Մի քանի ամսից կլրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման չորս տարին։ Պետք է ընդունել, որ չորս տարին ահռելի ժամանակահատված է՝ պետության զարգացման ուղղությամբ համապատասխան վստահության հիմքեր ներդնելու ու կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու տեսանկյունից։ Իրականում նրան նույնիսկ չորս տարի պետք չեղավ երկիրն ամբողջությամբ անդունդը տանելու համար:
Այս իշխանությունների՝ իրենց գործունեությունն ընդգծելու հիմնական փաստարկներից մեկը այն է եղել, թե իրենք առավել բաց, թափանցիկ ու հաշվետու են ժողովրդի առաջ, քան ընդհանրապես որևիցե իշխանություն։ Եվ ամեն անգամ այս հանգամանքը հատուկ շեշտվել է Փաշինյանի կողմից։
Բայց թափանցիկության շահարկումը գրեթե միշտ շղարշի դեր է կատարել, քանի որ վերջում պարզվել է, որ իշխանությունները հանրությանն այլ պատկեր են ներկայացնում, իսկ իրականում դրա հակառակ գործընթացների մեջ են քողարկված ձևով ներգրավված։ Իսկ ավելի ճիշտ՝ նրանք մինչև ականջները խրված են հանրությունից գաղտնի պայմանավորվածությունների ճահճում։
Փաշինյանն ասում է, թե իր նախկին ու ներկա խոսքերի մեջ եղած հակասությունն այն է, որ այն ժամանակ չեն իմացել կամ չեն հասկացել: Կատարյալ մանիպուլյացիա: Նա, իր թիմով հանդերձ, միշտ խաբել է, խաբում է ու խաբելու է: Գրեթե բոլոր հարցերում: Օրինակ՝ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, թե «Վեոլիա Ջրի» հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա։ Բայց, ինչպես տեսնում եք, ջրի գինն արդեն իսկ բարձրացել է։ Եվ այստեղ է, որ հարց է ծագում՝ արդյո՞ք մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն իսկապես եղել է, թե՞ իշխանություններն այլ պայմանավորվածություն են ունեցել, բայց սկզբից բոլորովին ուրիշ պատկեր են ներկայացրել։
Կարդացեք նաև
Բայց սա, իրոք, չարյաց փոքրագույնն է այն գլոբալ հարցերի հետ կապված, որոնց առումով իշխանությունները խաբել են ու քայլեր ձեռնարկել «հպարտ քաղաքացիների» թիկունքում: Ասենք՝ նրանք պատերազմից հետո, միմյանց հերթ չտալով, հավաստիացնում էին, թե Սյունիքն անվտանգ է, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Սյունյաց աշխարհը ոչ միայն անվտանգ չէ, այլև կոնկրետ սպառնալիքների առաջ է կանգնած։ Իսկ դրանից հետո տեղեկացանք, որ Փաշինյանն անձամբ է զորքերին հետ քաշվելու հրաման տվել։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում