Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առանց փողի փորձեցի վերադառնալ՝ ներկաներն ու նախկինները «թռան» դեմքիս

Փետրվար 17,2022 12:30

 Հարցազրույց նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից, կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ

– Պարոն Գեւորգյան, վերջերս Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը ասուլիսում խոսեց գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման եւ նոր ծրագրերի մասին, ինչ կարծիքի եք ներկայացվածի մասին:

– Մենք էլ պետք է ձեւ անե՞նք, «այո, լսեցի մեծագույն հետաքրքրությամբ» ասե՞մ։ Հա, լսեցի՝ քանի որ խոսք էի տվել, մի քանի փորձից հետո հազիվ ստացվեց։ Մոտս զգացողություն էր, կարծես Ախուրյանի շրջանի լուսաշխատողի տանն եմ, 1975 թ. է ու մեզ ծեծելով բերել են դասախոսության, թեման էլ՝ «Մեր հրաշք գիտությունն ու ՍՄԿԿ-ն»։ Ավելի կոպիտ չեմ ուզում արտահայտվել, քանի որ անձամբ ճանաչում եմ այդ երիտասարդին եւ ժամանակին խոսք էի տվել առանձնապես իրենց ժարգոնով ասած «չքլնգել», մինչեւ սկսեն արդյունք ցույց տալ։

– Շարունակո՞ւմ եք ձեր խոսքի տերը լինել, արդյունք տեսնո՞ւմ եք։

– Արդեն ամեն ինչն է իմաստազրկվել։ Նայում եմ, թե ովքեր են առողջապահության, էկոնոմիկայի կամ էկոլոգիայի նախարարները ու հասկանում, որ սա մեծագույն պատիժ է՝ չգիտեմ որ մեղքերի համար։ Մի բան է ակնհայտ, Գիտության կոմիտեի կազմն էլ այդ ամբողջական պատկերի համաչափ մի մասն է։ Եթե ԱԺ գիտության հանձնաժողովի նախագահը պետք է ուղիղ եթերում վազվզի իր կոլեգայի ետեւից եւ հայհոյելով սպառնա, որ մատը ինչ որ տեղ կմտցնի՝ ասել է ղարաբաղցին` «լոխ լյավ ա, լի», խելոք խոսում էր ինչ-որ անկապ բաների մասին։ Փողը գրեթե 2 անգամ շատացրել են՝ ասելու բան չունի, ինչ-որ անկապ նոր 4 ծրագրեր, որոնք իր բառերով ասած՝ դեռ մշակված էլ չեն։

– Բայց ինչո՞ւ «անկապ», օրինակ, արտասահմանից հայրենիք վերադառնալու նոր ծրագիր են փորձարկում։ Դուք չե՞ք ուզում դիմել։

– Ես նույնիսկ առանց փողի փորձեցի վերադառնալ՝ ներկաներն ու նախկինները «թռան» դեմքիս։ Չնայած «նախկին ու ներկա» գոնե գիտության ղեկավարության մեջ չեմ տեսնում՝ բոլորն էլ նախկին են իմաստով։ Գիտության կոմիտեի նախկին ղեկավարները իբր հեռացել են, բայց նույնիսկ «վիզուալ» պարամետրերով իրենց նմանակներին են նշանակել։ Պարզապես Զոլաքարին փոխարինել է Վահրամաբերդը։ Իմ դիմել կամ չդիմելու հարցը չէ, ինձ մերժելու համար բազում պատճառներ կգտնվեն։ Նախկին Գիտության կոմիտեի գորշ ղեկավարը կազմակերպել էր, իբր ես ուզում եմ իրեն եւ իր ընկերներին սպանել։ Թայվանում իմ դեմ դատական գործ հարուցեցին։ Մի ապուշ բան էլ սրանք կհնարեն։ Պրոբլեմը ավելի խորքային է։ Կյանքում ոչ թե նորմալ ինստիտուտ, այլ նույնիսկ նորմալ գիտնական չտեսած գավառամիտ կարիերիստները, ովքեր պատկերացում չունեն իրական գիտության մասին, պարզապես աննպատակ ծախսելու են փողերը։ Արդյունքում ունենալու ենք նույն գորշ պատկերը, փող տվողն էլ ասելու է՝ սա չէ՞ր ձեր գիտությունը։ Ընդամենը սոցիալական հարց է լուծվում այդ ավելացված ֆինանսավորումով, ես դրա ի՞նչը քննարկեմ, ավելի հարմար մարդ գտեք։

– Նորից կրկնեմ հարցս` վա՞տ է, որ ուզում են վերադարձնել հայազգի գիտնականներին։

– Առանց ծրագրի, թե ինչ են ուզում ունենալ 5, 10 եւ 20 տարի հետո՝ ինչ որ բաներ են անում։ Մանկամիտ տրամաբանությամբ, բա թե «ավելի լավ է լավ լինի, քան վատ», կամ «ավելի լավ է սովորել, քան չսովորել»։ Ամենավերին էշելոններում տխմար զառանցանքը «ակադեմիական քաղաքի» եւ «համալսարանական կամպուսի» դեգեներատիվ խառնածին մոնստր ստեղծելու մասին բերելու էր նման դատարկաբանության։ Պարզ օրինակ, խոսում են ինչ-որ ծրագրերի մասին, որոնցից 2-ով երկրից գնալու են, 2-ով էլ ուրիշ մարդիկ վերադառնալու։ Եթե հանձնարարես, որ կազմեն այն գիտնականների ցուցակը, ում վերադառնալը հայրենիք իմաստ ունի գիտության զարգացման համար՝ դժվար թե մի էջից ավելի ծավալ զբաղեցնի։ Խոսքը գնում է մարդկանց մասին, ովքեր արտերկրում ինչ-որ բան են ստեղծել, կազմակերպել լաբորատորիայի մակարդակի կամ ավելի։ Մի հատ դիպլոմնիկ պահող տեսաբանի, կամ ուրիշի մոտ 70 տարեկանում պոստդոկ աշխատող եւ ինչ-որ սարքեր միացնող թոշակառուների մասին մոռացեք, նրանց վերադառնալը իմաստ չունի։ Պետք էր խնդիր դնել եւ այդ փողերը օգտագործել, որ Հայաստանից չհեռանան։ Նախ դրանց թիվն է անհամեմատ շատ վերադարձողներից, եւ ավելի էժան, եթե կուզեք։ 1000 դոլար աշխատավարձը լիուլի բավարար է, որ մասսայական չհեռանան եւ անիմաստ՝ լուրջ գիտնական վերադարձնելու համար։ Կրկնեմ, գիտնականներ, ում իմաստ ունի ամեն գնով վերադարձնել՝ 10 հոգի չի հավաքվի։ Նրանց հետ պետք է աշխատել անհատական, այլ ոչ թե «օրենսդրական» դատարկաբանությամբ։

– Բայց չէ՞ որ արտասահման ուղարկվող ասպիրանտները եւ թեկնածուները նախատեսված 36 ամսում կմասնագիտանան եւ կվերադառնան հայրենիք։ Նրանք կարող են մեծ օգուտ բերել երկրին, գիտությանը։

– Տեսնելով սրանց «լավը վատից ջոկելու» ունակությունը եւ միջին հայ գեղջուկի ազնվությունը՝ կարելի է ենթադրել, թե ում են «ջոկելու», հատկապես, որ իրենց խոստովանությամբ չափորոշիչները չեն մշակվել։ Թող մասնագիտանան եւ վերադառնան՝ չուզողն էլ ես լինեմ։ Պարզ մի օրինակ, թե ինչպես են սրանք «ջոկում» լավերին։ Խոսքը այն լրացուցիչ մեծ թեմաների մասին է, որոնցից 49-ը իբր ընտրել են մրցույթով։ Գիտեք, որ ամեն տարի հայկական գիտությունը թվերով տպագրում եմ եւ ինձ խաբել դժվար է։ Տարեկան մոտ 1000 հոդվածից, որ տպագրում են հայաստանյան գիտնականները, ընդամենը 100-120 է գոնե միջին եւ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։ Եթե դրանցից հանենք կոլաբորացիոն աշխատանքները, այսինքն՝ նրանք, որոնք արվել են արտերկրում՝ տակը հազիվ 50 հոդված մնա։ Արդեն այս պարզագույն թվաբանությունից պարզ է, որ գոյություն ունեցող թեմատիկ ծրագրերին բազային ֆինանսավորմանը, նպատակային եւ այլ անհեթեթություններին ավելացնել եւս 49 «մեծ թեմա»՝ առնվազն ստախոսություն է։ Իսկ եթե մի հայացք ես գցում այդ մրցույթի հաղթողների ցուցակի վրա, պարզ է դառնում կեսից ավելի մասի անհեթեթությունը։ Ակնհայտ լկտի սուտ է, օրինակ, «Քենդլ» էպոխալ ստախոսությանը տրված կամ անիմաստ «կիրառական դուքյանին» տրված նույնիսկ 2 ծրագրերը։ Էս ազնվության ու խելքի մարդկանցից ես սպասելիքներ չունեմ։ Կարեւորը, որ իրար չծեծեն, մատները «ամեն տեղ» չմտցնեն՝ ամեն ինչ կարգին կլինի։ Մի քանի կոպեկով գոհացող «գիտական բիոզանգված»-ն էլ շնորհակալ կլինի։

– Բայց չէ՞ որ ատեստավորում են անցկացրել, մարդկանց աշխատավարձը բարձրացրել՝ իսկ դուք…

– Այ հենց այստեղ կանգ առեք, արդեն հոգնել եմ։ Առնվազն 5 տարբեր կազմակերպությունից տեղեկություն ունեմ, թե ինչպես են անցել այդ ատեստացիոն գործընթացները։ «Հիմա սենց անենք, բայց հետո գիտե՞ք ինչ խիստ ա լինելու» – ահա հիմնական տեսլականը։ Այդ ատեստացիա կոչեցյալի հիմնական նպատակներից մեկը բալաստից ազատվելն էր։ Այսօր առնվազն 1000 մարդ պետք է բողոքեր, որ իրենց հեռացրել են։ Գիտության թվերի ստատիստիկան ասում է, որ առնվազն այդքան անիմաստ մարդ կա գիտության մեջ։ Քանի՞ հոգի եք տեսել կամ լսել, որ բողոքավոր լինեն։ Ես չեմ տեսել։ Իսկ որ նույնիսկ գիտությունների ակադեմիայից որեւէ մեկը չասեց մեծավարի՝ «այ տղա ջան, մատդ ամեն տեղ մի կոխի», արդեն նշանակում է, որ լավ էլ իրար գտել են։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28