Արցախյան առաջին պատերազմին հայրը ավագ որդուն` 32-ամյա Արծրունին, չթողեց գնալ մարտադաշտ, ասաց` դու երեխատեր ես, երեք երեխա ունես, բա որ քեզ մի բան լինի՞, մնա` երեխաներիդ պահիր: Ասաց` ինքն ու մյուս որդին` Վարդանը, արդեն այնտեղ են, կամավոր են, երկրապահ են:
Արցախյան երկրորդ պատերազմում, երբ Արծրունն արդեն 62-ամյա այր էր, այլեւս ոչ ոք չկարողացավ ետ պահել հայրենիքի ճակատագրական պահին նրա կողքին լինելու: Ոչ ոք: Հայրը` Վարդազարն արդեն չկար, Վարդան եղբայրն էլ էր հեռացել կյանքից, բայց ոչ կինը, ոչ երեխաները, ոչ տղան, ոչ անգամ թոռները, ովքեր նրա կյանքի բերկրանքն էին, չկարողացան նրան ետ պահել կամավորագրվելու հայրենիքի պաշտպանների շարքերին: Երբ Արցախից Հայաստան ընտանիքներ տեղափոխող որդին` Գրիգորը, հորը հայտնել էր, որ սա պատերազմ չէ, երկնքից կրակ է թափվում, սա մսաղաց է, մի գնա, իմանալով, որ գնում է մահվանն ընդառաջ, Արծրունը ետ չկանգնեց իր որոշումից: Երբ տանն ակնարկել են տարիքը, վճռականորեն պնդել է, որ եթե ոչինչ չանի, խրամատ կփորի, երիտասարդներին թիկունք կլինի, ոգի կտա, բայց պատերազմում էդ ամենից բացի, լավ էլ նշանառու է եղել, դիպուկ կրակող, ինչից երիտասարդները ոգեւորվել են ու կատակել, որ Արծրունիկը (Արծրուն Վարդազարյանի գրոց անունն է) լավ էլ մեծավարի կրակում է…
Հոկտեմբերի 4-ին Արծրուն Վարդազարյանը կամավորագրվել է «Արաբո» ջոկատում` սիսիանցի իր հայրենակիցներ Հակոբ Հակոբյանի եւ Մարսել Միրզոյանի հրամանատարության ներքո: Հոկտեմբերի 8-ին վաղ առավոտյան հրամանատար Հակոբ Հակոբյանի զանգից անմիջապես միացել է ջակատին եւ մեկնել Ստեփանակերտ: Կինը` Դոնարան, պատմում է, որ շտապելուց հեռախոսը մոռացել էր տանը, ետ է եկել, վերցրել, բայց նորից մոռացել շտաբում, ու պատերազմի ընթացքում տնեցիների հետ խոսել կամ գրել է ուրիշների հեռախոսներից: Ամեն անգամ ոգի է տվել երիտասարդներին, հոգացել նրանց մասին, իր պաշտպանական միջոցները տվել է նրանց, ասել` ես իմ կյանքը ապրել եմ, ինձ արկ չի կպնի, թող ջահելներին բան չպատահի: Անկեղծ էր, շփվող, հումորով, ինչի համար էլ բոլորը սիրում էին նրան: Մեջների տարիքովն էր, ջահելները մականուն դրեցին` «Պապի», ու Արծրուն Վարդազարյանին դուր եկավ իրեն կպցրած մականունը, եւ անկեղծորեն ու հարազատի սրտացավությամբ պապություն արեց 18-19 տարեկան զինվորներին, սիրեց իր զավակների, իր թոռների պես: Կամավորներից մեկը` Հարությունը, որ վիրավորվել եւ տուն էր եկել, պատմել է, որ Պապին իր կատակներով տղաների ոգին բարձր է պահել: Երբ բացած պահածոներից մեկի մեջ փլավ է եղել, Պապին ասել է` «բա ասում են կռվի ժամանակ փլավ չե՞ն բաժանում»: Հարությունը պատմել է նաեւ, որ դիրքը, որ իրենք էին պահում, անհարմար էր, բայց Արծրուն Վարդազարյանը, որ գյուղում մեծացած տղա էր, եւ աչքն ամեն ինչ «ուտում» էր, արագ կողմնորոշվել, պաշտպանական պատ է կառուցել, ու Մարտակերտի շրջանի թիվ 51 պաշտպանական դիրքն այսօր մերն է, իսկ այդ պատը դեռ մնում է:
«Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14-ին: Ասել է` հաղթելու ենք: Հոկտեմբերի 15-ին չենք խոսել: Հոկտեմբերի 16-ը մեր ամուսնության օրն է, 37 տարվա մեր համատեղ կյանքում չի եղել մի դեպք, որ ինքն այդ օրը մոռանար: Երբ ոչ զանգ ստացա, ոչ որեւէ հաղորդագրություն, զարմացա, հետո` անհանգստացա, կամաց-կամաց տագնապը պատեց սիրտս: Հոկտեմբերի 17-ին Վաղատինում` Արծրունի ծննդավայրում, արդեն գիտեին նրա զոհվելու լուրը: Զանգահարել են գյուղ, տեգորս կնոջը, բայց նա չի համարձակվել լուրը հայտնել մեզ: Հետո տղայիս ընկերոջ միջոցով է Արծրունի` իբրեւ թե վիրավոր լինելու մասին լուրը հասել, բայց հոկտեմբերի 18-ին արդեն իմացել ենք, որ ոչ թե վիրավոր է, այլ` զոհված… Հոկտեմբերի 19-ին տղաս հոր աճյունը Գորիսից տեղափոխեց Երեւան, եւ զինվորական կարգով ու պատվով հայրենիքի նահատակի աճյունը հուղարկավորվեց «Եռաբլուրում»:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արծրուն Վարդազարի Վարդազարյանը պարգեւատրվել է «Արիության» մեդալով:
Կինը դժվարանում է ասել` ամուսնու ճակատագիրը կարո՞ղ էր այլ ընթացք ունենալ: Արծրունը ծնվել է մի գյուղում` Վաղատինում, ուր «բարեկամություն էին անում» թուրքի հետ, սակայն ապրում «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր» ժողովրդական իմաստությամբ: Դոնարան վկայում է, որ Արծրունը կարդացել էր հայոց բոլոր պատմավեպերը, հողամասի գործը կթողներ, իր գիրքը կկարդար, կներշնչվեր իր կարդացած պատմական կերպարներով, եւ երբ եկավ նրանց օրինակով դրսեւորելու իր հայրենասիրությունը, Արծրունը կանգ չառավ ոչնչի առաջ` կյանքը տալով հայրենիքին…
Կինն ասում է, որ հեշտ չեն ապրել, երեք երեխա են մեծացրել, ուսման տվել, դժվարին տարիներ էին, Արծրունն աշատել է Սիսիանի մեխբազայում, Շաղատի թունելում, Վաղատինի կոլտնտեսությունում, էլեկտրացանցում, Մեղրիի, Քաջարանի կոմբինատներում, Ռուսաստանում, լավ վարորդ էր, հմուտ մեխանիզատոր, բայց չէին կարողանում հոգալ ընտանիքի հոգսերը եւ 2009-ին գնացել են Թուրքիա, 10 տարի ապրել եւ աշխատել այնտեղ: «Մեզ հետ հայկական գրքեր էինք տարել, ամեն կիրակի գնում էինք հայկական մի եկեղեցի, ոչ մի դժվարություն չի կոտրել մեզ, Արծրունի լավատեսությունը չի փոխվել, հումորը չի կորցրել»,- ասում է Դոնարան:
10 տարի Թուրքիայում ապրել-աշխատելուց հետո, 2019-ին Արծրուն Վարդազարյանը տեղափոխվել է Մոսկվա, 2020-ի մայիսին վերադարձել Երեւան: Նույն ժամանակ Թուրքիայից Երեւան է տեղափոխվել նաեւ ընտանիքը: Արծրունն արդեն աշխատանք էր գտել, աշխատում էր, բայց սկսվեց պատերազմը…
37 տարի միասին ապրելուց հետո հիմա մի տեսակ անսովոր է Դոնարայի համար… Հիմա էլ են «ապրում» միասին, բայց արդեն` մտովի: Դոնարան շարունակում է իր ամենօրյա խոսք ու զրույցը, երբեմն` վեճն ու կռիվը, քննարկումը, հետո մտքում նեղանում, թե ինչու իրեն մենակ թողեց. «Հեշտ չէ 37 տարի միասին ապրելուց հետո հիմա ապրել առանց նրա: Դժվար է թոռներիս համար, գնում-կանգնում են պապիկի նկարի առաջ, նայում, հարցնում` ո՞ւր է պապիկը: Հիմա ես ե՛ւ պապիկի տեղն եմ նրանց համար, ե՛ւ տատիկի: Արծրունի կողքին Եռաբլուրում 19 տարեկան մի զինվոր է հանգչում: Հետո իմացել եմ, որ իրենց ջոկատից էր: Նայում եմ նրան եւ անասելի ցավ ապրում: Արծրունը կյանք էր տեսել, ժառանգներ թողել, բա էս մատաղ երիտասարդի ծնողն ի՞նչ անի: Ուզում եմ, որ թոռներս խաղաղ երկնքի տակ մեծանան, պատերազմ չլինի, որդեկորույս մայր չլինի, զոհվածի այրի չլինի, որբացած երեխա չլինի: Ուզում եմ, որ քո գրիչը հաղթանակների մասին գրի… Շատ բան չէ` դա եմ ուզում»,- ասում է Դոնարա Բաղդասարյանը ու հավելում, որ երբեմն-երբեմն կգա Վաղատինի իրենց տուն, որ հորաքրոջս տղայի տան հարեւանությամբ է, կբացի փակ դուռը, կհիշի այդ տանն ապրած լավ ու վատ տարիները, ապա հավաստիացնում, որ իր հարազատ Սիսիան գալիս անպայման ինձ էլ կհանդիպի: Բարի հանդիպում:
Արևհատ ԱՄԻՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.02.2022