Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն ասել է այն, ինչ մտածում են մյուսները. Ռոբերտ Քոչարյանը՝ Բելառուսի նախագահի հայտարարության եւ Միութենական պետության մասին

Փետրվար 17,2022 14:59

«Ես լավ եմ ճանաչում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին։ Կարելի է նրան սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, սակայն նա միշտ ասում է այն, ինչ մտածում է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության մասին հարցին: Լրագրողը հիշեցրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարությունը, թե Հայաստանն այլ տեղ չունի գնալու. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»:

«Անձամբ ինձ համար անհասկանալի է այն բուռն արձագանքը, որը տեղի ունեցավ Հայաստանում։ Խոսքը, մասնավորապես, գործող իշխանության արձագանքի մասին է։ Այն, ինչ ասել է Լուկաշենկոն, ուղղակի հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում է Ալիեւը, որին զրո արձագանք է եղել Հայաստանում։ Ինչի՞ են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում․․․ Իհարկե, նա չպետք է նման տոնով խոսեր։ Անկասկած, նման դեպքերում պետք է կոռեկտ լինել։ Սակայն մենք պետք է իմանանք, որ նա ասել է այն, ինչ մտածում են մյուսները։ Դա փաստ է։ Բոլորը մտածում են՝ «ո՞ւր են նրանք գնալու»։ Ահա այս ձեւակերպման հետ գործ ունենք։ Եվ այսօր գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի արմատավորվի հենց այս մտածելակերպը»,- ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերվում է Միութենական պետությանը միանալուն, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ արդյունավետ են ինտեգրացիոն միավորումները եւ կան հաջողված օրինակներ, որոնց շատ երկրներ ցանկանում են միանալ։ Նա բերեց Եվրամիության օրինակը եւ կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետությունն այսօր ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից խիստ զիջում է Եվրամիությանը. «Ըստ իս, ապրիորի, չպետք է վախենալ նման ինտեգրացիոն գործընթացներից։ Պարզապես պետք է նստել եւ հաշվարկել՝ ի՞նչ կստանանք դրանից եւ ի՞նչ ստիպված կլինենք զիջել։ Պետք է սառը հաշվարկ անել։ Նման առաջարկներ դեռ չեն ստացվել։ Ամեն դեպքում, իմ նախագահության օրոք այս հարցը չի քննարկվել։ Ի դեպ, մենք նույնպես նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել։ Մենք չէինք կարծում, որ դրա անհրաժեշտությունը հասունացել է»:

Այս գործընթացներին, ըստ նրա, պետք է ծայրահեղ պրագմատիկ վերաբերվել եւ համոզված է, որ համապատասխան երկխոսություն հաստատելու համար պետք է խորացնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները, քանի որ չկա որեւէ այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ դարձյալ տարածաշրջանային գործոնի վերածելու հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28