Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օգուտը գնալու է տնտեսվարողների սեփական գրպանը, Հայաստանին չի մնալու ոչինչ, մեզ մնալու են պոչամբարները, աղտոտված հողերն ու ջրերը». Սիլվա Ադամյան. «Փաստ»

Փետրվար 17,2022 10:26

Հանքարդյունաբերությունը կարող է օգուտ բերել տնտեսությանը և երկրին: Բայց, ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանում ամեն ինչ սկսեցին սեփականաշնորհել, հանքարդյունաբերության ոլորտում արվել են քայլեր, որոնք հանգեցրել են որոշ մարդկանց, այլ ոչ թե պետության հարստացմանը, կարծում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Հանքարդյունաբերողները, որոնք Հայաստան են եկել տարբեր երկրներից, իրենց շահի և գրպանի համար ամեն ինչ արել են: Դա տարիներ շարունակ թույլ է տվել և՛ օրենսդրությունը, և՛ մեր կառավարությունը: Մեր ունեցած պաշարները վերցրել են տնտեսվարողները, վաճառել, ստացել մեծ օգուտներ, իսկ ՀՀ-ին, ըստ մեր օրենսդրության, մնացել են շատ փոքր տոկոսներ: Ի՞նչ է ստացել Հայաստանը և ժողովուրդը դրանից: Այն հանքերում, որտեղ եղել ենք, սարսափելի իրավիճակ էր. լքված պոչամբարներ, աղտոտված հողեր և ջրային ռեսուրսներ, դժգոհ հանրություն, որն, ի դեպ, սկզբնական շրջանում, օրինակ՝ Թեղուտի հանքավայրի դեպքում, դեմ էր ՀԿ-ներին ու քաղհասարակությանը, որոնք պնդում էին՝ այս կարգով հանքի շահագործումը կարող է հանգեցնել էկոլոգիական լուրջ աղետի, և հասարակությունը դրանից ոչինչ չի ստանա, բացի առողջական խնդիրներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպանը:

Նշում է՝ խնդիրների մասին խոսում են տարիներ շարունակ, նախկինում տարբեր հանդիպումների ու քննարկումների ժամանակ ներկայացրել են տարբեր հանքերում տիրող իրավիճակը, հնչել են առաջարկներ, որ պոչամբարները պետք է ռեկուլտիվացիա արվեն, պետությունը մշտադիտարկում անի և հետևի, թե ինչպես է աշխատում հանքարդյունաբերողը:

Վերջին ամիսներին կրքերը չեն հանդարտվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ: Պետք է շեշտել, որ ամեն ինչ սկսվեց, երբ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք բերեց «Գեոպրոմայնինգ Արմենիա» ռուսաստանյան ընկերությունը, որն էլ շատերի համար անհասկանալի պատճառներով ՀՀ կառավարությանը նվիրեց իր բաժնեմասի 25 տոկոսը։ Ադամյանը նշում է՝ քաղհասարակության ներկայացուցիչները երեք նամակ են հղել, որոնք վերաբերում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը, նրանց գործունեությանը, բացի դա, հարցեր էին ուղղել պոչամբարների մասով, արդյո՞ք մոնիտորինգ է արվում Ողջի գետը, բացի դա, խնդիրներ կան վարելահողերի մասով, որոնք թունավորված են ծանր մետաղներով:

«Վարչապետը մասնավորապես հայտարարել է, որ տնտեսական մեծ օգուտներ կունենանք, եթե Քաջարանում ձուլարան գործարկվի: Ի՞նչ վտանգներով է հղի ձուլարանի բացումը: Նախ՝ այն բացվում է այն միտումով, որ Հայաստանի բոլոր հանքերից գունավոր մետաղները պետք է բերվեն այստեղ: Սա նշանակում է, որ մեր պաշարները, որոնք, օրինակ՝ հիսուն տարում պետք է սպառեինք, կսպառենք տասը տարում: Եթե այստեղ խոսվում է պետության տնտեսական օգուտի մասին, հետո ի՞նչ ենք անելու: Այսինքն՝ բոլոր պաշարները սպառում ենք, օգուտը գնալու է տնտեսվարողների սեփական գրպանը, Հայաստանին չի մնալու ոչինչ, ավելի ճիշտ՝ մեզ մնալու են պոչամբարները, աղտոտված հողերն ու ջրերը: Սրա մասին առաջին անգամ չենք խոսում, 2016-2020 թթ. արվել են մասնագիտական հետազոտություններ, որոնք դրվել են և՛ նախկին, և՛ ներկա կառավարությունների սեղանին, սակայն ոչ մի գործընթաց չի սկսվել, ոչ մի բան չի փոխվել»,-ընդգծում է բնապահպանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28