Դիահերձարաններում այսօր դեռ կան պատերազմում զոհված զինծառայողների մասունքներ, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հուղարկավորում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավոք սրտի, դեռ ունենք դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի, կրկնվող հետազոտությունների պարագայում էլ ծնողները կամ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու եւ հուղարկավորելու։ Մենք պատկերացնում, հասկանում ենք, որ դա ցավոտ, շատ դժվար գործընթաց է, ե՛ւ Քննչական կոմիտեն, ե՛ւ մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի այս ընթացքը հնարավորինս արագ ավարտին բերենք»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով մարմինների եւ մասունքների ԴՆԹ հետազոտմամբ նույնականացման գործընթացին, նախարարն ասաց․«Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը: Մենք 100-ից մի փոքր ավելի մասունք ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, եւ այդ փուլը եւս ավարտվել է։ Այս պահին, կարելի է ասել, որ մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք, ներկայումս հետազոտման մեջ չունենք որեւէ փորձանմուշ: Սակայն կան մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել։ Դրանք առանձին արխիվացած են»։
Կարդացեք նաև
Թե քանի նման մարմին կամ մասունք կա, նախարարն ասաց, որ թիվ չի կարող նշել․« Ընդհանուր թվերի հետ կապված պատկան մարմինը Քննչական կոմիտեն է, դա իրենց իրավասությունն է եւ ես նման իրավասություն ինձ չեմ վերապահի»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ