Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով և Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ 2021 թվականից մեկնարկել է «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագիրը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը։
Ծրագրի շրջանակում Բերդի համայնքապետարանը արդեն ձեռք է բերել 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր-բեռնիչ, 1 մինիամբարձիչ՝ իր լրացուցիչ կցորդներով, իսկ ավելի վաղ՝ 1 տեխօգնության ամենագնաց պիկապ՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, 150 հատ մետաղական աղբաման:
Սամվել Հովսեփյանը նշեց, որ նոր տեխնիկան ծառայելու է 16 գյուղական և 1 քաղաքային համայնքի՝ ամենամյա ճանապարհաշինարարական աշխատանքների և ջրագծերի վերանորոգման համար։
Կարդացեք նաև
«Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագրի շրջանակում համայնքը ձեռք կբերի նաև թվով 3 աղբատար մեքենա և անիվավոր տրակտոր՝ գութանով ու գրեյդերային շերեփով: Թվով 20 շենք-շինությունների վրա կտեղադրվեն 350 ԿՎ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 347, 590,000 դրամ։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի