Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյան. «Թուրքիան պաշտոնապես մտել է տարածաշրջան եւ նույնիսկ հռչակագիր է կնքում Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Հայաստանի եւ Արցախի»

Փետրվար 16,2022 18:44

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը «Հայելի» ակումբում խոսելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված «Շուշիի հռչակագրի» մասին ասաց. «44-օրյա պատերազմից հետո այդ հռչակագիրը Էրդողանը եւ Ալիեւը 2021 թվականին ստորագրեցին օկուպացված հայկական Շուշիում եւ փաստացի ամրագրեցին պատերազմի արդյունքները: Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց Էրդողանին ու Ալիեւին՝ իրականացնել մի քաղաքականությունը, որը նրանց 100-ամյա երազանքն էր: Այդ երազանքը Ադրբեջանի, Նախիջեւանի, Թուրքիայի ցամաքային կապն է եւ թուրքական աշխարհի զարգացումը: Շուշիի հռչակագրով ուղղակի սպառնալիքներ են ներկայացված Հայաստանի Հանրապետությանը: Ուզում եմ, որ մեզ հետեւողները իմանան, որ այդ հռչակագիրը ոչ միայն Արցախի մասով է, այլ հռչակագիր է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ: Հիմնավորեմ կետերով:

Համարվում է, որ Հայաստանը ագրեսիայի է դիմել ժամանակին Ադրբեջանի դեմ, 44-օրյա պատերազմի արդյունքում լուծվել է Ղարաբաղի խնդիրը եւ Ղարաբաղը դիտարկվում է որպես տարածքային ամբողջականության շրջանակներում Ադրբեջանի մաս: Սրանով «Շուշիի հռչակագիրը» հակասության մեջ է մտնում մեր այն մոտեցմանը, որ Ղարաբաղի խնդիրը չի լուծված, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում, որ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դեռ պետք է վերջնական լուծում գտնել: Այս հռչակագրով թուրքերն ու ադրբեջանցիները դեմ են գնում մեր այս մոտեցումներին:

Այդ հռչակագրով, ինչը փաստացի ռազմաքաղաքական դաշինք է, հայտարարվում է, որ որեւէ երրորդ երկրի դեմ որեւէ բան չի արվելու, ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ: Բայց մի քանի պարբերություն այն կողմ նշվում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը իրականացնելու են իրենց տնտեսաքաղաքական ծրագիրը Զանգեզուրի միջանցքի միջոցով: Ուղիղ գրված է «Զանգեզուրի միջանցք» որպես թուրքական աշխարհը կապող միջանցք: Սրանով փաստացի ոտնձգություն են հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ փաստացի, Հայաստանի գոյության դեմ, որովհետեւ Սյունիքը կորցնելը, փաստացի, Հայաստանի կորուստ է նշանակում:

Ադրբեջանն ու Թուրքիան ժխտում են Հայոց Ցեղասպանությունը, փաստացի հայտարարում, որ միասնական ջանքեր են գործադրելու՝ ամբողջ աշխարհով մեկ տորպեդահարելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Եվ առաջարկում են, որպեսզի այն իջեցվի պատմաբանների քննարկման հարթություն:

Իրենք ասում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ ռազմական ուժերով դիմակայելու են ցանկացած ռազմական ոտնձգության այդ երկու երկրների տարածքային ամբողջականությանը, կամ ռազմական որեւէ բախման ժամանակ այդ երկու պետությունները մեկտեղելու են իրենց ուժերը մեկ ազգ՝ երկու պետություն կոնցեպտի շրջանակներում:

Տեսեք. Զանգեզուրի միջանցքի մասով երեւացին իրենց պանթուրքիստական նկրտումները: Այս հայտարարությամբ 44-օրյա պատերազմից հետո մենք ոչ միայն մեր Արցախի Հանրապետության տարածքներն ենք կորցրել, այլեւ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի բուն տարածք Գեղարքունիքի, եւ Սյունիքի մարզերում:

Հիմա պատկերացնենք, որ մեր զինված ուժերը որոշում են գործողություն իրականացնել եւ մաքրել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից: Անմիջապես ուժի մեջ է մտնում «Շուշիի հռչակագիրը», եւ Թուրքիան փաստացի կարող է ներխուժել Հայաստանի տարածք: Հետեւաբար, այդ հռչակագիրը իր տողատակով ուղղված է Ռուսաստանի դեմ, Իրանի դեմ, ուղղված է նաեւ տարածաշրջանի գլոբալ անվտանգության դեմ: Պատկերացրեք. եթե Թուրքիան ուղղակիորեն ներգրավվում է Հայաստանի դեմ, ինչը իրենք պարտավորվել են «Շուշիի հռչակագրով», բնական է, մենք էլ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համաձայնություն ունենք, որով Ռուսաստանն էլ պետք է ներքաշվի:

Ես ուզում եմ ֆիքսենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ռուսականին համարժեք ռազմաքաղաքական դաշինք են կնքել: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բերել է նրան, որ Թուրքիան պաշտոնապես մտել է տարածաշրջան եւ նույնիսկ հռչակագիր է կնքում իր փոքր եղբայր Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Հայաստանի եւ Արցախի: Եվ եթե այդ իրավիճակում Ռուսաստանը ներգրավվի կոնֆլիկտի մեջ, ստացվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բախվում Ռուսաստանի հետ եւ ՆԱՏՕ-ն էլ պետք է հարձակվի: Այսինքն, այս հռչակագիրը գլոբալ միջազգային անվտանգության սպառնալիք է: Էլ չեմ ասում, որ առաջին հերթին սպառնալիք է մեր պետությանը, որովհետեւ այդ հռչակագիրը ընդդեմ Հայաստանի անկախության հռչակագիր է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28