Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կրկին բողոքի ցույց էին կազմակերպել՝ այս անգամ կառավարության շենքի առաջ: Գիտաշխատողները պահանջում էին իրենց չանտեսել եւ, նրանց խոսքով՝ «երկու կոպեկ ներդրման համար» գիտությունը չվերացնել:
Հիշեցնենք՝ կենտրոնի գիտաշխատողները բողոքում են կենտրոնին կից կառուցվող բազմահարկ շենքի շինարարության դեմ՝ պահանջելով որոշումը չեղյալ համարել եւ կառուցապատողին շինարարության համար այլ տարածք հատկացնել: Նրանց խոսքով, կենտրոնի բացօթյա ջրավազանի տարածքը տարիներ առաջ օտարվել է եւ մի քանի անգամ վերավաճառվել: Այժմ տարածքը պատկանում է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությանը, որն արդեն քանի օր է՝ սկսել է հորատման աշխատանքները՝ երկրաբանական հետախուզության նպատակով, որպեսզի ստանա շինթույլտվությունը:
«Կենտրոնը Հայաստանի առաջին դեղագործական ընկերությունն է, որտեղ ստեղծվում է դեղ: Այսօր ամբողջ աշխարհում դեղագործությունը համարվում է ռազմավարական ուղղություններից մեկը, բայց մենք այսօր դեղագործություն ենք վերացնում, եթե սա գիտության վերացում չէ, ապա ի՞նչ է: Սա հողատարածքի բռնազավթում է, որովհետեւ 10 հեկտարից մնացել է 6-ը: Այս տարածքները հենց այնպես չեն սարքել, դրանք ունեն իրենց նշանակությունը»,-ասաց կենտրոնի արտադրության գծով փոխտնօրեն Արմեն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Նա կառավարության պատասխանատուներին հրավիրում է տարածք՝ իրենց աչքով կատարվողը տեսնելու եւ գիտաշխատողներին օգնելու:
Գիտաշխատողները ինստիտուտի տարածքում բնակելի շենքի կառուցումն անթույլատրելի են համարում, որովհետեւ այն կարող է հանգեցնել ինստիտուտի բնականոն գործունեության խաթարմանը, ապա՝ քանդմանը: Ըստ նրանց շինարարությունը կատարվելու է իրենց մասնաշենքերից 20-30 մետր հեռավորության վրա:
Ասում են՝ անգամ հորատման աշխատանքները կատարելու ժամանակ աղմուկից հնարավոր չի եղել աշխատել. «Մեր կենտրոնը հանդիսանում է հզոր կառույց, որի նպատակն է դեղագործական նոր դեղամիջոցների եւ կենսաբանական միացությունների սինթեզը, նրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրությունը, եւ, հետագայում, շարունակելով արտադրական գործընթացները, դրանք վերածվում են դեղամիջոցի: Մեր ուժերով հնարավորություն ենք ունեցել չորս դեղամիջոց արտադրելու, որից մի քանիսն օգտագործվել է արցախյան պատերազմում: Ձեռք ենք բերել թանկարժեք սարքեր, որոնք շատ զգայուն են եւ ցնցումներից, փոշուց կարող են շարքից դուրս գալ: Իսկ, եթե դրանք վնասվեն, հնարավոր չի լինի այդ սինթեզը կատարել»:
Գիտաշխատողների խոսքով, երբ 1955 թվականին պրոֆեսոր Մնջոյանը նախագծել եւ կառուցել է այդ կենտրոնը՝ այնտեղ եղել են նաեւ մրգատու բազմամյա ծառեր, որոնք նախատեսված են էկոհամակարգը բարելավելու համար, իսկ ջրավազանը՝ հրդեհի դեպքում կարող է ծառայել, որպես ջրի աղբյուր՝ այդ վտանգավոր օբյեկտների հրդեհը մարելու համար: Սակայն 1997 թվականին, սուղ պայմաններից ելնելով, այդ ջրավազանի տարածքը հանձնվել է Երեւանի քաղաքապետարանին՝ մաքրման եւ այլ աշխատանքների համար, 2006-ին քաղաքապետարանը հանձնել է համայնքին, ինչից հետո այն մի քանի անգամ վաճառվել է:
Գիտաշխատողների խոսքով, ըստ նախագծի, կառուցապատողը 200 ավտոմեքենաների համար ստորգետնյա ավտոկայանատեղի պետք է փորի: Իսկ այդ բոլոր գործերը կատարելու ժամանակ, ըստ նրանց, խաթարվելու է ինստիտուտի բնականոն աշխատանքը. «Կորցնելու ենք անգին կենտրոն Հայաստանի հանրապետության համար, եւ չենք կարողանալու վերականգնել: Վեց հեկտար հող է մնացել` դրա վրա էլ կսարքեն այլ շենքեր եւ գիտություն կլինի, չի լինի՝ ոչ մեկին չի հետաքրքրում»:
Ի պատասխան գիտաշխատողների բողոքին, կառուցապատող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից պարզաբանել էին, որ հորատման եւ մնացած աշխատանքները չեն իրականացվում կենտրոնի տարածքում, եւ, որ աշխատանքները կատարվում են «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությանը պատկանող տարածքում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ