Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում տեղեկություններ տրամադրեց մարզի առողջապահական ոլորտում տեղ գտած չարաշահումների ու քրեական գործերի ընթացքի մասին։
Ինչպես հայտնի է, հոգեմետ դեղեր ապօրինի իրացնելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության երկու աշխատակիցների՝ նկատմամբ, նրանք կալանավորվել էին։
Դատախազին հարցրեցինք՝ ի՞նչ փուլում է այդ գործը։ Նաև
հետաքրքվեցինք՝ 2021 թվականին արձանագրվե՞լ են դեպքեր, երբ կեղծ բժշկական տեղեկանքներ տրամադրելու համար բուժաշխատողներ են պատժվել։
-«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրանքներ է առաջադրվել 12 անձի: Նրանցից 2-ը հիշյալ ընկերության աշխատակիցներ են: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել կաշառք ստանալու, հոգեմետ նյութեր ապօրինի իրացնելու, հոգեմետ նյութեր պահելու, բաց թողնելու կանոնները խախտելու համար:
Կարդացեք նաև
10-ը քաղաքացիներ են, որոնց մեղադրանքներ են առաջադրվել կաշառք տալու համար:
Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Ձեռնարկվում են միջոցառումներ կաշառք տված բոլոր անձանց ինքնությունները պարզելու, այլ աշխատակիցների կողմից հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը հնարավոր մասնակցություն ունենալու վարկածները ստուգելու ուղղությամբ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Առողջապահական ոլորտում կատարված չարաշահումների փաստով, բացի «Գյումրիի Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում և «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում կեղծ պատվաստումների առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործերից, քննվում է ևս մեկ քրեական գործ՝ կապված «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերության մի շարք բուժաշխատողների կողմից 2020թ. պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական հիվանդանոցում գրանցելու և պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի հետ:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա քրեական գործերով նախաքննությունը դեռևս շարունակվում է, ուստի կեղծ բժշկական տեղեկանքներ տրամադրելու համար բուժաշխատողների պատժման մասին խոսելը վաղաժամ է: Կարող եք չկասկածել, որ բոլորի արարքներին տրվելու են համարժեք իրավական գնահատականներ և ում մեղքը հաստատվի, պարտադիր ենթարկվելու է քրեական պատասխանատվության:
Այսօր արդիական է նաև քովիդի դեմ կեղծ պատվաստումներ կատարելու թեման. Խնդրում ենք մանրամասնել պատվաստումների մասին կեղծ հավաստագիր տրամադրելու դեպքերը, ի՞նչ ընթացքում է հենց այս փաստի համար Գյումրու Վ. Աբաջյանի անվան թիվ 3 պոլիկլինիկայի մի խումբ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրգործը։
-Շիրակի մարզում քննվում է նման երկու քրեական գործ: Մեկը կապված է «Գյումրիի Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում, մյուսը՝ «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում կեղծ պատվաստումների առերևույթ դեպքերին:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲԸ-ում կոռուպցիոն բնույթի դրսևորումները կապված են եղել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացի հետ և դրսևորվել են ընդհանուր շուրջ 105 ՀՀ քաղաքացիների սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով չպատվաստելու, այդ պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու և շրջանառության մեջ դնելու հետ:
Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում կոռուպցիոն բնույթի դրսևորումների առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեն արդեն 10 անձինք, որոնց թվում է նաև «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲԸ-ի նախկին տնօրենը:
Այս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ գումարի դիմաց չպատվաստված բոլոր անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչներին տրվել է գրավոր ցուցումներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ