Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են նման «դեպրեսիվ» եւ իշխանական խավերը

Փետրվար 17,2022 10:00

Հոգեբանները խորհուրդ են տալիս աշխատանքի գնալ տարբեր ճանապարհներով, իսկ տանը՝ պարբերաբար փոխել համակարգչի տեղը եւ ընդհանրապես՝ կահավորանքի ձեւը: Անընդհատ կրկնվող իրադարձություններից, նույն դեպքերից, նույն երթուղիներից մարդու ուղեղում նոր նեյրոնային կապեր չեն ստեղծվում՝ մարդը «լճանում» է, կաղապարվում է հոգեւոր, մտավոր եւ ֆիզիկական իմաստով:

Այդ օրինաչափությունը գործում է նաեւ հասարակական, քաղաքական կյանքում. նոր շրջապատը, նոր շփումները, նոր գիտելիքներն օգնում են մարդկանց ազատվել կարծրատիպերից, նախապաշարումներից, չդառնալ քարոզչության զոհը:

Դուք չեք հավատա քաղաքական գործիչների պնդումներին, թե «բոլոր լրագրողները ծախված են», եթե գոնե մեկ լրագրող ընկեր ունեք, որի պարկեշտությանը չեք կասկածում:

Դուք չեք հավատա հրեաների կամ աֆրոամերիկացիների մասին տարածվող ռասիստական հեքիաթներին, եթե որոշ ժամանակ շփվել եք տվյալ ազգի կամ տվյալ ցեղի ներկայացուցիչների հետ:

Եվ հակառակը՝ եթե դուք ամբողջ օրը նստած եք ֆեյսբուքում եւ այնտեղից «որսում եք» ձեր չսիրած մարդկանց մասին բացասական տեղեկությունները, որպեսզի ստանաք ձեր արդեն իսկ ձեւավորված համոզմունքների հաստատումն ու մի երկու քաղցր խոսք էլ դուք ավելացնեք, ապա ինքներդ հեշտությամբ կդառնաք քարոզչության զոհը: «Սաղ ՀՀԿ-ականները թալանչի են», «սաղ ՔՊ-ականները տգետ են»՝ քարոզչությունն ինքնին շատ պարզունակ է եւ փնտրում է նույնքան պարզունակ ուղեղներ:

Այսպիսով, քարոզչության զոհ դառնալու հավանականությունն առավել մեծ է նեղ շրջապատ ու միապաղաղ կյանք վարողների շրջանում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ, այսպես ասենք, «դեպրեսիվ» խավին համահավասար կա մեկ այլ՝ չափազանց բարգավաճող խավ, որն ունի նույն խնդիրները: Խոսքն իշխանավորների մասին է: Նրանք նույնպես ամեն օր գնում են աշխատանքի նույն «պադավատով», շրջապատված են նույն թիկնապահներով, ծառաներով եւ քծնողներով, Հայաստանի պարագայում նրանք նույնպես ամբողջ օրը նստած են ֆեյսբուքում՝ պարզելու համար, թե ով է իրենց «ծանր վիրավորանք» հասցրել: Իհարկե, այդ մարդիկ էլ ունեն իրենց փոքրիկ ուրախությունները, ասենք, երբեմն պակաս շքեղ բնակարանից տեղափոխվում են ավելի շքեղ բնակարան, կամ ավելի թանկ «պադավատով» են գնում գործի: Բայց դա ընդհանուր կաղապարվածության վրա չի ազդում: Թե՛ «դեպրեսիվ» եւ թե՛ իշխանական խավերի մտածողության հիմքում դրված է նույն «քառակուսի» մտածելակերպը՝ դատել իրադարձությունների եւ մարդկանց մասին՝ իրենց, նախօրոք ձեւավորված, միակողմանի չափանիշներով:

…Գերմանացի նացիոնալ-սոցիալիզմի պարագլուխներից մեկը՝ Հենրիխ Հիմլերը 30-ականների վերջում մարդկանց աշխատանքի ընդունելու «հանճարեղ» ձեւ էր առաջարկել՝ լուսանկարով: Պետք չի ոչ մի ինքնակենսագրություն, ոչ մի հարցազրույց: Նայում ես լուսանկարին, տեսնում ես՝ մազերը շեկ են, աչքերի գույնը՝ բաց, գանգի ձեւը՝ «ճիշտ», ուրեմն՝ վերջ, կարելի է աշխատանքի ընդունել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Առավոտի առաջին էջում առաջարկում եմ խմբագրի սյունյակը ձախից տեղափոխել աջ:

  2. Լավատես says:

    Երբ քեզ հետ ամերիկյան ֆուտբոլ են խաղում եւ դու համառորեն անգլիական ֆուտբոլ ես խաղում եւ դեռ դժգոհում ես, որ մրցավարը չի պատժում ձեռքով խաղացող մրցակցին, այստեղից հետեւություն’ ինչքան շատ լեզու ու խաղ գիտես, այնքան դու մարդ ու ազգ ես, ամերակացիների հետ խոսում ես ամերիկերեն ու խաղում ամերիկյան ֆուտբոլ, անգլիացիների հետ էլ խոսում ես անգլերեն ու խաղում անգլիական ֆուտբոլ եւ այլեւս ոչ մի հակասություն’ բոլորի հետ խոսում ես իրենց լեզվով եւ բոլորը քեզ հասկանում են:
    Օրինակ, ասում են խելոք փափուկ ուժով ցանկացած հզոր բանակ կարելի է ծնկի բերել, հարց, մենք ունե՞նք որեւէ քաղաքական ուժ, որը տիրապետում է փափուկ ուժի գիտությանը, մենք ունե՞նք այնքան խելոք ուժ, որը նպատակ դնի իր առջեւ գրավել հարեւան եւ ոչ հարեւան երկրները, որոնք չեն ուզում քեզ հետ ռազմավարական դաշինք կնքել եւ դաշինք կնքել նրանց հետ, որոնք ուզում են եւ գրավել հարեւան եւ ոչ հարեւան երկրներին, որոնք չեն ուզում ձեր դաշինքին միանալ եւ դաշինք կնքել ուզողների հետ եւ այդպես շարունակ: Կարճ ասած, քո բոլոր հարեւաններին ու բարեկամներին, ազգակիցներին ու թշնամիներին առաջարկում ես քեզ հետ հարաբերվելու մի ձեւաչափ’ Դաշինք կամ Պատերազմ: Բայց այդքան բարձր մակարդակի հասնելու համար, որ նման առաջարկ կարողանաս անել, պետք է քո ամբողջ ազգը դարձնես մի Դաշինք, եթե մի համայնք դեմ լինի դրան, փափուկ պատերազմ ես հայտարարում ու փափուկ գրավում ու փափուկ դարձնում դաշնակից: Ապագա ունեն եւ զարգանում են բնականորեն եւ էվոլյուցիա են ապրում այն ազգերը, որոնք անընդմեջ դաշինքի եւ պատերազմի գործընթացի մեջ են, իսկ նրանք, ովքեր հանգիստ են ուզում վայելել կյանքը, դրանք լճանում են, թուլանում եւ ի վերջո վերանում են: Պատերազմ կամ Դաշինք’ սա է կյանքի հաճույքն ու իմաստը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28