8 հատորանոց գործով արագացված դատաքննություն է իրականացել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Գագիկ Պողոսյան), ամբաստանյալ Վ. Միքայելյանը մինչեւ դատաքննությունն սկսվելը միջնորդել էր կիրառել արագացված դատական քննության կարգ եւ հայտարարել էր, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր, որ համաձայն է մեղադրանքի հետ, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում եւ գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետեւանքները:
Դատախազն ու տուժողները չեն առարկել ու չնայած այս ամենին, նրա պաշտպանը՝ Անժելլա Հոբոսյանը այս տարվա սկզբին վերաքննիչ բողոք է բերել դատարան:
Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. 2018 թվականից սկսած կատարել է գաղտնի հափշտակություններ, գաղտնի հափշտակությունների փորձեր:
Վիգեն Միքայելյանը, ըստ իր իսկ կողմից ընդունած մեղադրանքի, 2018 թվականի օգոստոսի 15-ին բժշկական զննություններ անցնելու պատրվակով այցելել է Գյուրջյան 8 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկա եւ օգտվելով պոլիկլինիկայի տնօրենի՝ պահեստարան հանդիսացող, կողմնակի անձանց մուտքն արգելող աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ եւ սեղանի վրայից գաղտնի հափշտակել է տնօրենին պատկանող 150.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը եւ հեռացել: 2019 թվականի հունվարի 22-ի «դրվագով» «պացիենտը» հայտնվել էր Արմենակյան փողոցի 108/4 հասցեում գործող «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնում եւ օգտվելով այն հանգամանքից, որ բուժքույրերի համար նախատեսված սենյակի դուռը բաց է, մտել էր սենյակ եւ աթոռի վրա դրված՝ բուժքրոջը պատկանող պայուսակից գաղտնի հափշտակել 20.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որում այդ պահին եղել է 111.000 ՀՀ դրամ գումար, 10.000 ՀՀ դրամին համարժեք 1.364 ՌԴ ռուբլի եւ 48.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3 կախազարդեր: Նույն աթոռին եղած մեկ այլ բուժքրոջ պայուսակից գաղտնի հափշտակել է 15.000 ՀՀ դրամ արժողության դրամապանակը՝ 1.000 ՀՀ կանխիկ դրամի պարունակությամբ:
Կարդացեք նաև
Մեկ այլ դրվագով, ամբաստանյալը 2019 թվականի փետրվար ամսին՝ կեսօրին, գտնվելով Ավանի Խուդյակով փողոցի վրա գործող թիվ 12 պոլիկլինիկայում, տեսնելով 303-րդ աշխատասենյակի դուռը բաց է, մտել է ներս, այնտեղ գտնվող սեղանի դարակի միջից ցանկացել է գողություն կատարել, սակայն նկատվել է, չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել: Նմանատիպ «ձախողում» էլ տեղի էր ունեցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում», երբ դարձյալ նկատել էին հանգստի սենյակում, եւ դիմել էր փախուստի:
Երեկ նշանակվել էր բողոքի քննությունը: Խնդիրն այն է, որ ԲԴԽ-ում էլ նշանակվել էր այս գործով նախագահող դատավորի կարգապահական վարույթի հարցը:
Պաշտպան Ա. Հոբոսյանը միջնորդել է մասնակի բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, համաձայն որի՝ իր պաշտպանյալը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն համաներվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն: Պաշտպանը խնդրում է նշանակել ավելի մեղմ պատիժ՝ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով որոշակի ժամկետով փորձաշրջան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.02.2022