Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռնարկն ավարտելով՝ սկսնակ երաժիշտը կկարողանա ոչ բարդ դաշնամուրային պիեսներ կատարել». լույս է տեսել դաշնամուրի ուսուցման առաջին հայալեզու դասագիրքը

Փետրվար 17,2022 12:34

Երևանում տեղի է ունեցել դաշնամուրի առաջին հայալեզու ձեռնարկի շնորհանդեսը։ Այն ուղեցույց է ինչպես դպրոցում սովորելու, այնպես էլ դաշնամուրին ինքնուրույն տիրապետելու համար։

Դասագրքի հեղինակ Անի Բաղդասարյանը դասավանդման տասներկու տարվա փորձ ունի։ Նա Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի փոխտնօրենն է։

Պատկերազարդ գիրքը կազմված է ժամանակակից մեթոդական մոտեցումներով և ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների պետական ուսումնական ծրագրին համապատասխան։ Ուսուցանվող նյութը մատուցվում է սովորողի հետ անմիջական զրույցի ձևով։ Ձեռնարկում առկա բազմաթիվ խաղ-վարժությունների շնորհիվ ուսուցման ընթացքը դառնում է հետաքրքիր և մոտիվացնում ուսումնասիրել բոլոր բաժինները։ Ստեղծագործությունների ցանկն ամբողջովին կազմված է հազվադեպ կատարվող կամ Հայաստանում երբևէ չկատարված ստեղծագործություններից։

«Ձեռնարկն ավարտելով՝ սկսնակ երաժիշտը ձեռք կբերի հիմնարար տեսական գիտելիքներ, կկարողանա վերծանել և կատարել ոչ բարդ դաշնամուրային պիեսներ, կճանաչի տարբեր ժանրերի, բնույթի և ժողովուրդների երաժշտության նմուշներ: Սակայն ամենակարևորն այն է, որ սովորողը հաճույք ստանա հենց սովորելու պրոցեսից և ցանկություն ունենա խորացնել իր գիտելիքներն ու հմտությունները երաժշտության մեջ»,- նշում է գրքի հեղինակ Անի Բաղդասարյանը։

«Դաշնամուրի առաջին հայալեզու ձեռնարկի տպագրությունն իրոք մեծ իրադարձություն է ազգային մակարդակով։ Այդ պատճառով ես ողջունում եմ «Ե՛կ նվագենք դաշնամուր» նախագիծը, դրա նպատակն ու այն խնդիրները, որն իր առջև դնում է հեղինակը։ Հատուկ կարևորություն ունի հենց այն փաստը, որ ձեռնարկը հայալեզու է։ Անի Բաղդասարյանը դարձել է գրքի ստեղծման գաղափարակիրը, ինչի համար նա արժանի է հարգանքի և վստահության, իսկ «Ամրոց» հիմնադրամը օգնել է ֆինանսավորմամբ և միանգամից հաստատել է նախագիծը՝ առանց երկար մտածելու»,- նշում է ՀՀ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի, «Սուրբ Սահակ և Մեսրոպ» պատվավոր շքանշանակիր Հասմիկ Պապյանը։

Շնորհանդեսի հյուրերի թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի, «Սուրբ Սահակ և Մեսրոպ» պատվավոր շքանշանակիր Հասմիկ Պապյանը, դաշնակահարուհի, Երևանի պետական ​​կոնսերվատորիայի դոցենտ Արմինե Սողոմոնյանը, «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի տնօրեն Արամ Սաֆարյանը, «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը, ԿԳՄՍ  նախարարության ներկայացուցիչներ, Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի դասախոսներ և Հայաստանի արվեստի և ​​երաժշտական ​​դպրոցների տնօրեններ։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

«ռեԱրմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28