Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միջանցքը գործելու է… Հայաստանը պատմական հնարավորություն ունի»

Փետրվար 17,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Իսկ Վրաստանի տնտեսական հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ՝ մոտ է զրոյին, կարծում է Առնոլդ Ստեփանյանը

Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է, փետրվարի սկզբին ընդունելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին` հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկու երկրների հարաբերությունների աննախադեպ դրական ու նոր փուլի մասին տարեվերջին կայացած հանդիպմանը բարձրաձայնեցին ե՛ւ Ղարիբաշվիլին, ե՛ւ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին պարբերաբար գոհունակություն են հայտնում հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների միջեւ առկա համագործակցությունից: Դեկտեմբերի վերջին Փաշինյանը Թբիլիսիում մասնակցեց հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա, կողմերը շեշտել էին, որ ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս եւ արդյունավետ իրացնելու ուղղությամբ։ Երկու երկրների հարաբերությունների աննախադեպ դրական ու նոր փուլի մասին բարձրաձայնել էին ե՛ւ Ղարիբաշվիլին, ե՛ւ Փաշինյանը՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում:

«Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք եւ փորձելու ենք մինչեւ 2026 թվականը մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Սա չափազանց կարեւոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր: Ճիշտ է, այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առեւտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, բայց մենք դեռ շատ հեռու ենք 1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ», – նշել էր Փաշինյանը: Իսկ Վրաստանի վարչապետն իր հերթին ընդգծել էր` երկու կառավարությունների, երկրների միջեւ ոչ մի չհասկացված հարց չկա, կան իդեալական հարաբերություններ: Ղարիբաշվիլիի մյուս շեշտադրումը վերաբերել էր տարածաշրջանային գործընթացներին, նա նշել էր` հետաքրքրված են «տարածաշրջանային խաղաղությամբ ու կայունությամբ»: «Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում ստանձնելու կարեւորագույն դերակատարություն, եւ այդ նպատակով ես խաղաղ հարեւանության նախաձեռնությունն եմ հնչեցրել: Հաստատում եմ, որ մենք մշտապես պատրաստ ենք տարածաշրջանի մասշտաբով խաղաղության եւ կայունության զարգացման գործում մեր ներդրումը բերելու»,- ասել էր նա:

Հայաստան-Վրաստան ներկայիս հարաբերություններում նոր որակ, նոր դինամիկա կա՞, դրանք աննախադեպ դրակա՞ն են, հարցրեցինք «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանին: «Անձնական մակարդակում ջերմ հարաբերություններն, իհարկե, տեսանելի են, ինտենսիվ, բարեկամական են, շփումներն ակնհայտ են, նույնիսկ նկատելի է մեծ պատրաստակամություն, երբ կողմերը փորձում են օգնել միմյանց այն ձեւաչափերում, որտեղ կողմերից մեկը չկա: Օրինակ, Հայաստանի իշխանությունը ինտենսիվ օգտվում է Վրաստանից՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում, իսկ Վրաստանն էլ ինչ-որ ճանապարհներով Հայաստանի միջոցով խոսում է Ռուսաստանի հետ: Այսինքն, կան որոշ ուղղություններ, որոնցից կողմերն օգտվում են՝ հաշվի առնելով Վրաստանի տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ, եւ Հայաստանի տնտեսական կապերը՝ Ռուսաստանի հետ:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը

Բայց չէի ասի, որ Հայաստան-Վրաստան համագործակցության ողջ ներուժն օգտագործվում է, նույնիսկ չէի ասի, թե այդ ներուժն ինտենսիվ է կիրառվում: Կա հարցերի շրջանակ, որտեղ համագործակցության զարգացման հնարավորություն կա, կան իհարկե՝ ուղղություններ, որտեղ աշխարհաքաղաքական կուրսի համընկնում չկա, եւ հնարավոր չէ առաջ ընթանալ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հիշեցրինք, որ անցյալ տարի սեպտեմբերին Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում էր, եւ վրաց իշխանությունների հետ հանդիպումներից օրեր անց Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել՝ նշելով, որ առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով։ Այդ հանդիպումը դեռեւս չի կայացել, բայց հայ-թուրքական երկխոսությունը մեկնարկել է։ Ինքը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերին հայտարարեց, թե Բաքու է մեկնում հարեւաններին՝ Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցնելու նպատակով։ Այսինքն, պաշտոնական Երեւանը, կարելի է ասել, օգտվում է Թբիլիսիի միջնորդական հնարավորություններից:

Այս առիթով Առնոլդ Ստեփանյանն «Առավոտին» ասաց. «Այն ուղղություններում, որտեղ հնարավոր է սերտ համագործակցություն, ես չեմ տեսնում ինտենսիվ փոխհարաբերություններ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Բայց դեռ ամեն ինչ առջեւում է, կարելի է առաջ ընթանալ: Այո՛, հնչում են պաշտոնական հայտարարություններ, կան ջերմ-բարեկամական հարաբերություններ Հայաստանի եւ Վրաստանի առաջնորդների միջեւ, դրանք առավել ջերմ են, քան երբեւէ վերջին երեսուն տարիներին, կա միջնորդական համագործակցություն, բայց, եթե, օրինակ՝ համեմատենք Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակը, ապա ցավոք, պետք է արձանագրենք, որ Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունների մակարդակը բավական հեռու է նման որակից: Եվ այստեղ չարժե անմիջապես նավթի գործոնը առաջ քաշել… Վրաստանի տնտեսական հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ՝ մոտ է զրոյին:

Գործնականում վրացի զբոսաշրջիկներ, վրացի գործարարներ Հայաստանում չկան: Հայաստանի կողմից նախաձեռնողական քաղաքականություն չեմ նկատում, որի արդյունքում Վրաստանի ձեռներեցների հետաքրքրությունը կշարժեին: Հայկական մեծ բիզնես չկա այստեղ՝ Վրաստանում, բացառությամբ մի քանի սրճարանների գուցե: Թեեւ թվում էր, թե հայկական ներդրումները Վրաստանում, եւ հակառակը, Հայաստանում վրացական ընկերություններին շահագրգռելը դա այն բարձիկն է, որոնք երկու պետությունները պետք է ստեղծեին: Այսինքն, որպեսզի քաղաքական փոխշահավետ կայուն հարաբերություններ հաստատվեն, պետք է նախեւառաջ տնտեսական հետաքրքրություն լինի երկու երկրների միջեւ: Սա ես չեմ տեսնում: Որքան էլ քաղաքական ղեկավարներն ունենան ջերմ հարաբերություններ, որքան էլ նրանց կամքից շատ բան է կախված, այնուամենայնիվ, իշխանությունները փոխվում են, իսկ կայուն բարձիկը, այսպես ասենք՝ երաշխիքը, չկա, որոնց վրա պետք է հիմնված լինեն Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները»:

Գալով տարածաշրջանային գործընթացներին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ հիմնական խաղացողներին հարկավոր է «կայուն միջանցք՝ Հայաստանով, Ադրբեջանով դեպի Կասպից ծով: Ամեն ինչ կախված է լինելու Ռուսաստանից եւ Թուրքիայից, թե ինչպես նրանք կպայմանավորվեն: Եթե այս ամենի գիտակցումը լիներ ավելի վաղ, գուցե հնարավոր լիներ խուսափել պատերազմից, այդ միջանցքը կարող էր ցանկացած այլ պարագայում բացվել: Խոշոր հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն որոշում, նրանցից չէ կախված, այստեղ կարեւոր են ռուս-թուրքական հարաբերությունները, բայցեւ այդ գործընթացը համընկնում է նաեւ Արեւմուտքի շահերի ու հետաքրքրությունների հետ՝ մուտք ունենալ Միջին Ասիա: Այստեղ թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի շահերը համընկնում են: Բոլոր դեպքերում այդ միջանցքը գործելու է, եւ ես նկատի չունեմ, որ կողմերից մեկը մյուսին պետք է հանձնի այս կամ այն տարածքը, մեծ խաղացողների համար դա այդքան սուր ու կարեւոր հարց չէ, որքան՝ Հայաստանի ու Ադրբեջանի:

Երբ ասում ենք միջանցք, նկատի ունենք՝ ճանապարհ, որը բնականաբար կլինի Հայաստանի տարածքում՝ ՀՀ իրավասության եւ ՌԴ-ի վերահսկողության ներքո: Դա ժամանակի հարց է: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ հանգուցալուծում կստանա ուկրաինական խնդիրը»:

Ամփոփելով՝ Առնոլդ Ստեփանյանը շեշտեց, որ Հայաստանի համար այսօր գոյություն ունի պատմական հնարավորություն. «Հայաստանն այս խոշոր խաղում կարող է ձեռք բերել իր գործառույթը: Ինչպես կարող է Հայաստանն օգտվել այդ հնարավորությունից, դուրս գալ փակուղո՞ւց, թե՞ մնալ փակուղում՝ հասարակության արտագաղթով, որպես աղքատ պետություն… Թե՞ ապագայում օգտվել լայն հնարավորություններից ու ռեսուրսներից, եւ ունենալ սեփական վճռորոշ ձայնը: Հասկանալի է, որ պատերազմից հետո հիմա բարդ փուլ է Հայաստանի համար, սակայն անկախ Հայաստանն իր որոշիչ ձայնը պետք է ունենա եւ դա կախված կլինի նրանից, թե որքանով Հայաստանը իր մեջ ուժ կգտնի ոտքի կանգնելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է օգտվել ընձեռած հնարավորություններից ու ռեսուրսներից»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28