ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկարաձգվել է վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի գործուղումը Սյունիք մարզ։
Ըստ մարզում տարածված լուրերի, աշխատանքային խումբը պիտի դադարեցներ գործունեությունը, ուստի խմբի ղեկավարի գործուղման որոշմամբ թերեւս կդադարեն տարածված տեղեկությունները։
Ի դեպ, վարչապետի վերջին՝ հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ «Հանուն Ազատության» հասարակական կազմակերպության նախագահը Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել՝ փորձելով պարզել վերջինիս գնահատականը աշխատանքային խմբի նկատմամբ։ Սյունեցիները նշել էին, որ բավարարված են խմբի աշխատանքներով ։ «Ես էլ եմ գոհ, այո, կշարունակի, այնքան մինչեւ որ ես անհրաժեշտությունը տեսնեմ»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ աշխատանքայի ն խումբը ստեղծվել էր 2021թ.-ի հունվարին ու արդեն մեկ տարի է, ինչ խումբը տարբեր ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես, Շիկահողում կարի արտադրամաս է բացվել, 2021 թ.-ի նոյեմբերի 15-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհին՝ տեղադրված ադրբեջանական հենակետի պատճառով՝ թվով 6 գյուղի բնակիչներին վառելիք է բաշխվել, մինչեւ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհի կառուցումը, այդ բնակավայրերի բնակիչները երթեւեկում են անվճար հատկացված տրանսպորտով, գյուղացիներին մոտոբլոկներ են տրամադրվել եւ բազմաթիվ գյուղերում ջրատարների կառուցման եւ շատ այլ ծրագրեր են իրականացվել։
Ի դեպ, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրականացվող ծրագրերը կապ չունեն որեւէ ընտրական պրոցեսի հետ ու իրականացված ծրագրերին չի կարելի քաղաքական երանգ տալ։
«Սյունիքի հարցերով աշխատանքային խմբին գումարը հատկացվում է Սյունիքի հրատապ խնդիրները լուծելու համար։ Մնացածը մեր աշխատանքային խմբից դուրս խոսակցություններ են, եւ ոչ մի աղերս չունեն իրականության հետ»,-Aravot.am-ին անցած տարվա հոկտեմբերին ասել էր Ռոբերտ Ղուկասյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ