«Սա ամենահրատապ հարց է հայկական իմաստով»,- ՌԱԿ-ի համադրված մամուլի կազմակերպած «Հայ-Թրքական Յարաբերութիւնները Տարածաշրջանային Յորձանուտին Մէջ» խորագրով քննարկման ժամանակ ասաց քննարկումը վարող «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Խոսելով աշխարհաքաղաքական զարգացումներից, նա փաստեց, որ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների խնդիրը նոր չէ, 1978թ. Ժնեւում հայկական երեք ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարարի հետ, եւ ազգային կուսակցությունների ղեկավարներն ասել էին, որ ցեղասպանության հարցը չեն կարող հրաժարվել ոչ պահանջատիրությունից, ոչ էլ ցեղասպանության հարցը մոռանալ:
Անդրադարձ եղավ 1992-1993թթ, Ավետիքյանի ձեւակերպմամբ, բավական աշխույժ խորհրդապահական հանդիպումներին, նույնիսկ հարց առաջացավ Տրապիզոնում հայկական տերմինալ ունենալ նավահանգստում, սակայն թուրքերը կրկին առաջարկել էին Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու համաձայնագիր կնքել: Հակոբ Ավետիքյանը խոսեց նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք հարցի արծարծումից, մասնավորապես հայ-թուրքական արձանագրություններից: «Արցախյան երկրորդ պատերազմից հետո այս հարցը արծարծվում է այլ անվան տակ, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է խաղաղության դարաշրջան, ընդ որում կան Թուրքիայի կողմից առարկված նախապայմաններ, թեեւ ասվում է, որ չկան այդպիսի նախապայմաններ»,-ընդգծեց պարոն Ավետիքյանը:
Նա սփյուռքյան լսարանին ներկայացրեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին, որը նրա ձեւակերպմամբ, խորքային առումով ծանոթ է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Թուրքագետը ներկայացրեց այն ընկալումները, որ ունի ներկայիս իրավիճակի մասին՝ աշխարհաքաղաքական հարթության վրա: «Երկրորդ Արցախյան պատերազմը, որ ավարտվեց մեր ծանր պարտությամբ, խախտեց այն ստատուս քվոն, որ ձեւավորվել էր Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակ, ըստ էության փոխեց իրադրությունը տարածաշրջանում, եւ ստեղծեց նոր իրավիճակ, որի առանձնահատկությունն այն էր, որ Ռուսաստանը կորցրել էր իր դերը՝ որպես ուժի կենտրոն տարածաշրջանում: Պայքար է սկսվել նոր ստատուս քվոյի համար, եւ այժմ Թուրքիան կատաղի պայքար է մղում դրա համար: Սա զգացմունքային գնահատական չէ»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, պատերազմն, ըստ էության, հրահրվել եւ ղեկավարվել է Թուրքիայի կողմից՝ սեփական ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար, սակայն, ռուսները թույլ չեն տվել. «Մյուս կողմից, Ռուսաստանը որոշակի առումով գնաց զիջումների եւ թույլ տվեց Ակնայում ստեղծել ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն: Թուրքերը նույնիսկ պահանջում էին, որ մոնիտորինգի կենտրոնի սպաները օրինական ձեւով իրավունք ստանան մոնիտորինգ իրականացնել Արցախի տարածքի վրա եւ ոտք դնել Արցախի տարածք, ինչը չհաջողվեց: Եվ այժմ, պատերազմից հետո Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը՝ մեր տարածաշրջանում մեծ ազդեցություն ձեռք բերելու համար, ինչի արտահայտությունն է Շուշիի հռչակագիրը: Այդ փաստաթուղթը նա[անշում է Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը տարիների կտրվածքով»:
Կարդացեք նաև
Թուրքագետը մի քանի կետ առանձնացրեց. «Կետերից մեկով փաստաթուղթը հիմք է դնում Թուրքիայի եւ Ադրբեջանի խորը ինտեգրմանը, որպես մոդել այդ ինտեգրման համար ընտրված է Ռուսաստան-Բելառուս միությունը: Մյուսն այն է, որ պանթյուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհ է նախանշում այս փաստաթուղթը: Դա նախանշում է Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհի սկիզբը»:
Ռուբեն Սաֆրաստյանը մի ընդգծում էլ արեց, որ ինտեգրման մեջ կարեւոր դերակատարություն է ունենալու նաեւ ադրբեջանական սփյուռքը, ներառյալ Ռուսաստանի ադրբեջանական համայնքը, որտեղ կան միլիարդատերեր, ինչը նշանակում է, որ ռուսաստանաբնակ այդ միլիարդատերը պետք է ծառայեն ոչ միայն Ադրբեջանի շահերի համար, այլեւ Թուրքայի, եւ վերջինս այդպիսով հնարավորություն է ստանում ուղղակիորեն ազդել Կրեմլի վրա. «Դա առաջիկայում տեսանելի կլինի, սա հեռուն գնացող ռազմավարական գործողությունների ծրագիր է»:
Նրա խոսքով, Թուրքիան օգտվելով պատերազմի արդյունքներից հնարավորինս մեծ ճնշում է ուզում գործադրել Հայաստանի վրա եւ ստիպել, որ Հայաստանը գնա զիջումների՝ իրենց համար կարեւոր հարցերում, եւ բանակցությունների այս գործընթացը մաս է կազմում նրանց ծրագրերի: Պարոն Սաֆրաստյանը կարծում է, որ եթե հանկարծ Հայաստանի հետ ստորագրվի որեւէ փաստաթուղթ, կսկսվի թուրքական էքսպանսիան, մինչդեռ Հայաստանը վերջին խոչընդոտն է մեր տարածաշրջանում՝ այդ էքսպանսիան թույլ չտալու առումով:
Ինչ վերաբերվում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններին, ըստ թուրքագետի, դրանք ունեն առանձնահատոկություններ. «Սա չորրորդ փորձն է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու: Թուրքիան 1991 թվականից սկսել է Հայաստանի վրա ճնշումներ գործադրել եւ պահանջել, որ Հայաստանը հրաժարվի ցեղասպանությունից, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելուց եւ վերահաստատի Կարսի՝ մեզ պարտադրված պայմանագիրը: Հայաստանը այս 30 տարիների ընթացքում այդ նախապայմանները չի ընդունել, ու այժմ Թուրքիան հանդես է գալիս որպես ավելի ագրեսիվ, ավելի պանթյուրքիստական պետություն…Նա ուզում է Հայաստանին իր կամքը պարտադրել եւ ընդունել տալ իր պահանջները, տնտեսական առումով էլ ենթարկել իր էքսպանսիային, որը կա եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, եւ Վրաստանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ