Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման գործընթացը մինչեւ տարեվերջ ավարտենք»

Փետրվար 17,2022 11:52

Այսօր հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը, այս նախագիծը մեզ համար ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մրցույթի առաջին փուլում հրավիրում են այն կազմակերպություններին, որոնք կարող են հայտ ներկայացնել այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար։ «Նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է, եւ այս ծավալի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել։ Վերջին շրջանի մեր քննարկումների՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման թեման՝ Հյուսիս- հարավ նախագիծը մենք վերաձեւակերպել ենք եւ դարձրել Հյուսիս-հարավ, Արեւելք-արեւմուտք նախագիծ եւ մենք հույս ունենք, որ մեծ տեմպերով կիրականացնենք այս նախագիծը։ Սա նշանակում է, որ այդ ճանապարհի՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը-Իրանին , մյուսը՝ Ադրբեջան-Հայաստան եւ հետագայում՝ Նախիջեւան-Թուրքիա։ Այս նախագիծը տեղավորում ենք այս ընդհանուր կոնտեքստում։ Հույս ունենանք, որ մենք մինչեւ տարեվերջ կունենանք կոնկրետ շինարարական ընկերություն, որը կիրականացնի աշխատանքը։ Իհարկե, Արեւելք-արեւմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների եւ համաձայնությունների ձեռքբերման համատեքստում մենք կիրականացնենք նաեւ այդ հատվածը»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կոնկրետ աշխատանքներ են իրականացվում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար․ «Չնայած, տեխնիկական եւ նախագծային աշխատանքները արդեն մեկնարկել ենք, հույս ունենք, որ առաջիկայում ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որեւէ փաստաթղթի տեսքով եւ արդեն դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի։ Նախաորակավորման օրը տեւելու է 70 օր, այդ ընթացքում ընկերություններն ակտիվորեն հայտ կներկայացնեն, որից հետո որակավորված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության աշխատանքների համար հայտարարված մրցույթին։ Պետք է ամեն ինչ անենք, որ այս գործընթացը մինչեւ տարեվերջ ավարտենք»։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ հավելեց՝ ամբողջ Հյուսիս-հարավ ճանապարհը մոտ 560 կմ է, եւ այս 60 կմ-ն առանցքային է։ Ըստ նախարարի, այժմ գործող ճանապարհը՝ Սիսիանից դեպի Քաջարան, միջինում ունի 50կմ/ժ արագություն, նշված ճանապարհի կառուցմամբ կունենանք 100կմ/ժ արագություն, որը երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջեւ հեռավորությունը․ «Կլինի անվտանգ, ժամանակակից պահանջներին բավարարող ճանապարհ։ Վեց տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար, ամբողջովին նոր ճանապարհային հատված է, որտեղ կան 4,7 կմ կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27-ն են, կա 12 կմ-ից ավել թունելային հատվածներ՝ 5 թունել, որից մեկը 8,6 կմ երկարությամբ»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28