ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի NԿ801-Ա հրամանով Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը տեսչական ստուգում է իրականացրել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։
Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից բացահայտվել է, որ սեփականության իրավունքով քաղաքացի Վ. Ա․-ին պատկանող 0.03041հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության՝ տրանսպորտի գործառնական նշանակության հողամասում, որն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությանը և մասամբ ընդհանուր օգտագործման (ճանապարհ) հողամասում առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, առանց սեփականության վկայականում որևէ նպատակային նշանակության շինության տեսքով գրանցման ինքնակամ կառուցվել և գործում է հասարակական նշանակության կառույց՝ գազալցակայան։
Մեկ այլ դեպքում Մոսեսգեղ (Մովսես գյուղ) համայնքի ղեկավարը 2012թ. հունիսի 18-ի որոշմամբ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը տարեկան 20 հազար ՀՀ դրամ վճարով 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել է քաղաքացի Ս․ Մ․-ին, որից հետո 2012թ․ հուլիսի 18-ին նշված հողամասը ենթավարձակալությամբ ամսական 40 հազար ՀՀ դրամ վճարով տրամադրել է «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերությանը։ Հողամասը մինչ օրս շարունակում է լինել գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս։
Համայնքի ղեկավարի կողմից հողային օրենսդրությունը շրջանցող որոշումներ են կայացվել նաև 2007, 2008, 2011, 2017 թվականներին։ Այսպես՝ hամայնքի ղեկավարի՝ 2017թ մայիսի 19-ի որոշմամբ բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխվել է բնակավայրի հասարակական կառուցապատման, գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։ Հետագայում համայնքի ղեկավարի՝ 2017թ․ օգոստոսի 14-ի որոշման մեջ նշվել է, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումներում, այն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Ա.Ա․-ին։
Կարդացեք նաև
Համայնքի ղեկավարն անտեսել է այն հանգամանքը, որ հողամասն ըստ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների մեջ։ Հետագայում նշված հողամասում կառուցված շինությունը (ավտոլվացման կետ) համայնքի ղեկավարի՝ 2021թ.հունվարի 21-ի որոշմամբ որպես ինքնակամ շինություն օրինականացվել է։
Հողամասի առուվաճառքի 11.03.2008թ. պայմանագրով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Գ.Մ․-ին։ Համայնքի ղեկավարն անտեսել է այն հանգամանքը, որ հողամասն, ըստ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների մեջ մտնող հողամաս է։ Հետագայում համայնքի ղեկավարի՝ 2020թ. հունիսի 25-ի որոշմամբ հողամասի գործառնական նշանակությունը փոխվել է բնակավայրի այլից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման, գույքը ստացել է իրավունքի պետական գրանցում։
Համայնքի ղեկավարի 16.10.2007թ. որոշմամբ բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է Վ. Գ-ին։ Կրկին համայնքի ղեկավարի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ հողամասն ըստ Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմնափակումներով հողամաս է։ Հետագայում մի քանի առուվաճառքի արդյունքում գույքի սեփականատեր է դարձել քաղաքացի Վ. Ա-ն։
Բերդ համայնքի ղեկավարի՝ 2007թ. փետրվարի 2-ի որոշմամբ բնակավայրերի նպատակային նշանակության՝ կառուցապատման համար հողամասը ուղղակի վաճառքով օտարվել է Ա․Ա․-ին։ Տրամադրվել է տեղեկանք առ այն, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների մեջ՝ անտեսելով այն հանգամանքը, որ հողամասը քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով հասարակական օգտագործման կանաչապատ գոտի է և ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներում։ Հետագայում համայնքի ղեկավարի 2011թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ ինքնակամ շինությունն օրինական է ճանաչվել։
Հողամասի առուվաճառքի 2011թ. նոյեմբերի 25-ի պայմանագրով մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարվել է Ա.Դ․ին։ Հետագայում համայնքի ղեկավարի՝ 2011թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ կատարվել է հասցեի փոփոխություն, մինչդեռ համայնքի ղեկավարն անտեսել է այն հանգամանքը, որ ըստ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի՝ հողամասը հասարակական օգտագործման կանաչապատ գոտի և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների մեջ մտնող հողամաս է։
Վերոնշյալ բոլոր խախտումներն էական վնաս են պատճառել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի շահերին։ Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերը թվարկված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմին