղարաբաղը դե ֆակտո պահել, բանակով պահել, պատերազմ չհրահրել, չպարտվել պատերազմում եւ տնտեսապես հզորացնել Ղարաբաղը ու ժամանակի հարց էր փաստացի ճանաչումը։ Այդպիսի կոնֆլիկտները արագ չեն լուծվում։ Օրինակ, այս պատերազմում եթե մենք չպարտվեինք, գոնե մի երկու շաբաթ, տասը օր չնահանջեինք, որովհետեւ ամեն օր էինք նահանջում, պատերազմը կկանգներ։ Հետո իսկապես, հնարավորություն կստեղծվեր որոշակի ճանաչման գործընթաց սկսել։ Ունենք այն, ինչ ունենք, եթե այսպես շարունակվի՝ մենք լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու»:

Սակայն, նրա գնահատմամբ, ՀՀ-ն ամեն օր կորցնում է որոշակի հնարավորություններ բանակցային գործընթացում․ «Չեմ պատկերացնում՝ ի՞նչ են բանակցելու եւ եթե ամեն անգամ իշխանությունը այսպիսի ռումբեր կամ նռնակներ դնի բանակցային գործընթացի տակ, ապա մենք այդ բանակցային գործընթացում ոչնչի չենք հասնի, մենք ընդամենը ամրագրելու ենք փաստացի իրավիճակը։ Ես լրջագույն խնդիր եմ տեսնում եւ համարում եմ, որ այսօր Ղարաբաղը շատ լուրջ դերակատարություն պետք է ունենա իր հարաբերություններում Հայաստանի հետ՝ ստիպելով, պահանջելով, որ Հայաստանի իշխանությունները բացատրեն՝ ի՞նչ են անում, ո՞ւր են տանում։ Իմ տպավորությունն այնպիսինն է, որ զգայուն ու ծանր թեմա է, բոլոր կողմերը չեն ցանկանում այս հարցը քննարկել։ Հայաստանը խուսափում է այս հարցի շուրջ խոսել, Ղարաբաղի իշխանությունը, իմ տպավորությամբ, չի ուզում այս թեման սրել՝ հարաբերությունները չփչացնելու համար։ Բայց սա նշանակում է, որ քայլ առ քայլ կորցնում ենք հնարավորությունները եւ վերջում կանգնելու ենք կոտրած տաշտակի առջեւ եթե քայլեր չձեռնարկենք: Ղարաբաղը պետք է ասի՝ ես հեռանկար եմ ուզում տեսնել ապագա տարիների համար»։

Նա նաեւ հավելեց, որ որոշակի քայլեր Արցախում տեսնում է, որոնք միտված են իր արտահայտած մտահոգություններին որոշակի մոդելներ տալու: Խոսքը, ԱՀ խորհրդարանի՝ երեկ ընդունած«ԱՀ բռնազավթված տարածքների մասին» եւ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի մասին է:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28