Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, կամփոփի իր պաշտոնավարման 100-րդ օրը ու հանդես կգա մամուլի ասուլիսով։
Ուշագրավն այն է, որ մարզպետն ասուլիս կտա ոչ թե Շիրակի մարզպետարանի շենքում՝ իր առանձնասենյակում, ինչպես սովորաբար ընդունված է անել, այլ Արթիկ խոշորացված համայնքի գյուղերից մեկում՝ Լեռնակերտում, որը գտնվում է Գյումրիից 28 կիլոմետր հարավ-արևելք:
Քիչ առաջ Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրվեց հրավեր-հայտարարությունը՝ ուղղված լրատվամիջոցներին։
«ԶԼՄ հարգելի գործընկերներ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի աշխատանքային 100 օրերի ամփոփիչ մամուլի ասուլիսը տեղի կունենա Լեռնարկերտ բնակավայրի մշակույթի տանը՝ փետրվարի 21-ին ժամը 13․00-ին։
Սիրով հրավիրում ենք բոլորին համատեղ քննարկելու անցած ժամանակահատվածում արված աշխատանքները, բարձրացված հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարանը կհոգա Ձեր տեղափոխման հարցը»,-գրված է հրավեր- հայտարարությունում։
Նկատենք՝ Լեռնակերտի մշակույթի տունը, որտեղ պիտի կայանա ասուլիսը, վերանորոգվել է բոլորովին վերջերս սուբվենցիոն ծրագրով՝ համայնք-պետություն համագործակցության արդյունքում։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանից տեղեկացանք, որ 2020 թվականին վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 10 միլիոն 822 հազար դրամ։ Գումարի 45 տոկոսը հատկացրել է պետությունը, 55 տոկոսը՝ համայնքը։
Իսկ 2021 թվականին ծախսվել է 9 միլիոն 942 հազար դրամ, գումարի կեսը հատկացրել է պետությունը, կեսը՝ համայնքը։ Մշակույթի տունն ունի գրադարան, ընթերցասրահ, հանդիսությունների սրահ, ջեռուցման համակարգ։
Լեռնակերտի մշակույթի տանը կազմակերպված ասուլիսը թերևս ոչ միայն լավ առիթ կլինի ցուցադրել պետության կատարած աշխատանքը՝ ֆինանսավորված ծրագրերից մեկի օրինակով, այլ նման քայլով մարզպետը, հավանաբար, ցույց կտա, որ Շիրակի մարզը միայն Գյումրին չէ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ