ԱՄՆ-ը փորձում է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար, այդ պատճառով էլ կողմերին զենք չի վաճառում: Այս մասին այսօր տեղի ունեցած կլոր սեղան քննարկմանը հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:
«Գլխավորն այն է, որ օգնենք Հայաստանին ու Ադրբեջանին հասնել խաղաղության: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մահաբեր զենք չմատակարարենք կողմերից ոչ մեկին: Մենք նաև պատասխանատվություն ենք կրում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Ընդգծեմ, որ Ռուսաստանը նույնպես Մինսկի խմբի անդամ է, բայց միանգամայն այլ կերպ է վերաբերվում իր պարտավորություններին և զենք է մատակարարում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Մենք չենք կարծում, որ դա ընդունելի ճանապարհ է խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասել է դեսպանը:
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին տրամադրում է միջոցներ և սարքավորումներ անվտանգային հարցերը լուծելու համար: Վերջին տարում այդպիսի մատակարարումների ծավալը կազմել է 100 մլն դոլար: Նրա խոսքով՝ դա ոչ թե սպառազինություն է, այլ սարքավորումներ և միջոցներ՝ սահմանների պաշտպանության, մաքսանենգության կանխման համար, հատկապես երկրի հարավային սահմաններում:
Դեսպանը նշել է, որ «այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց վերահսկողությունը հարավային սահմանների մեծ մասի նկատմամբ», ԱՄՆ-ը զգալի օգնություն է տրամադրել սարքավորումների մատակարարման տեսքով: Եվ հաշվի առնելով վերջին երկու տարում առգրավված թմրանյութերի քանակը, դեսպանի խոսքով, դրանք ծառայել են նպատակին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ